Wednesday, October 17, 2012

Երևանից Հալեպ թռչող ինքնաթիռի իջեցումը հարված է Ռուսաստանին. Հակոբ Չաքրյան

HayNews.am. 17-10-2012- «Մոսկվա-Դամասկոս չվերթի ինքնաթիռն իջեցնելը հարված էր Ռուսաստանին. Երևանից Հալեպ թռչող ինքնաթիռի իջեցումը նույնպես հարված էր Ռուսաստանին, քանի որ վերջինս մեր ռազմավարական գործընկերն է»,-այս կարծիքը հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: «Թուրք-սիրիական լարված հարաբերությունների ֆոնի վրա չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերություններում որևէ տեղաշարժ կլինի: Եթե թուրքերը որևէ քայլ չկատարեն ընդառաջ Հայաստանին, ապա վերջինս որևէ հարաբերություն չի հաստատի թուրքերի հետ: Նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ շփում թուրքական կողմի հետ չկա և չի սպասվում»,- նշեց Չաքրյանը: Թուրքագետը նկատեց, որ Թուրքիան տարածաշրջանում ցանկանում է ունենալ մեծ ազդեցություն, և եթե նրա նախաձեռնությամբ Ասադի վարչակարգը տապալվի, ապա Թուրքիան հնարավորություն կունենա Սիրիայում իշխանություն ձևավորել. «Սակայն իր միջոցները չեն արժանանում դաշնակիցների`այդ թվում ԱՄՆ-ի հավանությանը: Թուրքիան իր վարած քաղաքականությամբ մեկուսացել է հարևաններից»: Խոսելով Սիրիայի ներքին վիճակի մասին` Հակոբ Չաքրյանը հայտնեց,- «Դժվար է իմանալ, թե ինչքան կդիմանա Ասադի վարչակարգը: ԱՄՆ-ն չի դիմում վճռական գործողությունների մի շարք պատճառներով, որոնցից է Ռուսաստանի և Չինաստանի գործոնը: Ասադի ռեժիմով վերջիններս ապահովում են իրենց ներկայությունը տարածաշրջանում: Սիրիական ընդդիմությունը կազմված է 16 տարբեր խմբավորումներից, որոնցից է Ազատ Սիրիայի Բանակը, որն էլ իր հերթին կազմված է 4 խմբավորումից: Սիրիական ընդդիմությունը միասնական չէ: Արևմուտքը չգիտի, թե ում հետ հստակ կապեր հաստատի Ասադի վարչակարգի դեմ պայքարելու համար»:

No comments: