Wednesday, October 17, 2012

Գազն իշխանություն է պահանջում

«Լրագիր» 17-10-2012- Ձմեռնամուտին Հայաստանը մոտենում է գազի գնի թանկացման սպասումով: Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են գազի գնի վերաբերյալ, եւ ըստ ամենայնի, բանակցության բուն առարկան ոչ թե գինն է, այլ դրա փոխհատուցման մեխանիզմը: Գազի գինը Ռուսաստանն ըստ երեւույթին արդեն իսկ սահմանել է: Այլ կերպ ասած, Հայաստանը փորձում է հոգալ, որ Ռուսաստանի օգնությամբ կարողանա հայթայթել այն փողը, որով Հայաստանում կփորձի մեղմել գազի թանկացման սոցիալական ծանրությունը: Օրինակ, 2006 թվականին այդ փողը գտնվեց Հրազդանի ՊՇԷԿ վաճառքից: ՊՇԷԿ-ը վաճառվեց Ռուսաստանին, իսկ ստացված փողը` մոտ 250 միլիոն դոլար, ուղղվեց գազի գնի թանկացումը սուբսիդավորելուն: Ընդ որում, սուբսիդավորումը տեւեց 3 տարի: Ըստ ամենայնի, այդօրինակ մի բանակցություն էլ Հայաստանը ներկայում է վարում Ռուսաստանի հետ: Մամուլում արդեն իսկ տեղեկություն է հրապարակվել, որ Հայաստանը փոխհատուցման փողը փորձում է հայթայթել Հայռուսգազարդում իր ունեցած բաժնեմասը Ռուսաստանին վաճառելով: Այդպիսով, Հայռուսգազարդը փաստացի կդառնա ամբողջությամբ Ռուսաստանին պատկանող ձեռնարկություն, որը տնօրինում է Հայաստանի գազային ամբողջ համակարգը: Երբ 2006 թվականին վաճառվեց Հրազդանի ՊՇԷԿ-ը, Հայաստանը սուբսիդավորեց թե բնակչության, թե խոշոր ձեռնարկությունների գազը: Ռոբերտ Քոչարյանն էլ, որ այն ժամանակ նախագահ էր, հայտարարեց, թե այդպիսով երեք տարի շարունակ գազը չթանկացնելով, Հայաստանի ձեռնարկությունները կարող են ռեգիոնալ մրցունակության առումով զգալի առաջ անցնել կովկասյան մյուս երկրների ձեռնարկություններից: Իրականում, գազի սուբսիդիայի զգալի մասը ստացան Միքայել Բաղդասարովի եւ Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանները, որոնք սպասարկում էին Հայաստանի շինարարական բումը: Թե որքանով էր արդարացված առանց այդ էլ մեծ պահանջարկ ունեցող ցեմենտի գործարանների համար գազի գինը սուբսիդավորելը, թերեւս փորձագիտական ուսումնասիրությունը կպարզի: Բայց խնդիրն այն է, որ սուբսիդավորման շնորհիվ գազը երեք տարի շարունակ չթանկացնելու պայմաններում, անհրաժեշտ էր այդ երեք տարին օգտագործել տնտեսական համարժեք ռեֆորմներ իրականացնելու համար, որպեսզի Հայաստանի տնտեսությունը հետագա տարիներին շատ ավելի պատրաստ լիներ գազի գնի թանկացմանը: Ներկայում փաստ է, որ Հայաստանի տնտեսությունը դրան պատրաստ չէ, իսկ դա վկայություն է, որ 2006 թվականի մեխանիզմը իրականում չի աշխատել այնպես, ինչպես պետք էր, այլ ընդամենը մսխվել է մի քանի հարյուր միլիոն դոլար` «սրանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով: Այն, որ պետությունը միջոցներ է որոնում թանկացումները սուբսիդավորելու եւ սոցիալական ծանրությունը մեղմելու համար, ողջունելի է: Եթե իհարկե այդ միջոցները չեն հայթայթվում պետության ինքնիշխանության եւ ռազմավարական հզորությունների օտարման հաշվին: Բայց, սուբսիդիան ցանկացած դեպքում ջուրն ընկած փող է, եթե դրան զուգահեռ չի կատարվում տնտեսության ինտենսիվ բարեփոխում, արտադրական նոր տեխնոլոգիաների ներդրմանը, նորարար տնտեսության ձեւավորմանն ուղղված տնտեսական քաղաքականություն: Հայաստանն ի վերջո պետք է դուրս բերել ռուսական գազային մամլիչի տակից: Նաեւ պետք է ի վերջո հրաժարվել այն կարծրատիպից, թե դրա միակ տարբերակը Ղարաբաղի հարցի կարգավորումն է, որպեսզի հետո Հայաստանով անցնեն ասիա-եվրոպական այլ խողովակներ, եւ Հայաստանն ունենա ռուսական գազի այլընտրանքի հնարավորություն: Ի վերջո, Հայաստանը կարծես թե ունեցավ այդ հնարավորությունն իրանական գազի պարագայում, բայց այն սիրահոժար կերպով` համենայն դեպս լռելյայն նվիրաբերեց Ռուսաստանին, եւ ներկայում շատ դժվար է թերեւս պատասխանել հարցին, թե Հայաստանին ինչ օգուտ այդ հայ-իրանական խողովակաշարից: Հայաստանի դիմադրունակությունը գազային մամլիչի հանդեպ կախված է տնտեսա-քաղաքական համակարգի որակի փոփոխությունից: Հայաստանին պետք է տնտեսական նոր համակարգ, որը հնարավորինս քիչ կախվածություն ունի գազից: Այդպիսին կարող է լինել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տուրիզմի ոլորտը: Այդ ոլորտներում անհրաժեշտ է ապահովել մաքսիմալ ազատականություն եւ մրցակցություն, նաեւ հարկային զգալի արտոնություններ` իհարկե պետական կարգավորման միջոցով խստագույնս հետեւելով, որ այնտեղ չխցկվեն օլիգարխները: Իսկ տնտեսական նոր համակարգ կարող է ձեւավորվել քաղաքական նոր համակարգի պարագայում, որտեղ գերշիխողը ոչ թե պետությունը հանձնելով իշխանությունը պահելու ձգտումն է, այլ թեկուզ իշխանության գնով պետությունը պահելու պատրաստակամությունը: Ի դեպ, հենց նոր տնտեսա-քաղաքական իրականության համար, հենց երկրորդ պատրաստակամությունն է, որ Հայաստանում իշխանություն կապահովի տվյալ գործչին կամ ուժին: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: