Wednesday, October 17, 2012

Վարդան Օսկանյան. Հայաստանն այսօր փակուղում է

News.am. 17-10-2012- Հայաստանն այսօր փակուղում է: Մի կողմից այս ճահճից, կասեի նույնիսկ՝ հետընթացից դուրս գալու համար անխուսափելի են խորքային բարեփոխումները: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ հավելել. «Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնցից է միմիայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես շահագրգռված չեն այդ բարեփոխումների իրականացմամբ, որովհետեւ դրանք վտանգելու են նրանց քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները: Այսօր այդ քաղաքական մենաշնորհը պահելու համար հայ ժողովուրդը շատ մեծ գին է վճարում»: «Բարեփոխումներն առաջին հերթին արվում են ժողովրդի համար, նրա բարեկեցությունն ապահովելու եւ առօրյան արժանավայել դարձնելու համար: Բայց այնպես է ստացվել, որ այդ բարեփոխումներից է կախված Հայաստանի համար շատ անհրաժեշտ արտաքին, այդ թվում՝ սփյուռքյան օգնությունն ու ներդրումները: Ասածս՝ օրինակներով: 1. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիր. ծրագիրը վերջնականպես փակվեց այս տարվա սկզբին՝ իր հետ տանելով մոտ 300 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը պետք է ներդրվեր Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման մեջ, որից հատկապես պետք է օգտվեին գյուղական եւ սահմանամերձ շրջանները: Ծրագիրը փակվեց, քանի որ Հայաստանը չկարողացավ բավարարել ծրագրի կողմից առաջադրված ճիշտ կառավարման եւ ժողովրդավարության չափանիշները: 2. Եվրոպական Միության դոնորների համաժողով. համաժողովը նախատեսված էր անցկացնել այս տարվա ընթացքում Բրյուսելում, եւ ակնկալվում էր մինչեւ 1 մլիլիարդ դոլարի դրամաշնորհային խոստումներ ԵՄ անդամների կողմից: Դա հետաձգվեց խորհրդարանական ընտրությունները վատ անցկացնելու, ինչպես նաեւ բարեփոխումների հարցում հետ մնալու համար: Այժմ ասվում է, որ համաժողովը կարող է տեղի ունենալ նախագահական ընտրություններից հետո, եւ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը նախապայմաններից ընդամենը մեկն է: 3. Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիր. այս փաստաթղթի ստորագրումը Հայաստանին հսկայական առավելություններ կտա ազատ առեւտրի գոտուց մինչեւ ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը Հայաստանից Եվրամիություն եւ Եվրամիության ներսում: Համաձայնագրի ստորագրման ժամկետը կախված է միմիայն Հայաստանի իշխանությունների կամքից եւ կարողությունից՝ ընդունելու նրանց առջեւ դրված Եվրամիության պայմանները, որոնք մինաշանակորեն բխում են Հայաստանի ժողովրդի շահերից: Այս պահի դրությամբ Հայաստանը առաջընթացի առումով այդ խմբում վերջին տեղերում է եւ, ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի, «նման ընթացքով Հայաստանը նույնիսկ չի կարող երազել այդ պայմանագիրը ավարտին հասցնել 2013թ. վերջին»: 4. Օտարերկրյա ուղղակի ներդրումներ. այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկյրա ուղղակի ներդրումների անկումը կազմել է 40 տոկոս, իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատությամբ, անկումը կազմել է 60 տոկոս: Անկման որոշ պատճառների ես անդրադարձել էի իմ նախորդ գրառման մեջ: Այդ ամենի հիմքում ընկած է բարեփոխումների բացակայությունը եւ դրանից բխող երկրի առաջընթացի նկատմամբ ներդրողի թերահավատությունը: 5. Սփյուռքի ներգրավվածություն. Հայաստանում այս իրավիճակը եւ բարեփոխումների բացակայությունը ազդեցություն են թողել նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների վրա՝ չնայած ազգային գործոնի առկայությանը, որ հաճախ որոշիչ է եղել: Այսօր ակնհայտ է, որ Սփյուռքի ամենամեծ բարերարները, հակառակ ակտիվ բարեգործական գործունեությանը իրենց բնակության երկրներում եւ այնտեղի հաստատություններին նվիրատվություններին, որեւէ նշանակալի մասնակցություն չունեն Հայաստանի զարգացմանը (հազվագյուտ բացառությամբ)՝ ո՛չ նվիրատվության, ո՛չ ներդրումների տեսքով»: Ըստ Օսկանյանի` սրանք ընդամենը ակնհայտ երեւույթներն են: «Իրոք, մեր ժողովուրդը այսօր շատ մեծ գին է վճարում քաղաքական մենաշնորհի՝ ամեն գնով պահպանման համար: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն, որ սա մեզ ոչ մի լավ տեղ չի կարող տանել: Ցավալին այն է, որ բարեփոխումների իրականացումը, դրա արդյունքում հակակշիռների ստեղծումը, ինքնին արդեն հսկայական դրական տեղաշարժ կարող են արձանագրել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում: Չեմ խոսում այն մասին, որ դրա արդյունքում մենք ոչ միայն չէինք կորցնի այն, ինչ վերեւում թվարկեցի, այլ դրան կգումարվեր շատ ավելին: Այսօր Հայաստանում հազարավոր մեր հայրենակիցներ ճամպրուկային տրամադրությունների մեջ են: Սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկա ամիսներին՝ իրենց վերջնական որոշումը կայացնելու համար: Ես համոզված եմ, որ հնարավոր է վերականգնել մեր ժողովդրի հույսը երկրի եւ սեփական ապագայի նկատմամբ»,- ամփոփել է նա:

No comments: