Monday, October 29, 2012

ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարն այցելել է Հայաստան

Panorama.am. 29-10-2012- Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մեյբուսը այսօր Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները և տարածաշրջանային ու համընդհանուր անվտանգությանը վերաբերող հարցեր: Ռազմածովային ուժերի քարտուղար Մեյբուսն իր խորը գնահատանքն է հայտնել Աֆղանստանում իրականացվող առաքելությանը և Կոսովոյի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Նա նաև անդրադարձել է պաշտպանական բարեփոխումների, խաղաղապահ գործողությունների և ուսուցումների, ինչպես նաև արհեստավարժ կրտսեր սպայական կազմի ձևավորման կարևորությանը: Քննության է առնվել նաև Եվրոպայում ԱՄՆ ծովահետևակային ուժերի Սևծովյան ռոտացիոն ուժերի շրջանակում իրականացվող համագործակցությունը: «Շնորհակալ եմ հայ ժողովրդին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար, – ասել է Ռազմածովային ուժերի քարտուղար Մեյբուսը, - մենք կարևորում ենք Հայաստանի հետ մեր գործակցությունը և իմ այս այցը փաստում է հարավկովկասյան տարածաշրջանի կարևորությունը»: Ռեյ Մեյբուսը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 75-րդ քարտուղարն է: Որպես ռազմածովային ուժերի քարտուղար նա ղեկավարում է ամերիկյան նավատորմի և ծովահետևակային կորպուսի գործունեությունը, պատասխանատու է 150 միլիարդ ԱՄՆ դոլարից ավել կազմող բյուջեի ու շուրջ 900.000 հոգի կազմող անձնակազմի համար: Ռեյ Մեյբուսն այս պաշտոնում նշանակվել է նախագահ Օբամայի կողմից 2099թ.-ին:

No comments: