Wednesday, October 10, 2012

Սպասում են Հայաստանը դատարկվի

«Լրագիր» 10-10-2012- «Մեր տնտեսությունը աճում է, իսկ նրանցը փաստորեն կաթվածահար վիճակում է: Մեր բնակչությունը աճում է, իսկ այնտեղ դիտվում է ժողովրդագրական աղետ, կարելի է ասել, որ չկա բնական աճ, և միևնույն ժամանակ մեծ քանակությամբ մարդիկ գաղթում են երկրից: Միայն ըստ նրանց պաշտոնական վիճակագրության, տարվա առաջին կեսին մոտավորապես 70-80 հազար մարդ անվերադարձ լքել են երկիրը». սա հատված է Իլհամ Ալիեւի ելույթից: Օրերս նա նորից հայտարարեց, որ Ադրբեջանը կվերադարձնի Ղարաբաղը, սակայն այս անգամ հայտարարությունները ռազմատենչ չէին: Նա ուղղակի կոչ արեց իր ժողովրդին սպասել, մինչև Հայաստանը կդատարկվի, և Ադրբեջանին կհասնի ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև ամբողջ Հայաստանը: Ժողովրդագրությունը կարևորագույն աշխարհաքաղաքական գործոն է: Արևմտյան զարգացած տեխնոլոգիաները, ինչպես արդյունաբերական, ռազմական, այնպես էլ հասարակական-քաղաքական, չեն կարող հաղթել ժողովրդագրությանը: Չնայած նրան, որ քաղաքականության մեջ ավելի շատ ընդունված է խոսել արեւմտյան առաջընթացի և արեւելյան ավանդապաշտության բախման մասին, սակայն իրականում խոչընդոտը հենց ժողովրդագրությունն է: Ժողովրդագրությունը դառնում է մի գործոն, որը կարող է հայերին հասցնել ոչ միայն ինքնիշխանության, այլ նաև ազգային պետության լիակատար կորստի: Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն չի թաքցնում, որ իր երկիրը Հայաստանից տանում է մոտավորապես 5 հազար մարդ, և նույնքան մարդ էլ գրին քարտով մեկնում է ԱՄՆ: Նա ասում է, որ հայերին ոչ ոք բռնի ուժով չի քշում Ռուսաստան, դա ճիշտ է, բայց ճիշտ է նաև այն, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, և ավելի շատ Թուրքիան ու Ադրբեջանը ամեն ինչ անում են Հայաստանը հնարավորինս սակավ բնակեցված երկիր դարձնելու համար: Սերժ Սարգսյանը կոչ է անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ, որն, ըստ նրա, պատրաստվում է պատերազմի: Իրականում Ադրբեջանը պատրաստվում է յուրացնել հայկական հողերն այն բանից հետո, երբ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը կհասնի կրիտիկական կետին: Կառավարությունը, որը ոչ միայն չի կանգնեցնում արտագաղթը, այլ նաև խթանում է այն, պետք մեղադրվի ազգային դավաճանության մեջ: Նա զրկում է մեզ աշխարհի ամենակարևոր զենքից՝ ժողովրդագրությունից: Եվ նույնիսկ եթե մենք նույնիսկ հրաշքով ձեռք բերենք առաջադեմ տեխնոլոգիական զենք, միևնույն է, չենք կարող գոյատեւել առանց ժողովրդագրական խնդիրները լուծելու: Խորհրդարանն ու կառավարությունը պետք է հրավիրեն լսումներ ժողովրդագրության հարցով: Ընդ որում, մեկ կոնտեքստում անհրաժեշտ է դիտարկել և բնական, և մեխանիկական անկման հարցերը: Անհրաժեշտ են համակողմանի միջոցներ արտագաղթի կասեցման և ծնելիության խթանման համար: Նաիրա Հայրումյան

No comments: