Tuesday, October 23, 2012

Արդեն պետությանն էլ ձեռնտու չէ, որ մարդիկ արտագաղթեն. մամուլ

1in.am. 23-10-2012- Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գնահատմամբ` «Համերկրացիներ» ծրագրի փակմամբ Ռուսաստան մեկնող մեր հայրենակիցները կզրկվեն քիչ թե շատ բարեկեցիկ, սոցիալապես և իրավականորեն պաշտպանված լինելու հնարավորությունից` այն դեպքում, երբ նրանք միևնույն է` արտագաղթելու են: Իսկ «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Պողոսյանը կարծում է, որ «Համերկրացիներ» ծրագիրն, այնուամենայնիվ, վտանգավոր է մեզ համար, քանի որ այն ոչ թե միգրացիոն, այլ վերաբնակեցման ծրագիր է: Արտագաղթի պատճառների և այն կասեցնելուն ուղղված քայլերի շուրջ ազգագրագետի և սոցիոլոգի «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել aravot.am կայքում: «Առավոտ»-ը ներկայացնում է հատվածներ: Գևորգ Պողոսյան- «Համերկրացիներ» ծրագրի մասին մենք վաղուց էինք խոսում, բայց ստույգ տվյալներ չունեինք: Այստեղ կա մի նրբություն, սա վերաբնակեցման ծրագիր է, միգրացիոն չէ: Այս ծրագրի նպատակն է ընտանիքներով մարդկանց վերաբնակեցնել` նրանց համար ի սկզբանե բարվոք պայմաններ ստեղծելով: Չափերով` զուտ ծրագրով մեկնողների քանակական առումով, իհարկե` այն չնչին բան է, անգամ եթե մենք խոսենք անցած 5-6 տարվա ընթացքում մեկնած 5 հազար հոգու մասին: Այն դեպքում, երբ մենք տարեկան 50-60 հազար հոգու կորուստ ունենք, որոնց 80 տոկոսը կրկին Ռուսաստան է մեկնում և ոչ թե, օրինակ, Կանադա, այս ծրագիրը զուտ քանակական աոումով վտանգ չի ներկայացնում, վտանգն այն է, որ մարդիկ մեկնում են` այլևս չվերադառնալու պայմանով: Հրանուշ Խաոատյան- Բայց և´ կանադական, և´ ամերիկյան ծրագրերը ևս վերաբնակեցման ծրագրեր են: Եվ սկզբունքորեն երկրների մեծ մասը, եթե ունի ժողովրդագրական խնդիր, հենց վերաբնակեցման նպատակով է ներգաղթ կազմակերպում, ոչ թե աշխատանքի: Գ. Պ.- Անշուշտ, Ռուսաստանն ունի նման խնդիր, հենց իրենց տվյալներով` արդեն 2025 թ. 17 միլիոնի պակաս են կանխատեսում: Հասկանալի է, որ այդ 17 միլիոնը Հայաստանից չեն տանելու, ոչ էլ` Կովկասից: Բայց մենք արդեն գիտենք, որ Հայաստանից արտագաղթած 1 միլիոն 200 հազարի 80 տոկոսը Ռուսաստանում է գտնվում: Ուրեմն խնդիրն այստեղ ոչ թե քանակի մեջ է, այլ` որ նոր որակ է ստեղծվում, նոր պատուհան: «Առավոտ»- Ըստ Ձեզ` այդ պատուհանի փակումն ի՞նչ կտա: Գ. Պ.- Երկու առումով արդյունք կտա: Նախ` վերջապես աոաջին անգամ մենք տեսանք, որ մեր կառավարությունը կարծես թե մտահոգվում է արտագաղթով, ինչն անսպասելի է, քանի որ արտագաղթը մեր երկրում 15 տարվա պատմություն ունի, իսկ այս «Համերկրացիներ» ծրագիրը` 5: Միգուցե մեր կառավարությունն իսկապես մտահոգվում է արտագաղթով, որովհետև բնակչության զգալի նվազում է գնում: Հ. Խ.- Շատ կասկածում եմ դրանում: Մեր իշխանությունն այդ խնդրին անդրադառնում է այնքանով, որ ցույց տա, թե ինքը գոնե մի հարցում, ինչ-որ մի տեղ մի բան անում է: Բայց այդ անդրադարձը վարչական անդրադարձ է, դա սահմանափակման անդրադարձ է, որն արտագաղթի պատճառների հետ բացարձակ առնչություն չունի: Այսինքն` եթե մենք նույնիսկ մեր երկրի բոլոր սահմանները փակենք, եթե մենք վերադառնանք Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի, ապա այս բոլոր քայլերն ընդամենը արտագաղթի ճանապարհները դժվարացնելու և ոչ թե արտագաղթը նվազեցնելու լուծումներ են: Գ. Պ.- Եթե միայն դա արվի` այո: Հ. Խ.- Բայց առայժմ մենք ուրիշ արձագանք չունենք մեր իշխանություններից: Գ. Պ.- Չէ, մենք ունենք ևս մեկ արձագանք, առաջին անգամ Միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը հայտարարեց, որ կառավարության որոշմամբ զգալի գումար է հատկացվել, որպեսզի ուսումնասիրվի միգրացիոն իրավիճակը Հայաստանում: Վերջին 20 տարվա մեջ ես առաջին անգամ եմ լսում նման բան: Հ. Խ.- Վերադառնալով «Համերկրացիներ» ծրագրի փակմանը` ես ուզում եմ նշել, որ Ռուսաստան արտագաղթողների ահռելի մեծամասնության մեջ այն քիչ հատվածը, որն այս ծրագրով փոքրիշատե ապահով պայմաններով պետք է մեկներ և տեղավորվեր, ինչ- որ չափով նյութական, սոցիալական և իրավական պաշտպանվածություն ունենար, այս ծրագրի փակմամբ փաստորեն մենք ավելի ծանր վիճակում ենք դնելու այդ մարդկանց, ովքեր մեկ է` գնալու են: Գ. Պ.- Մենք հիմա եկել-հասել ենք այն եզրին, որից հետո արդեն պետությանն էլ ձեռնտու չէ, որ մարդիկ մեկնեն: Որովհետև մինչև հիմա, անկեղծ խոսենք, այն մարդիկ, ովքեր մեկնել էին, գումարներ էին ուղարկում: Եվ պետությունը, չխանգարելով արտագաղթին, միանգամից երկու խնդիր էր լուծում: Նախ` թեթևացնում էր սոցիալական լարվածությունը երկրում, քանի որ ինչքան շատ գործազուրկ ունես երկրում, այնքան պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում: «Առավոտ»- Ինչի մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը կեսկատակ ասաց: Գ. Պ.- Կեսկատակ, բայց դա լուրջ էր:

No comments: