Thursday, October 18, 2012

«Հրապարակ». Կգա արդյո՞ք Վլադիմիր Պուտինը Հայաստան

«Հրապարակը» գրում է. «Կգա՞ ՌԴ նախագահ Պուտինը Հայաստան նոյեմբերի առաջին կեսին, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, թե՞ ոչ: Ռուսաստանյան դիվանագիտական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նման բարձրաստիճան այցերը չեն կարող «սպոնտան» լինել. առնվազն երկու ամիս առաջ պետք է այդ մասին կողմերն իմանան, նախապատրաստվեն թե արարողակարգային, թե անվտանգության, էլ առավել եւս ստորագրվելիք համաձայնագրերի, պայմանագրերի փաստաթղթային հենքի մասով: «Այս պահին որեւէ նման փաստաթուղթ կարծես թե չկա»,- պնդեցին նրանք: Ինչ վերաբերում է երկու միլիարդ դոլարի շուրջ համաձայնությանը, որը ռուսները պատրաստվում են տրամադրել, եթե Հայաստանը միանա Եվրասիական միությանը, ապա, ըստ նրանց, «դեռ վաղ է այդ մասին խոսելը. ճիշտ է, հայկական կողմը փաստաթղթային աշխատանքներն սկսել է` վարկի բաշխման, մնացյալ հարցերի հետ կապված, սակայն եթե նման համաձայնագիր ստորագրելու հարկ լինի, բնականաբար, հայկական կողմը կգնա Մոսկվա եւ ոչ թե հակառակը»: Հիշեցնենք` 2 մլրդ դոլար վարկի մասին խոսքը գնացել է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին մոսկովյան հանդիպման ժամանակ: Փորձեցինք ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից ճշտել` կգա՞ Պուտինը նոյեմբերի առաջին տասնօրյակում Հայաստան, թե՞ ոչ: «Մենք այցին վերաբերող պաշտոնական տեղեկություն չունենք»,- ասաց ՌԴ դեսպանատան մամուլի պատասխանատու Սերգեյ Աբելյանը»:

No comments: