Monday, October 1, 2012

Հայաստանը ծերացող երկիր է, սա մարտահրավեր է. այսօր տարեցների միջազգային օրն է

Tert.am. 1-10-2012- ՄԱԿ–ի միջազգային զեկույցի համաձայն՝ Հայաստանը ծերացող երկիր է, այսօր Տարեցների միջազգային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը՝ նշելով, որ դա երկրի համար մարտահրավեր է, սակայն ոչ ճգնաժամ: «Միջազգային զեկույցի համաձայն՝ տարեցների թիվն աճում է ավելի արագ, քան որևէ այլ տարիքային խումբ: Աշխարհի 60-նն անց բնակչությունն, ընդամենը մեկ տասնամյակում, կհատի 1 միլիարդի սահմանը՝ աճելով գրեթե 200 մլն-ով»,- ասաց նա՝ Հայաստանի դեպքում նշելով, որ ՝ 60-նն անց մարդկանց թիվը 2050թ-ին գրեթե կրկնապատկվելու է՝ 469 000-ից հասնելով 885 000-ի: «Ծերացումը մարտահրավեր է, բայց որ ճգնաժամ, այն պետք է պլանավորել: Հարկ է նշել, որ Հայաստանի կառավարությունը պատկերացնում է հարցի լրջությունը՝ դիմակայելու ուղղությամբ»,- ասաց Գարիկ Հայրապետյանը: Ըստ նրա, Վիեննայում կայացած տարեցների կոնֆերանսի ժամանակ Հայաստանի զեկույցը ճանաչվել է տարածաշրջանում առաջինը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հստակեցրեց, որ միջազգային դասակարգմամբ՝ տարեց են համարվում 65 տարին լրացած մարդիկ, իսկ Հայաստանում կենսաթոշակի են անցնում 63 տարին լրացածները: Հաստատելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչի խոսքն այն մասին, թե Հայաստանը ծերացող բնակչություն ունեցող երկրներից է, Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ տարեցները Հայաստանում կազմում են ընդհանուր բնակչության 11,5 % -ը։ «Այս թիվը դեռ ավելանալու է և դրանց պատճառները տարբեր են՝ ծնելիության նվազում, կյանքի տևողության երկարում և այլ դեմոգրաֆիկ փոփոխություններ: Զարգացած երկրներում՝ Դանիա, Նորվեգիա, տարեցների թիվը 20% է կազմում»,- ասաց նա: Պաշտոնյան նշեց, որ Հայաստանը միացել է այս ուղղությամբ իրականացվող միջազգային բազմաթիվ ծրագրերի և դրանք որոշակի չափով իրականացվում են։ «Տարեց մարդիկ պետության ուշադրության կենտրոնում են: Սոցիալական պաշտպանության ծրագրերը, մասնավորապես, ուղղված են միայնակ տարեցներին, որոնց թիվը հասնում է 14.000-ի»,- ասաց փոխնախարարը և տեղեկացրեց, որ պետությունը դեռ նոր մոտեցումներ է մշակում այս խնդիրները լուծելու ուղղությամբ: «Այս տարի Կառավարությունը հաստատել է բնակչության ծերացման և տարեցների սոցպաշտպանության ռազմավարություն, որով նախատեսվում է, որ տարեցը կարողանա օգտվել բժշկական և սոցիալական ծառայություններից, նրա համար մատչելի լինի բուժսպասարկումը, նաև սոցիալական շփումների հնարավորություն ունենա»,– ասաց նա: Առաջիկա 5 տարիներին, ըստ Ջեմմա Բաղդասարյանի, պետությունը պետք է ստեղծի ծերաբուժության և ծերաբանության մասնագիտական կենտրոններ, որպիսիք կան գրեթե բոլոր երկրներում: «Ռազմավարությամբ նախատեսել ենք այլընտրանքային սպասարկման մի շարք կենտրոններ բացել, վերանայել տուն-ինտերնետային մոդելը, դրանց ավելացնելով փոքր տուն-ինտերնատներ»,- տեղեկացրեց նա: Իսկ թե բացի նախատեսվածից, ի՞նչ այլ նորություններ կան այսօր՝ փոխնախարարը նշեց, որ կենսաթոշակային տարիքի փոփոխություն չի նախատեսվում, կոնսաթոշակը, որը միջինը կազմում է 31.000 դրամ, չի ավելանա: Նա միաժամանակ խոստովանեց՝ ոչ ոք չի ասում, թե այդ գումարը բավարար է:

No comments: