Tuesday, October 23, 2012

Երբ կհաչի Պուտինի շունը

«Լրագիր» 22-10-2012- Ռուսական իշխանական քարոզչության լայն շեփորներից մեկը` Առաջին ալիքի մեկնաբան Լեոնտեւը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի բլոգում գրում է, որ Հայաստանը գոյություն չէր ունենա իր ներկայիս տեսքով, եթե չլիներ Ռուսաստանը: Լեւոնտեւը գրում է, որ Հայաստանը նաեւ Ռուսաստանի օգնությամբ է հաղթել Ղարաբաղի պատերազմում, նաեւ Ռուսաստանի օգնությամբ է էներգետիկ ճգնաժամը հաղթահարել, իսկ «եվրասիական նախագիծն» էլ ծավալվելու է, ինչպես եղանակներն են իրար հաջորդում անկասելիորեն: Այլ կերպ ասած, ռուսաստանյան քարոզչական շեփորը հայերին ասում է` «ով եք դուք առանց մեզ, եւ ուր պետք է փախչեք մեզանից»: Դե, եթե այդ ամենը պարզ ու բաց տեքստով հայկական մամուլի հետ հարցազրույցում ասում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կովալենկոն, ապա արդեն զարմանալի չէ, որ նույնը կարող է բլոգում գրել Լեոնտեւը: Վաղը, օրինակ, կարող է նաեւ նույն բանը հաչալ Պուտինի սիրելի շունը: Մի կողմից այդ ամենը սկսել է վկայել Ռուսաստանի խուճապի մասին, երբ ասում են, թե ուր պետք է փախչի Հայաստանը, բայց միեւնույն ժամանակ հոգու խորքում զգում են, որ Հայաստանը կարող է հանկարծ կատարել ամենակարեւորը` գիտակցել, որ իր գոյության համար միայն ու միայն իր ժողովրդի ուժին, մտքին ու կամքին, ոչ թե Ռուսաստանին է պարտական: Հայաստանում այդ գիտակցումն իհարկե շատ դանդաղ է գալիս: Փոխարենը, շատ արագորեն Հայաստանի հանրության մեջ ներդրվեց այն մտայնությունը, որ իսկապես` չես կարող ոչինչ անել առանց այս աշխարհի ուժեղների, իսկ քանի որ մի ուժեղ արդեն իսկ թաթը դրել է մեզ վրա, իմաստ չունի դրա տակ իրար գալը, իմաստ չունի մտածելը, իմաստ չունի փորձելը: Իմաստ ունի միայն Ռուսաստանի անվերապահ գերակայությունն ընդունելն ու եղբայրության կանխավարկածը բացարձակացնելը, առանց ավելորդ որեւէ քննարկման: Հաճախ, հանրությանն այդ մտայնությունը ներշնչել են ոչ ուղղակիորեն: Պարզապես երկրում ուզուրպացնելով իշխանությունը, կամազրկելով հանրությանն իր իսկ տարածքում, նաեւ ակամա ներշնչել են, որ հաղթում է կամ իրավացի է նա, ով ուժեղ է` երկրում ուժեղ է իշխանությունը, իսկ իշխանությունից ուժեղ է Ռուսաստանը: Բանն այն է, որ Հայաստանում ընդհանրապես փակվել է այլընտրանքի վերաբերյալ դիսկուրսը: Այսինքն, անկախության տարիների ընթացքում այդպես էլ քաղաքական օրակարգի լուրջ դիրքում չի հայտնվել Հայաստանի արտաքին գործընկերների հարցը, դրանց հետ պետական եւ հասարակական հարաբերություն կառուցելու մեր պատկերացրած արժեքներն ու չափորոշիչները: Երբեք լրջորեն չի քննարկվել Հայաստանի աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական դիրքում զարգացման այլ տարբերակների հնարավորությունը, բանական դիտարկման չի ենթարկվել թուրքական վտանգի պարագան: Քիչ թե շատ փորձ կարելի է համարել «Խաղաղություն եւ պատերազմ» հոդվածը, որն էլ սակայն Տեր-Պետրոսյանը գրեց հիմնականում իր հեռացումը նախապատրաստելու համար, ընդ որում հոդվածով խորացնելով բոլոր այն կարծրատիպերը, որ կան հասարակության եւ քաղաքական դասի գերակշիռ մասի մտածողության մեջ: Ւսկ Տեր-Պետրոսյանի հոդվածի դեմ քաղաքական հակափաստարկներ այդպես էլ չեղան: Ոչ թե այն պատճառով, որ դրանք չկան, պարզապես որովհետեւ դրանց պահանջարկը չկար, դրանց հավեսն ու ժամանակը չկար, քանի որ օրակարգում ավելի կարեւոր հարց էր` իշխանության խնդիրը: Անկախության տարիները Հայաստանի հասարակության մեջ ոչ թե ամրագրեցին ինքնավստահություն սեփական ուժերի հանդեպ, այլ հանրությանը զրկեցին դրանից: Մինչդեռ Ղարաբաղի պատերազմի հաղթանակը հիանալի նախադրյալ էր ստեղծում ինքնավստահ անկախության սերունդ եւ մշակույթ ձեւավորելու համար: Կար կոնկրետ օրինակ, պարզապես պետք է այն հոգեւոր, կամային արժեք դարձնել: Իրականում այդ հաղթանակը վերածվեց նյութական արժեքի եւ քաղաքական գործիքի, իսկ հոգեւորն էլ հետագայում ծառայեց որպես յուրացված եւ նյութականացված արժեքը լեգիտիմացնող զրահ: Այլ կերպ ասած, այն, ինչ այսօր մեզ ասում են ՌԴ դեսպանն ու Լեւոնտեւը, իսկ վաղն էլ գուցե Պուտինի շունը հաչա, անկախության երկու տասնամյակի ընթացքում մեզ լիուլի ասել եւ արել է Հայաստանի իշխող «վերնախավը»: Ռուսները ներկայում միայն կրկնում են այդ ամենը: Բայց, թող տարօրինակ չթվա, լավ է, որ նրանց մոտ առաջացել է կրկնելու անհրաժեշտություն: Այսինքն, նրանք ներկայում ստիպված են անձամբ անել այն, ինչը Հայաստանի իշխանությունների կատարմամբ լուռ հովանավորել են ավելի քան 20 տարի: Փաստորեն, այդ ամենն արդեն չի աշխատում, եւ արդեն ստիպված են ներգրավվել` այսինքն «սեւ գործը» ստանձնել անձամբ: Ուրեմն Հայաստանում փոխվել է ինչ որ բան, եւ Մոսկվան կամ չի վստահում տեղի «վերնախավին», կամ համարում է, որ հայաստանյան իրավիճակն այդ առումով դուրս է եկել որեւէ դրածո եւ կատարածու «վերնախավի» վերահսկողությունից: Հետեւաբար սպասենք Պուտինի շանը, ինչը կվկայի, որ ռուսական «վերնախավն» էլ այլեւս չի հաջողում Հայաստանի հասարակությանը կամազրկելու գործում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: