Wednesday, October 24, 2012

Էներգետիկ հեղափոխություն Հայաստանից

«Լրագիր» 24-10-2012- «Համատեղ իրականացվող նախագծերի հարցում մենք իհարկե առաջընթաց գրանցել ենք, բայց պետք է նշեմ, որ կան նաև խոչընդոտներ, որոնց պատճառով որոշակի դանդաղել է այդ ծրագրերի ընթացքը: Բոլոր ձեռքբերումներով հանդերձ, արդյունքները մեզ համար գոհացուցիչ չեն, պետք է ամեն ինչ արվի խոչընդոտները հաղթահարելու և առաջ ընթանալու համար», Երեւանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն: Ինչի՞ց է դժգոհ իրանական կողմը, պարզ չէ: Ով է խոչընդոտում հայ-իրանական էներգետիկ պայմանավորվածությունների բնականոն եւ գոհացուցիչ առաջընթացին: Հայաստանի իշխանությու՞նն է վախեցած եւ զգուշավոր` որ չհարուցի Արեւմուտքի դժգոհությունը Իրանի հետ հարաբերության աստիճանի կապակցությամբ, թե Ռուսաստանն է, որ թույլ չի տալիս խորացնել հայ-իրանական էներգետիկ գործակցությունը, մտավախություն ունենալով, որ դա կարող է Հայաստանին օգնել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու հարցում: Միգուցե Արեւմու՞տքը Հայաստանին ուղղակի թույլ չի տալիս Իրանի հետ հարաբերվել առավել արդյունավետ: Պարզ է, որ ինֆորմացիայի առկա չափաբաժնի պարագայում, կամ ավելի շուտ դրա գրեթե բացակայության պարագայում, շատ դժվար է միարժեք պնդել, թե ինչն է պատճառը: Սակայն, ինքնին հետաքրքրական է այն փաստը, որ Իրանը որոշել է բարձրաձայնել իր դժգոհությունը հայ-իրանական էներգետիկ գործակցության արդյունավետությունից: Ուշագրավ է, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանում համաձայնագիր ստորագրվեց էներգետիկայի ոլորտում հայ-ամերիկյան գործակցության վերաբերյալ: Դրանով, ԱՄՆ մասնավորապես ստանձնեց Հայաստանի գործող ատոմակայանի շահագործումը եւս տասը տարով երկարաձգելու հարցում տեխնիկական օժանդակության պատրաստակամությունը: Ատոմակայանը փաստացի մնացել էր Հայաստանի հույսին, երբ այն կառավարող Ռուսաստանն ամիսներ առաջ հրաժարվեց կառավարումից: ԱՄՆ Հայաստանի ատոմակայանին տեր կանգնեց եւ Հայաստանին թերեւս հանեց դժվար կացությունից, քանի որ ատոմակայանի շահագործումը` այն էլ ժամկետային խնդիրներ ունեցող կայանինը, Հայաստանի համար երեւի թե իսկապես ծանր բեռ է: Ընդ որում, նաեւ քաղաքական իմաստով, որովհետեւ կա Եվրամիության պահանջը` փակել ատոմակայանը 2016-ին: ԱՄՆ փաստորեն այդ հարցում ապահովեց նաեւ Հայաստանի քաղաքական տանիքը, քանի որ եթե Նահանգները ստանձնում են եւս տասը տարով ատոմակայանի կյանքը երկարացնելու պատրաստակամությունը, Եվրամիությունը հազիվ թե 2016-ին պնդի ատոմակայանի փակման հարցը: ԱՄՆ փաստացի փակեց նաեւ ատոմակայանի վերաբերյալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հայտնի պնդումների ճանապարհը, այլ կերպ ասած` Թուրքիայի ու Ադրբեջանի բերանը փակեց: Մյուս կողմից, չի բացառվում, որ ԱՄՆ Հայաստանին էներգետիկ ձեռք է մեկնում պայմանով, որ Հայաստանը որոշակիորեն հետ քաշի էներգետիկ գործակցության հարցերում դեպի Իրան երկարացված ձեռքը: Հնարավոր է նաեւ, որ ԱՄՆ Հայաստանի հետ էներգետիկ գործակցության ձեռք է մեկնում հենց այն բանի համար, որ Հայաստանը ստիպված լինելով որոշակիորեն հրաժարվել իրանական ծրագրերից, այսպես ասած չմնա ձեռնունայն: Իսկ Հայաստանը հնարավոր է ստիպված լինի իսկապես հրաժարվել որոշ ծրագրերից, եթե Իրանի շուրջ միջազգային պատժամիջոցների օղակը շարունակի սեղմվել, էլ չասած հնարավոր ռազմական բաղադրիչների կիրառման մասին: Այսինքն, թեեւ Արեւմուտքը տարիներ շարունակ որոշակիորեն ըմբռնումով է մոտեցել հայ-իրանական ծրագրերին, իրավիճակի փոփոխությունն այդուհանդերձ կարող է հանգեցնել դրանք վերանայելու անխուսափելի անհրաժեշտությանը: Եվ ԱՄՆ Հայաստանի հետ էներգետիկ ոլորտի աննախադեպ համաձայնագրով փաստացի որոշակիորեն փոխհատուցում է Հայաստանի «կորուստները» եւ նաեւ տալիս այսպես ասած անվտանգության որոշակի երաշխիքներ, պատասխանատվություն ստանձնելով ատոմակայանի համար: Այսինքն, տարածաշրջանում ըստ էության տեղի ունեցավ բավական լուրջ քաղաքական ռեզոնանսի հեռանկարով էներգետիկ մինի-հեղափոխություն կամ հեղաշրջում, եւ գուցե պատահական չէ, որ Թեհրանը դրանից հետո որոշեց հայտարարել հայ-իրանական էներգետիկ ծրագրերի ընթացքից իր դժգոհության մասին: Իսկ դրանից առաջ էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, թե Ռուսաստանը թույլ չի տա ընդունել Իրանի դեմ ռազմարշավի տարբերակ ենթադրող միջազգային բանաձեւը: Ըստ երեւույթին, Թեհրանը Հայաստանի հետ ծրագրերի արդյունքից դժգոհելով, իր շնորհակալությունն է հայտնում Ռուսաստանին իրանական խնդրում որոշակի աջակցության համար: Չի բացառվում նաեւ, որ հենց Ռուսաստանն է Հայաստանից դժգոհելու Ւրանի հանձնառության դիմաց պատրաստակամություն հայտնել հանդես գալ միջուկային ծրագրի վերաբերյալ աջակցող հայտարարությամբ, պաշտոնական Թեհրանին մղելով Հայաստանի իշխանության հանդեպ դժգոհությունը բարձրաձայնելուն: Եվ միգուցե պատահական չէ նաեւ, որ այս օրերին Լեռնային Ղարաբաղ է այցելել Սերժ Սարգսյանը, ներկա եղել զորավարժանքներին եւ արել այսպես ասած անզիջում տոնայնությամբ հայտարարություններ, թերեւս փորձելով նաեւ մեղմել իրանական կողմի դժգոհությունը եւ հավաստիացնելով, որ թեեւ Հայաստանը էներգետիկ ծրագրերի հարցում որոշակիորեն կարող է հետ քաշվել, այդուհանդերձ հետ չի քաշվի ազատագրված տարածքներից: Ինչպես հայտնի է, Իրանի համար դա չափազանց կարեւոր ռազմավարական խնդիր է, եւ միգուցե այդ մեսիջով Հայաստանը փորձում է հանդես գալ ռազմավարական կարեւոր շահի ընդհանրության հարցում հետեւողականության հավաստիացումով եւ մեղմել Իրանի դժգոհությունը: Ընդ որում, դա էլ մի հարթություն է, որի վրա կարող են հարթվել նաեւ ամերիկա-իրանյան անկյունները, համենայն դեպս այլ ուղղություններով տարաձայնությունների սրության համեմատ ազատագրված տարածքների պարագայում ունենալով ռազմավարական ընդհանրություններ եւ ըստ էության ձեւավորելով ամերիկա-հայ-իրանական մի յուրօրինակ եռանկյունի: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: