Tuesday, October 9, 2012

Հունգարիան հայտարարում է Ադրբեջանի հետ տնտեսական կապերն ամրապնդելու մասին

Zham.am. 9-10-2012- Հունգարիայի կառավարությունը մտադիր է ամրապնդել տնտեսական համագործակցությունը կովկասյան երկրների, այդ թվում Ադրբեջանի հետ: Ըստ APA-ի, այդ մասին ասել է Հունգարիայի կառավարության արտաքին հարցերով պետքարտուղար Պյոտր Սզիժատոն ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Այս օրերին Հունգարիայում տեղի էր ունենում հունգարա-ադրբեջնական բիզնես-ֆորումը երկու երկրների գործարար շրջանակների ու պետական պատվիրակությունների մասնակությամբ տնտեսական երկկողմի կապերի զարգացման նպատակով: Պետքարտուղարի խոսքերով`իրենք պատրաստ են Ադրբեջանի հետ համագործակցել մի շարք ոլորտներում. «Եվրոպայի տնտեսական ճգնաժմի պայմաններում հունգարական տնտեսություն ստեղծում է հսկայական հնարավորություններ Ադրբեջանի հետ ռազմավարական գործակցության համար»: Իսկ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար`տնտեսական զարգացման նախարար Մուստաֆաևն էլ նկատել է, որ ադրբեջանա-հունգարական քաղաքական հարաբերությունները «գտնվում են բարձր մակարդակի վրա»`հիշեցնելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Ուրբանի ամառային այցն Ադրբեջան ու ընդգծել է տնտեսական կապերն ամրապնդելու կարևորությունը: Բիզնես ֆորումի արդյունքում Հունգարիայի ու Ադրբեջանի գործարար շրջանակները ներկայացնող կառույցների միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել: Փաստորեն ստացվում է, որ Հունգարիան սկզբից պնդում էր, թե Ադրբեջանն իր խոսքը չի պահել ու հայասպանՍաֆարովի էստրադիցիայից հետո նրան ազատ էր արձակել, սակայն այժմ պատրաստ է սերտ համագործակցություն զարգացնել պետության հետ,որ հեշտությամբ հետ է կանգնում իր ստորագրությունից: Հիշեցնենք նաև, որ Սաֆարովի արտահանձման օրերին մեկնաբանություններ կային, որ Հունգարիան տնտեսական շահագրգռվածությունից ելնելով է գնացել Սաֆարովի արտահանձմանը:

No comments: