Saturday, October 13, 2012

Պուտինը կգա ու կասի բոլորին

«Լրագիր» 12-10-2012- Հետաքրքիր է, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչեւ 2013 թվականի փետրվար Հայաստան չայցելի, արդյոք Հայաստանի նախագահի ընտրությանը որեւէ առաջադրված թեկնածու կլինի: Համենայն դեպս առայժմ, քանի դեռ Պուտինը չի եկել Հայաստան, չկա մեկը, ով կհայտարարի` “Ես առաջադրվում եմ”: ԲՀԿ-ն ասում է կգա ժամանակը եւ մենք կասենք: Կոնգրեսը հայտարարում է, թե Տեր-Պետրոսյանը կմտածի` կասի, Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ որ բան ասում է, բայց պարզ չէ, թե ինչ: Վարդան Օսկանյանն ասում է որ պատրաստ է, եթե Գագիկ Ծառուկյանը պատրաստ չլինի: Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասում, միայն Էդուարդ Շարմազանովն է հայտարարում, որ արտահերթ համագումար կանցկացնեն տարեվերջին եւ կառաջադրեն իրենց թեկնածուին: Իհարկե ոչ ոք չի ասում, թե սպասում է Պուտինին, բայց օրինակ սեպտեմբերին հանրահավաք խոստացող Հայ ազգային կոնգրեսը այդպես էլ չարեց հանրահավաքը, իսկ հիմա էլ հայտարարում է, թե հանրահավաքը իմաստ ունի, եթե Տեր-Պետրոսյանը պետք է հայտարարի թեկնածության մասին: Փաստորեն, Տեր-Պետրոսյանը պատրաստվում էր այդ մասին սեպտեմբերին հայտարարել, բայց չարեց, ու Կոնգրեսը չանցկացրեց խոստացած հանրահավաքը: Արդյո՞ք պատճառն այն չէր, որ չկայացավ Պուտինի սեպտեմբերյան սպասվող այցը: Համենայն դեպս, անհասկանալի է, թե ինչին են սպասում Հայաստանի քաղաքական այսպես կոչված հիմնական հավակնորդները: Նրանք բոլորը ասում են, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, իսկ իրենք էլ միայն Հայաստանի հասարակության առաջ են հաշվետու: Ուրեմն էլ ի՞նչ կա սպասելու, եթե հասարակության համար հիմնարար որեւէ խնդիր առ այսօր չի ստացել իր լուծումը, պահպանում է լուծման հրատապ անհրաժեշտությունը: Ի՞նչ են հաշվարկում թեկնածուները, եթե ոչ ընդամենը աշխարհաքաղաքական իրավիճակը: Չէ որ միայն այդ իրավիճակն է, որ գտնվում է դինամիկ փոփոխությունների փուլում, իսկ Հայաստանում ներքին իրավիճակը խոշոր հաշվով չի փոխվում եւ շարունակում է գտնվել ակտիվ դեգրադացիայի կայուն փուլում: Օրինակ, ինչի՞ն է սպասում Վարդան Օսկանյանը, որ չի հայտարարում իր առաջադրվելու որոշման մասին: Հետո, եթե Ծառուկյանը կառաջադրվի, թող Օսկանյանը հանի իր թեկնածությունը: Բայց ինչի՞ն է սպասում հիմա: Սպասում է, թե երբ են իրեն ձերբակալելու՞, կամ` ձերբակալելու են, թե ո՞չ: Իսկ գուցե ավելի շուտ հայտարարելու դեպքում նույնիսկ չմեղադրեի՞ն էլ իրեն: Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրում է, որ «Սերժ Սարգսյանը ու ՀՀԿ-ն հասան նրան, որ մեր քաղաքական դաշտի ամենաակտիվ խաղացողները հիմա օտարերկյա դեսպաններն են»: Իհարկե: Բայց, արդյո՞ք միայն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հասան դրան, թե՞ դրան հասցրին բոլորը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: