Monday, October 29, 2012

Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներից ամենաշատն օգտվում են Ռուսաստանը, Չինաստանը և Օբաման

Panorama.am. 29-10-2012- Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներից ամենաշատն օգտվում են Ռուսաստանը, Չինաստանը և Օբաման: Այդ մասին նշված է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքում թողարկված վերլուծական հոդվածում: Հոդվածի հեղինակը նշում է, որ Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների արդյունքում ամենաշատ շահույթը ստանում է Չինաստանը, քանի որ հավանականություն կա, որ Չինաստանը, գնելով իրանական նավթը, այն կարող է վերավաճառել Եվրամիությանը: Բացի այդ, Չինաստանը կարող է իրանական նավթի դիմաց վճարել չինական ապրանքով, որի արդյունքում հսկայական շահույթ կարող է ունենալ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հոդվածագիրը նշում է, որ իրանական նավթի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների արդյունքում միջազգային շուկայում բարձրացել է նավթի գինը: Ուստի այդ պարագայում, Ռուսաստանը, օրական արտահանելով 7 մլն. բարել նավթ, նավթի բարձր գներից ևս կարող է ահռելի շահույթ ստանալ: Ըստ աղբյուրի՝ Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների գործում մյուս հաղթող կողմն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, որը ցանկանում է պատժամիջոցների կիրառմամբ՝ կանխարգելել տարածաշրջանային պատերազմի սկսմանը, քանի որ վախենում է, որ Իսրայելը կարող է ռազմական հարձակում իրականացնել Իրանի միջուկային հաստատությունների վրա: Հոդվածի հեղինակը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, նշում է. «Այսպիսով` Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցներից ամենից շատը տուժում են Իրանի ժողովուրդն ու եվրոպացիները, քանի որ իրանական նավթի նկատմամբ սահմանված էմբարգոն մեծ վնաս է հասցրել ԵՄ անդամ որոշ երկրների տնտեսությանը»:

No comments: