Thursday, October 18, 2012

Գերմանիայի դեսպանատունը կեղծում է. մենք չենք ճնշում, որ Parada ֆիլմը չցուցադրեն. «Հայազն»

Tert.am. 17-10-2012- «Հայազն» միության կենտրոնական վարչության անդամ Արմեն Մկրտչյանը հավատացնում է, որ ո՛չ «Կոնգրես» հյուրանոցի ղեկավարության և ո՛չ էլ առավել ևս Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի նկատմամբ իրենք ճնշումներ չեն գործադրել Parada ֆիլմը չցուցադրելու համար: «Մենք մայիս ամսից սկսած միասեռականների դեմ ակցիաներ ենք իրականացրել և ճնշումներ գործադրելու տակտիկա երբեք չենք բանեցրել ոչ մեկի հանդեպ: Դա բացահայտ կեղծիք է Գերմանիայի դեսպանատան կողմից»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը: Նշենք, որ hոկտեմբերի 17-ին և 18-ին «Կոնգրես» հյուրանոցում նախատեսված Parada ֆիլմի ցուցադրությունը չեղյալ է հայտարարվել: Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության և Երևանում Գերմանիայի դեսպանատան՝ պատճառը կապված է նրա հետ, որ ճնշման հետևանքով «Կոնգրես» հյուրանոցը հրաժարվել է ցուցադրման նախաձեռնությունից: Հիշեցնենք նաև, որ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր դեռևս հոկտեմբերի 8-ին, սակայն ցուցադրության օրը «Հայազն» միությունը բողոքի ակցիա անցկացրեց Գերմանիայի դեսպանատան դիմաց, քանի որ այն ցուցադրվում էր Հայաստանի պետական տիկնիկային թատրոնում։ Ֆիլմի ցուցադրությունն այդ ժամանակ չկայացավ: «Մեր կողմից անբարոյական կլիներ Տիկնիկայինի տնօրեն պարոն Բաբայանին ճնշելը, իսկ Կոնգրեսի հանդեպ ևս ճնշում չի եղել»,-հավատացրեց Արմեն Մկրտչյանը: Ավելին, ըստ «Հայազն» միության ներկայացուցչի՝ իրենք հետաքրքիր միտում են նկատում: «Գերմանիայի դեսպանատունն իր նախաձեռնությամբ, որքան էլ որ զարմանալի է, հակաեվրոպական տրամադրություններ արթնացնելու ծրագիր է մշակում: Այսպիսի ակցիաները, իմ կարծիքով, դրան է միտված»,- ասաց նա և ավելացրեց, որ Հայաստանում միայն համասեռականների պաշտպան ներկայացնելը ցույց է տալիս, որ մարդիկ ուզում են հայ հասարակությունը եվրոպական արժեք ասելով ընկալի միայն աղանդավորների կամ համասեռականների «իրավունքների պաշտպանությունը»: «Եթե անգամ Գերմանիայի դեսպանատունը, չգիտակցելով է այս ամենն անում, այդ վտանգը կարող է իրականանալ: Թող մոնիտորինգներ անցկացնեն և տեսնեն, որ մեր հասարակությունը եվրոպական արժեքներ ասելով առաջին հերթին միասեռականություն է ընկալում և մյուս արատավոր երևույթները, այն դեպքում, երբ բազմաթիվ եվրոպական լավ արժեքներ կան»,- ասաց Արմեն Մկրտչյանը: «Հայազն» միության կենտրոնական վարչության անդամը հարց է տալիս, թե ինչու նույն Եվրոպական դիվանագետները, որպես դրական, քայլ երբեք չեն այցելում սահմանին զոհված զինծառայողների ընտրանքներին: «Տեսեք, ամեն ամիս Հայաստանի սահմանին զինվորներ են զոհվում, բայց երբեք չենք տեսել մի դեպք, երբ Գերմանիայի դեսպանը կամ ԵՄ ներկայացուցիչը ոչ միայն Հայաստան, այլ նաև Ադրբեջանի զոհվածներին ընտանիքների հետ հանդիպում ունենան: Դա դրական քայլ է չէ՞, բայց երբևէ չի արվում, իսկ այսպիսի քայլերը, որոնք կարող են հակակրանք առաջացնել Եվրոպական կառույցների նկատմամբ, արժեքների հանդեպ, մշտապես արվում են»,- ասաց նա: Արմեն Մկրտչյանը համոզմունք հայտնեց, որ ոչ մի ֆիլմի ցուցադրություն էլ չի լինի, կամ էլ հակառակ դեպքում մի ամիս կշահարկեն հարցը և նոր միայն դեսպանատանը կցուցադրեն: Ըստ նրա, իրենց համար ոչ թե լավ է, որ ֆիլմը ցուցադրեն ու հարցը փակվի գնա, այլ որ միասեռականների քարոզչությանը վերջ դրվի: «Մեզ համար լավ է, որ այս արատավոր երևույթի քարոզչությունը չլինի, թե ցուցադրմամբ կավարտվի, թե ուրի՞շ կերպ, չեմ կարող ասել»,- եզրափակեց նա:

No comments: