Saturday, July 19, 2008

ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՄՇԵՆ ԵՎ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԳԱԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի եւ Հայրենադարձության ու հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ հուլիսի 23-ին Երեւանում կկայանա «Համշեն եւ համշենահայեր. պատմություն եւ մշակույթ» միջազգային գիտաժողովը: Ինչպես նշված է գիտաժողովի կազմակերպիչների հաղորդագրությունում, Թուրքիայում այսօր բնակվում են մեծ թվով էթնիկ հայեր, որոնք թեեւ ժամանակին ընդունել են իսլամը, սակայն իրենց լեզվում, սովորույթներում, մշակույթի տարբեր բաղադրիչներում դեռեւս պահպանել են իրենց հայկական ինքնության որոշ տարրեր: «Նման էթնիկական խմբերից են համշենցիները կամ համշենահայերը: Նրանց նկատմամբ վերջին տարիներին բավականին աճել է հետաքրքրությունը գիտական շրջանակներում` հրատարակվում են նորանոր ուսումնասիրություններ, արվում են զեկուցումներ եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում:Ըստ կազմակերպիչների, գիտաժողովի նպատակը Համշենի եւ համշենահայերի վերաբերյալ ուսումնասիրությունների խթանումն է եւ համշենահայերի հետ կապերի սերտացմանը նպաստելը:Նշենք, որ գիտաժողովը տեղի է ունենալու հուլիսի 21-27-ին Երեւանում անցկացվող «Համշենական շաբաթի» շրջանակներում, որի ընթացքում նախատեսվում է կազմակերպել այլ միջոցառումներ եւս` համշենական «Վովա» համույթի համերգներ, Համշենի հայկական ճարտարապետությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես եւ այլն:

No comments: