Sunday, July 20, 2008

ԵՎ ՔՇՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԶՀՈՏՍ ՀԱՅՈՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԱՑ

Եթե որեւէ մեկը համարձակվեր բառ անգամ ասել պատմական փաստերն ուսումնասիրելու վերաբերյալ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման մասին, հայաստանցի պատմաբաններն այդ մարդուն անմիջապես կուղարկեին կամ գրողի ծոցը, կամ մեղմ ասած պատմության գիրկը` գուցե նաեւ բառի բուն իմաստով: Եվ ինչու միայն պատմաբանները: Նույնը կանեին գրողները, հրապարակախոսները, արվեստագետները, նկարիչները, ռեժիսորները, դերասանները, երգիչները: Այդ ամբողջ հանրույթի զգալի մասը, որ առիթը բաց չի թողնում հրապարակ ելնելու եւ թուրքի, ու թուրքի հետ հաշտվելու պատրաստ որեւէ մեկի «հերն անիծելու» եւ մեր ազգային գենը այդօրինակ դավաճաններից մաքրելու համար: Բավական է հիշել, թե ինչպես Հրանտ Դինքի սպանությունից հետո, մեր մտավորականություն կոչվող կոնգլոմերացիայի «վառ» ներկայացուցիչները սկսեցին միաբերան խոսել թուրքի թուրք մնալու, արյունարբու, վայրենի եւ էլի չգիտեմ ինչ լինելու մասին: Այն մասին, որ հազար տարի էլ անցնի, միեւնույն է, թուրքը իր արածն անելու է եւ նրա հետ հաշտության եզրեր որոնողներն ընդամենը մեզ տանում են հերթական ցեղասպանության:
Շատ ժամանակ չի անցել այդ օրերից, եւ թերեւս շատերի հիշողության մեջ է թարմ մտավորականության այդ պահվածքը: Սակայն նույն այդ մտավորականությունը չգիտես ինչ զարմանահրաշ կազմակերպվածությամբ այժմ լռում է: Մինչդեռ խոսելու առիթ կարծես թե կա: Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել է ֆուտբոլային հանդիպում դիտելու, իսկ դրանից բացի, ինչն առավել մեծ առիթ է մտավորականության «զարթոնքի» համար, հայտարարել է, որ կողմ է պատմական փաստերն ուսումնասիրելու համար հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին, միայն պայմանով, որ դրանից առաջ բացվի Հայաստանի հետ սահմանը: Մտավորականությունը «պետք է ճչար», ինչպես կասեր մարքսիստ Դավիթ Հակոբյանն իր քաղաքական «երիտասարդության» զենիթին: Բայց արի ու տես, որ մտավորականությունը, պատմաբանական, պատմաբարոյագիտական (կրկին մարքսիստի բառապաշարից) հանրությունը կարծես թե չի էլ լսել Սերժ Սարգսյանի հայտարարությունը:
Սակայն այդ հանրության առանձին ներկայացուցիչներ այդուամենայնիվ ճչում են: Ճչում են, թե ինչպես Հայաստանը կատարեց վերջապես երկար սպասված քայլը, թե ինչ իմաստուն դիվանագիտություն վարեց Սերժ Սարգսյանը, թե ինչպես հայկական դիվանագիտությունը երբեք այդքան գեղեցիկ եւ հիասքանչ չէր եղել, ինչպես հիմա:
Այդ ամենը գուցե իսկապես ճիշտ է: Միգուցե Սերժ Սարգսյանը ոչ միայն կատարեց պարզապես իմաստուն քայլ, այլ իր քայլի մեջ ներառեց հայ ժողովրդի ամբողջ իմաստնությունը: Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն իր այդ քայլով դարձավ հայ ժողովրդի դարավոր իմաստնության հավաքական կերպարը: Խնդիրն այս դեպքում ամենեւին դա չէ: Ժամանակի ընթացքում կերեւա, թե արդյոք Սերժ Սարգսյանի քայլը ինչ իրական ազդեցություն կունենա Հայաստանի համար, կամ արդյոք Սերժ Սարգսյանի իմաստնությունը կբավականացնի հետագա քայլերի համար, քանի որ կասկածից վեր է, որ Թուրքիան պատրաստում է իր պատասխանը «Չեմբեռլենին»: Հարց է նաեւ, թե արդյոք մենք գործ ունենք Սերժ Սարգսյանի, թե համաշխարհային քաղաքականության մայրաքաղաքներից որեւէ մեկի իմաստնության հետ, որը մտերմաբար փոխանցել են Սերժ Սարգսյանին: Այդ ամենը կարեւոր, բայց այլ հարթության վրա դիտարկելու խնդիր է:
Բանն այստեղ Հայաստանի փորձագիտական, պատմագիտական, արվեստաբանական, մի խոսքով` մտավորական կոչվող հանրույթի արձագանքն է: Երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր եւ Թուրքիայի հետ հարաբերության տեսանկյունից վարում էր որոշակի կոշտ քաղաքականություն, շեշտը դնելով Թուրքիայի հանդեպ հայաստանյան հանրության անզիջում կեցվածք ձեւավորելու վրա, նույն այդ մտավորական կոչվող հանրույթը, կամ թանձրույթը, միաբերան գովերգում էր Ռոբերտ Քոչարյանի այդ կոշտ քաղաքականությունը, այն համարելով Հայաստանի համար միակ հնարավորը, քանի որ գործ ունենք թուրքի հետ: Հիմա, երբ նախագահը Սերժ Սարգսյանն է, նույն մտավորականները` տարբեր մասնագիտության տեր, գովերգում են նրա դիվանագիտական իմաստնությունը, առայժմ իհարկե մի քիչ զգուշավոր, որովհետեւ դեռ չգիտեն, գուցե Սերժ Սարգսյանը փոշմանի:
Այդ երեւույթը իհարկե մի փոքր հետին պլան է մղում հայ-թուրքական հարաբերությունը, եւ առաջ է բերում Հայաստանում մտավորական խավի առկայության եւ դրա որակի խնդիրը: Այդ խնդրի հիմնական առանցքը թերեւս այն է, որ այդ մտավորական կոչվող հանրույթը, որ ներառում է փորձագետների, վերլուծաբանների, պատմաբանների, արվեստագետների, գրողների, հրապարակախոսների, երգիչների, դերասանների, նկարիչների եւ այլ իչների մի զգալի բազմություն, առանձին բացառություններով, բացարձակապես չի փորձում խորամուխ լինել երեւույթների մեջ, այլ ընդամենը բավարարվում է իր համար ֆիքսելով, թե ով է տվյալ պահին երկրի նախագահն ու ինչ է ասում նա: Եվ մեկ էլ, ոչ միայն ֆիքսելով այդ փաստը, այլ ամեն առավոտ որեւէ մի պաշտոնաթերթից ճշտելով, թե արդյոք գիշերվա ընթացքում նախագահ չի փոխվել: Հասարակական օրգանիզմում այդ որակի մարմին ունենալով, հազիվ թե կարելի է ակնկալել, որ թե հայ-թուրքական, թե որեւէ այլ հարցում հնարավոր է ձեւավորել հասարակական առողջ պատկերացում եւ այդ պատկերացման միջոցով առողջ գնահատականի ենթարկել որեւէ դիվանագիտություն: Ահա թե ինչու Հայաստանում թե այդ, եւ թե այլ կարեւորագույն հարցերի պարագայում չի ձեւավորվում հասարակական կարծիք, այլ առաջ են գալիս ընդամենը բնազդները, նայած, թե ում մոտ դրանցից որն է զարգացած:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: