Monday, October 29, 2012

Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Իրանա-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հերթական զինված բախումը. Մեկ հոգի վիրավորվել է
Panorama.am. 29-10-2012- Իրանա-ադրբեջանական սահմանում զինված բախում է տեղի ունեցել: Համաձայն հաղորդագրության՝ Իրանի տարածքից զինված անձինք փորձել են հատել իրանա-ադրբեջանական սահմանը՝ թափանցելով Ադրբեջանի Ջալալաբադ շրջանի Քյուրունջ գյուղը: Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վերոնշյալ անձանց և Ադրբեջանի սահմանապահների միջև տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սահմանախախտներից մեկը (Ալի Գուրբանվենդ, ծնված 1989թ.) վիրավորվել է, իսկ մյուսները փախչել են իրանական տարածք: Միջադեպի առնչությամբ՝ Իրանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարների օգնականների միջև տեղի ունեցել աշխատանքային հանդիպում: Նկատենք, որ իրանական ԶԼՄ-ներն առայժմ միջադեպի առնչությամբ տեղեկություն չեն հրապարակել: Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական սահմանում վերջին շրջանում հաճախակի են տեղի ունենում նմանատիպ զինված բախումներ: 2012թ. օգոստոսի 17-ին Ադրբեջանի սահմանապահների և Իրանի տարածքից ներթափանցած զինված խմբավորման միջև ևս տեղի էր ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով մեկ հոգի վիրավորվել էր: 2010-11թթ. իրանա-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել հետևյալ զինված միջադեպերը: 2010թ. մայիսի 31-ին ադրբեջանցի սահմանապահները սպանել էին 52-ամյա Իրանի քաղաքացու, ով փորձել էր ձկնորսություն կատարելու նպատակով անցնել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև գտնվող սահմանային գետը: 2011թ. ապրիլին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների արձակած կրակից սպանվել է Ադրբեջանի Յարդիմլի շրջանի բնակիչ Ջաաֆար Ջաաֆարովը, ով փորձել էր անցնել Իրանի տարածք: 2011թ. հոկտեմբերի 19-ին սահմանային Արանլի գյուղի շրջակայքում Ադրբեջանա-իրանական սահմանն անցնելու ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ տեղի ունեցած զինված բախման արդյունքում զոհվել էր Իրանի սահմանապահ ծառայության 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը:

No comments: