Saturday, October 13, 2012

ԼՂ-ի շուրջ իրադարձությունների ամենահավանական սցենարը ստատուս-քվոյի պահպանումն է. Jane's Intelligence

News.am. 12-10-2012- Վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպերի առավել հաճախակիացումն
ու դրանց բազմազանությունն ի վերջո կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ այս առանձին բախումները դուրս գան վերահսկողությունից` հանգեցնելով լայնածավալ հակամարտության: Այս մասին գրել է բրիտանական Jane's Intelligence հանդեսի փորձագետները` բավական մանրամասնորեն անդրադառնալով Երեւանի եւ Բաքվի միջեւ այս պահին նկատվող ուժերի դասավորությանն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի վերսկսման հավանականությանը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Jane's-ի մասնագետները լրջորեն քննարկում են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացման երեք սցենար. «Ամենալավատեսական եւ միաժամանակ ամենաքիչ հավանական սցենարի դեպքում իրադարձությունները զարգացումը ի վերջո կհանգեցնի խաղաղ համաձայնագրի ստորագրմանը: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե 2013-ին Ադրբեջանում եւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները լուրջ փոփոխությունների պատճառ դառնան», - գրում է Jane's-ը` նշելով, որ այս սցենարի իրագործումը նախեւառաջ հնարավոր կդառնա, եթե Ադբեջանում իշխանության գա ժողովրդավարական կառավարություն, որն ի վիճակի կլինի հանրությանը նախապատրաստել խաղաղության, եւ Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ բանակցությունների կգնա: «Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ այլ է», - շարունակում են բրիտանացի մասնագետները` նկատելով, որ «Բաքվի դիրքորոշման մեղմացմանը զուգահեռ Սերժ Սարգսյանը, 2013 -ին վերընտվելու դեպքում, պետք է արդեն սեփական հանրությանը պատրաստի զիջումների, մասնավորաբար` Լեռնային Ղարաբաղը շրջապատող բուֆերային գոտու հանձնմանը: Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ չի խուսափում ոչ մեծ ժողովրդականություն վայելող արտաքին քաղաքական քայլերից, երբ մի քանի տարի առաջ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավող երկու արձանագրություն ստորագրեց», - գրում է Jane's Intelligence հանդեսը` նկատելով, որ եկող տարվա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի վերընտրությունը «խոչընդոտ չի հանդիսանա այս լավատեսական սցենարի իրագործման համար»: Այլ խնդիր է, ըստ բրիտանացի վերլուծաբանների, որ անգամ Իլհամ Ալիեւի իշխանազրկման դեպքում այս սցենարը կյանքի կոչվելու շատ քիչ շանսեր ունի: «Ադրբեջանական ընդդիմությունը, եթե նույնիսկ ինչ-որ կերպ կարողանա հաղթել, եւս հաճույքով կսկսի օգտագործել ազգայնական խաղաքարտը», - նշում են վերլուծաբանները: Երկրորդ սցենարը, ըստ Jane's Intelligence-ի մասնագետների, առավել հավանականն է. «Այս դեպքում առկա ստատուս-քվոն պահպանվում է, քանի որ աշխարհաքաղաքական դերակատարներից եւ ոչ մեկը` ո'չ Միացյալ Նահանգները, ո'չ Ռուսաստանը եւ ո'չ էլ Եվրամիությունը շահագրգռված չեն պատերազմի վերսկսմամբ: Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանը կշարունակի զսպել Ադրբեջանի նկրտումները: Բացի այդ, Բաքվի կողմից ձեռնարկվող ռազմական վերազինման ծրագիրը դեռ չի հասցվել ավարտին»: Բրիտանացի վերլուծաբանների պնդմամբ, գոյություն ունի եւս մեկ զուտ հոգեբանական գործոն, որ կարող է ստիպել Ադրբեջանին կարճաժամկետ հեռանկարում զերծ մնալ պատերազմի վերսկումից. «1992-94 թվականներին այսօրվա նման Հայաստանը շրջափակման մեջ էր: Բացի այդ, հանրապետության հյուսիսում գտնվող արդյունաբերական բոլոր կենտրոնները 88-ի երկրաշարժի արդյունքում ավերակների էին վերածվել: Սրան գումարած` հայկական բանակը թույլ էր ու վատ կազմակերպված, ինչը, սակայն, չխանգարեց հայերին հաղթել պատերազմում: Բացի այդ, Ադրբեջանում հասկանում են, որ, ի տարբերություն իրենց երկրի բնակիչների, Լեռնային Ղարաբաղի հայերի համար առաջիկա պատերազմը գոյության կռիվ է լինելու»: Ինչ վերաբերում է ամենահոռետեսական սցենարին, որի իրականություն դառնալու հավանականությունը բրիտանցիները գնահատում են որպես միջին` Jane's-ում կարդում ենք.«Լայնածավալ պատերազմը կարող է սկիզբ առնել տարբեր դրդապատճառներից ելնելով` եթե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները համեմատաբար մեծ հարձակում իրականացնեն Լեռնային Ղարաբաղում, եթե արդբեջանական կողմը հարվածի Ղարաբաղում նոր գործարկվող օդանավակայան թռչող հայկական քաղաքացիական օդանավին, կամ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Պատերազմի վերսկսման պատճառներից մեկը կարող է լինել նաեւ Ռամիլ Սաֆարովի հնարավոր սպանությունը»: Բրիտանացի վերլուծաբանները նկատում են, որ եթե առաջիկա հինգ տարիներին Ադրբեջանը շարունակի նույն քանակությամբ ֆինանսներ ծախսել բանակի վրա, ապա նրա հաջողության հնարավորությունները ավելի իրատեսական կդառնան.«Դրա հետ մեկտեղ ադրբեջանական կողմը հիմնական շեշտը դնում է զենք-զինամթերքի ձեռքբերման, բայց ոչ անձնակազմը մարզելու եւ զինված ուժերի կառավարման համակարգի զարգացման վրա: Բացի այդ, աշխարհագրությունը եւս հայերի օգտին է, հատկապես` եթե հաշվի առնենք, որ Լեռնային Ղարաբաղի արեւելյան սահմանը պաշտպանված է Մռավի լեռնաշղթայով»:

No comments: