Saturday, October 13, 2012

Ղարաբաղի հարցում Ֆրանսիան Հայաստանի հետ է

1in.am. 12-10-2012- «Ղարաբաղի հարցում Ֆրանսիան Հայաստանի հետ է»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարելիք պաշտոնական այցի մասին: Մ. Փափազյանի խոսքով՝ եթե Ֆրանսիայի և ՀՀ նախագահների միջև պաշտոնական հանդիպում է նախատեսված, ուրեմն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասելիք ունի Ղարաբաղի հարցով: Նա վերստին հիշեցրեց, որ Օլանդի շրջապատի հետ ունեն և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական կապեր, և Օլանդը գիտի, որ ֆրանսահայերն ուշադրությամբ հետևում են իրավիճակին, ուստի նաև գիտի, որ Ղարաբաղի առնչությամբ իր քաղաքականության մեջ պետք է ուշադիր լինի: «Ինքն ուզում է դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Դա էր նաև պատճառը, որ չցանկացավ մերժել Ալիևի հետ հանդիպումը: Օլանդը պատճառաբանում է` եթե ուզում ենք, որ ինքը դրական դեր խաղա, պետք է ընդունի Ալիևին, իր ասելիքն ասի, իսկ բոյկոտի դեպքում ոչնչի չի հասնի: Թեև Ադրբեջանի հետ հարաբերությունները չբոյկոտելը նաև Ֆրանսիայի շահերից է բխում, բայց միանշանակ է՝ Օլանդը Ղարաբաղի հարցով դրական դերակատարություն է ունենալու»,- մեկնաբանեց Փափազյանը: Նա հավելեց, որ Ֆրանսիան ցանկանում է ընդունելի միջնորդ լինել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Անդրադառնալով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ դիրքորոշմանը ՝ Փափազյանն ասաց, որ արտգործնախարարությունը դիվանագիտական լեզվով դատապարտեց «Սաֆարով գործարքը». պետք է կարողանալ տողատակերը կարդալ, ենթատեքստը հասկանալ: Նա հավելեց, որ իրենք չեն կարող ընդունել Ադրբեջանի վարվելակերպը. սա հստակ է: «Ինքը` Ալիևը, Օլանդի հետ հանդիպումից հետո հասկացավ, որ խնդիր ունի, քանի որ Օլանդը հայերի կողքին է: Անշուշտ, մենք կնախընտրեինք, որ Օլանդն Ալիևին չընդուներ, բայց դիվանագիտության մեջ այդպես չէ, մենք մեր դերն ենք խաղում, իրենք՝ իրենց: Մենք, անշուշտ, գոհ կլինենք այն ժամանակ, երբ Ֆրանսիան իր հստակ դիրքորոշումը հայտնի»,- նկատեց Մուրադ Փափազյանը: Նրա խոսքով` իհարկե, հստակ դիրքորոշումն այն է, որ Ֆրանսիան ճանաչի Ղարաբաղի անկախությունը, հստակորեն դատապարտի «Սաֆարով գործարքը», Ադրբեջանին: Սակայն Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի համանախագահը նաև չբացառեց, որ Ֆրանսիան, եթե չլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, միգուցե ավելի շատ ազատություն ունենար: Ուստի, Փափազյանի համոզմամբ, այսօր Ֆրանսիան պետք է փորձի հավասարակշռություն պահպանել: Հիշեցնենք, որ Nouvelles d`Arménie-ն տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն մեկ ամիս առաջ իր երկրի ԱԳՆ հարցում էր ուղարկել` խնդրելով հստակեցնել ֆրանս-ադրբեջանական հարաբերությունները Ռամիլ Սաֆարովի դեպքերի համատեքստում: Ֆրանսիայի ԱԳՆ-ից պատասխանել էին, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով առաջիկա օրերին բարձրագույն մակարդակով ԵԱՀԿ Մինսկի խումբը շփումներ կունենա երկու երկրների հետ: Այս մասին, սակայն, Մուրադ Փափազյանը տեղյակ չէր, և խոստացավ պարզել, թե ինչ շփումների մասին է խոսքը:

No comments: