Tuesday, October 23, 2012

Այդ Հայաստանը չի գնում Արեւմուտք

«Լրագիր» 22-10-2012- Հայաստանի հասարակական-քաղաքական քննարկումների առանցքային թեմաներից մեկը տարիներ շարունակ եղել է եւ կա Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրը` Արեւմուտք, թե Ռուսաստան: Ներկայում, հատկապես նախագահի ընտրությանն ընդառաջ, Հայաստանում այդ քննարկումներն ուղղակի կամ ենթատեքստային իմաստով աշխուժանում են: Բայց, այդ խնդիրը, թեման, Հայաստանի համար որեւէ ընտրությամբ չէ, որ հանգուցալուծվելու են: Ընտրությունները դրանց հանգուցալուծման հարցում երեւի թե նույնիսկ առանձնակի դեր էլ չեն կատարելու: Ընտրությունը հայաստանյան քրեաօլիգարխացված կյանքի եւ կենսակերպի մի հերթական դրվագ է, որ խոշոր հաշվով, մասշտաբներից բացի, որեւէ այլ բանով չի տարբերվում ասենք ՏԷՑ-ի կռուգի ռազբորկայից: Հայաստանի արտաքին կողմնորոշման խնդիրն ունի երկու շերտ: Մի մակարդակում Հայաստանի կատարած ընտրությունն է` իշխանության եւ հանրության մակարդակում, իսկ մյուս մակարդակում համաշխարհային իրավիճակն է, կամ եթե փոքր ինչ կոպիտ բնորոշեմ` Արեւմուտքի եւ Ռուսաստանի կատարած ընտրությունը: Ընդ որում, առանցքայինը հենց այդ` երկրորդ մակարդակում կատարվողն է: Արեւմուտքն էլ, Ռուսաստանն էլ ընտրել են Հայաստանին: Երկու բեւեռի համար էլ Հայաստանն ունի առանցքային նշանակություն, եւ առկա է մրցակցություն եւ պայքար Հայաստանը սեփական ուղեծրում տեսնելու համար: Այստեղ անշուշտ շատ կարեւոր է, թե իրեն որտեղ է ուզում տեսնել Հայաստանը: Բայց, խոշոր հաշվով, վճռորոշը լինելու են համաշխարհային միտումները, եւ այստեղ Հայաստանն ուղղակի պարտավոր է հաշվի առնել դրանք: Իսկ դրանց ընթացքը հուշում է, որ ոչ թե Հայաստանն է գնում դեպի Արեւմուտք, այլ պարզապես Արեւմուտքը Հայաստանը դուրս է բերում ռուսական ուղեծրից, եւ այդ գործընթացի դեմ անզոր է ոչ միայն Հայաստանի այսպես կոչված «քաղաքական դասը», այլ նաեւ Ռուսաստանն իր դասով: Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ազդեցությունների գլոբալ պայքարում ակնհայտ է ռուսական նահանջը: Ռուսաստանը նահանջում է անգամ իր համար ավանդական տարածաշրջաններից եւ երկրներից: Ազդեցությունների համար պայքարում կիրառվող գործիքների եւ մեթոդների բարոյականության հարցն այլ է: Իհարկե, այդ հարցը կա, եթե անգամ զոհվում է մեկ անմեղ երեխա: Իսկ անմեղ զոհերը շատ են, չափից շատ: Եվ դա էլ թերեւս խնդրի կարեւոր կողմ է, որովհետեւ ի վերջո Հայաստանի համար էլ այն ակտուալ է, եւ պետք է գտնվել ժամանակին հնարավորին ադեկվատ, որպեսզի Արեւմուտք-Ռուսաստան մրցակցությունը Հայաստանում էլ չհասնի այն իրավիճակին, երբ հանգուցալուծումների համար բեւեռներից որեւէ մեկը կիրառի մեթոդներ, որոնք կարող են բերել անմեղ զոհերի: Թեեւ, պետք է գուցե նկատել, որ այդ իմաստով, Հայաստանում որոշակիորեն արդեն իսկ զոհեր եղել են` այդ թվում եւ անմեղ: Ի վերջո, այն, ինչ երկրում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին եւ մարտի 1-ին, թերեւս հնարավոր է տեղավորել նաեւ Հայաստանում ազդեցության համար գերտերությունների պայքարի կոնտեքստում: Ի վերջո, ամենեւին պատահական չէ, որ մարտի 1-ին երեւանյան փողոցներում Հայաստանի զինուժի շարքերում առկա էին ռուսաստանցի ինստրուկտորներ, որոնց լուսանկարները հայտնվեցին ընդդիմադիր մամուլում: Բայց, այդ հանգամանքն առավել եւս հրամայական է դարձնում Հայաստանի ադեկվատությունը համաշխարհային միտումներին: Իսկ այդ մակարդակում, ակնհայտ է Ռուսաստանի լայնածավալ նահանջը, որն արտահայտվեց անգամ ՌԴ նախագահի պաշտոնին Պուտինի վերադարձից հետո դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Պուտինը ՌԴ արտաքին քաղաքականության առանցք հռչակեց ԱՊՀ ինտեգրացիոն գործընթացի խորացումը: Դա վկայում էր, որ ՌԴ-ն ընդունում է, որ իր մրցակցային հնարավորություններն աշխարհում նվազել են մինչեւ ԱՊՀ սահմաններ, եւ արտաքին քաղաքական ավելի լայն առանցքային խնդիրներ Ռուսաստանն իր առաջ հրապարակավ չի դնում: Ոմանք սա կարող են դիտարկել իհարկե որպես զսպանակի սեղմում, բայց երբ զսպանակը սեղմվում է այն ժամանակ, երբ բացվելը ռազմավարական անհրաժեշտություն է, ապա այստեղ արդեն ոչ թե սեղմվող, այլ պարզապես չաշխատող զսպանակը խնդիր է: Չնայած գլոբալ ճգնաժամին, Արեւմտյան քաղաքական-քաղաքակրթական մեխանիզմը շարունակում է լինել ամենակենսունակը եւ հանդիսանալ գլոբալ մրցակցության առաջատարը: Բաժանարար գծի վրա հայտնված պետությունների համար շատ կարեւոր է հաշվի առնել այդ միտումը, եւ ուժերն ու ռեսուրսները, առավել եւս եթե դրանք շատ սուղ են` ինչպես Հայաստանի պարագայում, վատնել ոչ թե լարախաղացության, այլ պարզապես առկա միտումներին հնարավորինս պատրաստ լինելու վրա: Իսկ դա նշանակում է ձեւակերպել պետության շահն ու այն տեղավորել համաշխարհային զարգացման կոնտեքստում: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է ավելացնլ ներքին դիմադրունակության ռեսուրսները, քանի որ նահանջող բեւեռը բնականաբար կարող է դառնալ ավելի ու ավելի ռեակցիոն, ինչի դրսեւորումներն ի դեպ նկատելի են վերջին շրջանում: Միեւնույն ժամանակ, դա ամենեւին առաջարկ չէ այն մասին, որ ով ուժեղ է, պետք է տրվել նրան: Այստեղ ուժեղի եւ թույլի հարց չէ, այլ համաշխարհային միտումների: Դրանցից դուրս հայտնվելը սպառնալիք է ցանկացած պետության համար, եւ եթե ասենք կան պետություններ, որոնք ունեն որոշակի ինքնաբավության ռեսուրսներ եւ կարող են դիմագրավել տեւական ժամանակ` չնայած ժամանակի մեջ կորցնելով շարունակաբար, ինչպես օրինակ Ռուսաստանը, ապա փոքր պետությունը համաշխարհային միտումներից եւ կոնտեքստից դուրս մնալու պարագայում կարող է պարզապես կանգնել ոչնչացման առաջ` ֆիզիկապես կամ բարոյապես: Հայաստանի պարագայում, իրավիճակն առավել քան նպաստավոր է այն տեսանկյունից, որ առկա միտումները բխում են պետության շահից: Անշուշտ, որեւէ երաշխիք չկա, որ դա այդպես էլ կարող է շարունակվել: Բայց, քանի կա այդ ներդաշնակ հնարավորությունը, պետք է այն օգտագործել հնարավորինս արագ ու լիարժեք, հետագա անհամադրության պարագայում ձայնի հնարավորինս լայն իրավունք ունենալու եւ դրա միջոցով սեփական շահը փաստարկելու համար: Իսկ դա նշանակում է պետության արդիականացում, որի պատմական հնարավորությունն ընձեռվել է այժմ: Բայց որն իհարկե ներկայում օգտագործվում է պատմության համար մեղմ ասած աններելի դանդաղկոտությամբ եւ դժկամությամբ, իսկ ավելի ճիշտ` “իջիր ջրի հատակը, մինչեւ կանցնի վտանգը” սկզբունքով: Մինչդեռ տվյալ պարագայում դա ոչ թե վտանգը հաղթահարելու, այլ խեղդվելու ճանապարհն է: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: