Sunday, July 20, 2008

Հանրահավաքը Վանաձորում անցավ հանգիստ եւ խաղաղ

«Tert.am», 18.07.08: Հուլիսի 18-ին, ժամը 17-ին Վանաձորում տեղի ունեցավ հանրահավաք, որը կազմակերպել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ:
«Վանաձորցիներին հասանելի որեւէ լրատվամիջոց մանրամասնորեն չի ներկայացնում 1609 եւ 1620 ԵԽՎՎ բանաձեւերի ընթացքը: Մնում է միայն հանրահավաքը, որի միջոցով կարելի է տեղյակ պահել մեր քաղաքացիներին երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրավապաշտպան կազմակերպության տեսանկյունիցե,- նշեց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հանրահավաքին ներկա էին մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում` եւ «Ժառանգության» եւ Համաժողովրդական Շարժման:
Մասնավորապես, հանրահավաքին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Դավիթ Շահնազարյանը, Վարդան Խաչատրյանը, Արամ Նազարյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Ալեքյանը, Գառնիկ Սահակյանը:
Գյումրիից Վանաձոր էր ժամանել «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, որն իր ելույթում նշեց.
«Եվրոպայի խորհուրդի մարդիկ մեր իշանությունների նման են: Վեհաժողովի 1609 բանաձեւով որոշվել էր, որ Հայաստանում պետք է մի քանի փոփոխություններ կատարվեն երկու ամսվա ընթացքում, հակառակ դեպքում Հայաստանի պետությւան վստահելիությունը կդրվի կասկածի տակ, սակայն 2 ամիսը անցել է, եւ ոչ մի կետը չի համատասխանում պահանջներին: Պատժելու փոխարեն նրանք նոր բանաձեւ առաջ քաշեցին`1620-ը»:
Դավիթ Շահնազարյանն իր ելույթում նշեց, որ, ըստ էության, Համաժողովրդական շարժումը իսկապես համաժողովրդական է, եւ իշխանության հարցը իրավաբանորեն կորոշվի.
«Չկա ճեղքված հասարակություն, կա միավորված հասարակություն: Այս փուլը կվերջանա նախագահական նոր ընտրություններով»:
Վանաձորից այժմ բանտարկված է միայն ՀՀՇ-ի Աշոտ Մանուկյանը: Հանրահավաքի եկած մարդկանց ձեռքին էին «Ազատություն» պաստառները, նրանց կողքին կային նաեւ Մանուկյանի նկարով պաստառները: Աշոտ Մանուկյանի որդին` Սարգիս Մանուկյանը, ով հանրահավաքի կազմակերպիչներից է, նշեց, որ երեկ է տեսակցել հորը եւ անպայման կպատմի մանրամասները.
«Նրանց մարտական ոգին բարձր է եւ այդպես էլ կմնա: Ազատությունը մարդկանց օդի նման պետք է, եւ ես համոզված եմ, որ Վանաձորի հանրահավաքը կբերի նաեւ մյուս մարզերում հանրահավաք կազմակերպելուն»:

No comments: