Wednesday, October 24, 2012

Գերմանացիները կարող էին արգելք լինել Հայոց ցեղասպանության համար

Թուրքական «Ռադիքալ» պարբերականի թղթակից Էզգի Բաշարանն իր հոդվածում անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չկանխարգելելու թեմային: «Դեռ ուսումնասիրության կարոտ է այն հարցը, թե որքանով են գերմանացիները մեղսակից եղել Ցեղասպանությանը: Սակայն հաստատ է, որ նրանք տեղյակ են եղել կատարվածի մասին»: Անցած կիրակի օրը The Independet պարբերականում Ռոբերտ Ֆիսկը հրապարակեց մի լուսանկար: Թուրք և գերմանացի զինվորականները հպարտ կանգնած են իրենց ոտքերի մոտ գտնվող մարդկային ոսկորների առջև: Ֆիսկի հոդվածում նշվում է, թե գերմանացի սպա Արմին Վեգների արխիվից հանված այդ լուսանկարի ոսկորները պատկանել են հայերին: Դրան «Հաբերթյուրք»-ում իր առարկությունը հայտնեց Մուրադ Բարդաքչըն` ասելով. «Ես չեմ կարծում, թե այդ լուսանկարում պատկերված ոսկորները պատկանել են տեղահանության ընթացքում մահացած հայերին: Քանզի տեղահանությունը սկսվել էր 1915 թ. մայիսի վերջին, իսկ այդ նկարն արվել է նույն տարեթվի ամառային ամիսներին: Եթե այդ գանգերը հայերին են պատկանում, ապա պետք է 1915 թ. առնվազն 2 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի ժամանակ մահացածների գերեզմանից հանված լինեն» (Մուրադ Բարդաքչըն այս հարցում ևս անտեղյակություն է ցուցաբերում: Անթաղ դիակները կարող են քայքայվել անգամ շաբաթների ընթացքում, հատկապես եթե հաշվի առնենք, որ բնության տարերքներին միանում էին նաև ամենուր վխտացող գիշատիչները–Ակունքի խմբ.): Վերոհիշյալ լուսանկարը Ֆիսկին էր տվել Երևանում գտնվող Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, որն այն գտել էր Հայաստանի պետական արխիվից: Լուսանկարը կցված էր եղել Հայոց ցեղասպանությունից վերապրածների հուշերն ընդգրկող թղթապանակում, որում կային նաև աքսորի քարավանները և Ռաս ուլ-Այնի ճամբարը պատկերող լուսանկարներ: Այդ արխիվներում գոյություն ունեն նմանատիպ անթիվ-անհամար թղթապանակներ: Այդ լուսանկարի առանձնահատկությունն այն է, որ նա բացահայտում է գերմանացիների մեղսակցությունը: Նախկինում ևս երկու լուսանկար էր գտնվել, որոնցում գերմանացի և թուրք զինվորականները կանգնած էին մարդկային ոսկորների առաջ, անգամ իրենց ձեռքերում գանգեր էին պահել: Դրանք էլ լուսանկարել էր մերզիֆոնցի մի հայ: Ինչ վերաբերում է գերմանացի սպա Արմին Վեգների արխիվին պատկանող սույն լուսանկարին, ապա այն երրորդն է, որում ներկայացված են գերմանացի զինվորներ: Զանգահարեցի Հայկ Դեմոյանին և հարցրի, թե ինչպես կհակադարձի Բարդաքչըի առարկությանը: Դեմոյանի պատասխանը հետևյալն էր. «Մենք համոզված ենք, որ այդ լուսանկարն արվել է հայոց տեղահանության ժամանակ, սակայն շատ դժվար է ճշգրիտ տարեթիվն ասել, որովհետև Արմին Վեգները տվյալ ժամանակաշրջանում որոշ ժամանակով ձերբակալվել էր թուրք զինվորների կողմից: Նա, երբ պատերազմից հետո ազատ է արձակվել, բազմաթիվ անձանցից և պաշտոնյաներից հավաքել է Հայոց ցեղասպանությունը փաստող լուսանկարներ: Հետևաբար, որևէ հաստատ բան չենք կարող ասել այն մասին, թե տվյալ լուսանկարը Վեգներն անձա՞մբ է արել, 1915 թ. մեկ տարի առա՞ջ է լուսանկարել, թե՞ հետո: Սակայն եթե այդ ոսկորները հայերինը չեն, ապա ու՞մ են պատկանում: Ոչ թուրքերին և գերմանացիներին, համենայն դեպս»: *** Ես ցանկացա Դեմոյանի կարծիքն իմանալ նաև այն խնդրի շուրջ, թե գերմանացիներն ի՞նչ դերակատարում են ունեցել Ցեղասպանության հարցում: Ասաց. «Ես ա’յն գիտեմ, որ բազմաթիվ բանավոր պատմական տեղեկություններ և գերմանացի զինվորականների կողմից գրված հուշագրություններ կան, համաձայն որոնց` գերմանական բանակը ոչ միայն տեղյակ է եղել զանգվածային կոտորածների մասին, այլև անգամ դրանք երբեմն հենց իրենց աչքի առաջ են կատարվել: Ըստ որոշ աղբյուրների` նրանք նույնիսկ բռնաբարել են հայ կանանց: Սակայն առկա է նաև երևույթի հակառակ կողմը: Մի շվեդ ռազմական կցորդի վկայության համաձայն` նախկինում թուրքական բանակի կողմից պատվո շքանշանի արժանացած բազմաթիվ գերմանացի զինվորներ հայերի զանգվածային կոտորածին ականատես լինելուց հետո վերադարձել են Ստամբուլ և իրենց մեդալները շպրտել Ռազմական նախարարության շենքի առաջ: Այս հարցում իմ դիրքորոշումը հստակ է. դեռ ուսումնասիրության կարոտ է այն հարցը, թե որքանով են գերմանացիները մեղսակից եղել Ցեղասպանությանը: Սակայն հաստատ է, որ նրանք տեղյակ են եղել կատարվածի մասին: Գերմանացիները կարող էին արգելք լինել այդ ցեղասպանությանը, որովհետև տվյալ ժամանակաշրջանում Գերմանիան լրջորեն վերահսկում էր թուրքական բանակը: Հայոց ցեղասպանությունն իրականացվել է օսմանաթուրքական պետության կողմից, բայց գերմանացիները ևս գաղափարապես աջակցել են դրան»: Աղբյուր` Akunq.net

No comments: