Sunday, July 20, 2008

ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 19-ին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության հարյուր օրը: Ինչպես հայտնի է, դա այն ժամանակահատվածն է, երբ գնահատում են նախագահի առաջին քայլերը, դրանից ելնելով կատարում են նրա հետագա քայլերի մասին եզրակացություններ: Ինչ կարելի է եզրակացնել Սերժ Սարգսյանի նախագահության հարյուր օրերից հետո: Գրեթե ոչինչ, կամ կարելի է եզրակացնել, որ այդ նախագահությունը հարյուր օրերի ընթացքում այդպես էլ լիարժեք չսկսվեց: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին չի հաջողվել լուծել գլխավոր խնդիրը` իշխանության լեգիտիմության հարցը: Եթե չի լուծվում այդ հարցը, ապա ոչ միայն հարյուր օր, կամ տասը տարի, այլ անգամ հարյուր տարի էլ նախագահելու դեպքում անհնար է այդ նախագահությունը համարել լիարժեք:
Սերժ Սարգսյանի պարագայում լեգիտիմության խնդիրը լուծելն առավել բարդ է, քանի որ նրա նախագահությանը նախորդել է մարտի 1-ի արյունահեղությունը: Դա իհարկե տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, բայց իր նախագահության հարյուր օրերի ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ հանրությանը հստակ ապացույցներ ներկայացնել, թե ուղղակի, թե անուղղակի, որ ինքը անմասն է եղել անմեղ զոհերի արյունից, կամ որ եթե ինքը լիներ նախագահ, ապա չէր անի այդ բանը, չէր հրամայի կրակ բացել ցուցարարների վրա: Ավելին, Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա եւ ռուսական մամուլին տված հարցազրույցի ընթացքում փաստացի հայտարարեց, որ եթե տասը մարդ չզոհվեր, ապա հետո զոհերի թիվը կարող էր ավելի մեծ լինել:
Այսինքն, Սերժ Սարգսյանը դրանով լիովին արդարացրեց Ռոբերտ Քոչարյանի գործողությունները: Հետեւաբար, թեեւ հանրային եւ պետական կյանքի այլ բնագավառներում, այլ հարցերի առնչությամբ Սերժ Սարգսյանն իր քաղաքականությամբ շատ նրբորեն, իսկ երբեմն էլ ուղղակի անթաքույց ի ցույց է դնում Ռոբերտ Քոչարյանի բացթողումները, այդուամենայնիվ, Հայաստանի ներկայիս իրավիճակի ամենից առանցքային եւ կարեւոր հարցում` մարտի 1-ի արյունահեղության գործում, Սերժ Սարգսյանն ինքն իրեն նույնացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ: Դրանից հետո, եթե անգամ մաքսայինը մինչեւ 2013 թվականն էլ այլեւս կաշառք չվերցնի, եթե պետավտոտեսուչները իշխանավորներին, նրանց հարազատ-բարեկամներին, օլիգարխներին ու նրանց սերունդներին ամեն օր տանեն տուգանային հրապարակ եւ նույնիսկ զրկեն մեքենա վարելու իրավունքից, եթե մեկի փոխարեն ստեղծվի նախագահին առընթեր երեք միլիոն հանրային խորհուրդ, եթե քաղաքական դաշտում ձեւավորվի ոչ միայն երրորդ, այլ նաեւ հինգերորդ, տասերորդ եւ քսաներորդ քաղաքական ուժ, եթե Գյուլը Հայաստան հրավիրվի նաեւ ֆուտբոլային հավաքականների մարզումները դիտելու համար, միեւնույն է, իշխանությունը լեգիտիմ չի լինելու, որովհետեւ նա չի պատասխանում հասարակությանը հուզող ամենից կարեւոր հարցին` ով եւ ինչու է կրակել խաղաղ ցուցարարների, անմեղ քաղաքացիների վրա, ինչպես է սպանվել տասը մարդ եւ ով է սպանելու հրաման տվողը: Պետք չէ տուրք տալ գալուստսահակյանական մտածողությանը, թե հասարակությանը երբ հաց տաս, նա կմոռանա մնացած այլ բաների մասին, կամ մինչեւ հաց չտաս, այլ բաների մասին չի էլ հիշի:
Ինչպես երեւում է հարյուր օրերի ընթացքում Սերժ Սարգսյանի կատարած գործերից, նա կամ չի պատկերացնում Հայաստանի իշխանության հետագա ճակատագրի հարցում մարտի 1-ի արյան գործոնի կարեւորությունը, կամ պատկերացնելով հանդերձ փորձում է լուծումը գտնել այլ գործոններ առաջ մղելով: Այլ գործոնները դրանք հիմնականում արտահայտվում են բառերով: Ակնհայտ է, որ իշխանությունը, Սերժ Սարգսյանի նախագահության հարյուր օրերի ընթացքում առավելապես փոխվել է բառապաշարի իմաստով: Այսինքն, փոխվել են ելույթների բովանդակությունները, դրանք դարձել են ավելի պատկերավոր, ասենք` «հայերը չոր ճյուղ են, բայց հողի մեջ եթե դրվեն, ծաղկում են»: Շատ խոսվում է համեստ կյանքի, հարստությունն ու ուժը հրապարակայնորեն չցուցադրելու, ավելի շատ հոգեւոր արժեքների վրա կառուցված վերնախավի եւ հասարակության հասնելու, երկխոսությունը որպես կանչող փարոս կիրառելու, ազգային միասնության, հասարակական վստահության, եւ այդ կարգի այլ հուզիչ երեւույթների մասին: Հաճախ մեջբերվում են Ներսես Շնորհալին, եւ հայ ժողովրդի պատմության մեջ իրենց մտավոր աշխատություններով տեղ գտած այլ դասականներ: Եվ այդ ամենը փորձ է արվում հակադրել մարտի 1-ին: Այսինքն, հարյուր օր շարունակ, իշխանությունը փորձում էր իր եւ դասականների մտքով լվանալ քաղաքացիների արյունը: Մինչդեռ երեւի թե հարյուր օրը պետք է բավական լիներ հասկանալու համար, որ միտքը չի կարող արյուն լվանալ, ոչ էլ արյունը կարող է չոր միտքը ոռոգել: Եվ նաեւ, մտքի հաջողությունը կախված է արյան բնականոն շրջանառությունից: Մարտի 1-ին խախտվել է մեր պետական օրգանիզմի հենց այդ բնականոն շրջանառությունը: Հարյուր օրվա ընթացքում չի կատարվել այն վերականգնելու ոչ մի էական քայլ: Թեեւ հնարավոր է, որ հարյուր օրն այդուամենայնիվ դրական նշանակություն ունենա պետության համար, քանի որ միգուցե իշխանությունն ինքն իր այդ ժամանակահատվածի աշխատանքն ամփոփելով ի վերջո հանգի եզրակացության, թե ինչպես պետք չէ աշխատել հետագայում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ. «ԼՐԱԳԻՐ», 18.07.08

No comments: