Saturday, July 19, 2008

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱԿՕՍԻՆ» ՀԵՏԵՎԵԼՆ Է»

ՍՏԱՄԲՈՒԼ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱԶԳ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Էթիեն Մահչուբյանը «Ակօսի» խմբագրի պաշտոնն ստանձնեց Հրանտ Դինքի մահից անմիջապես հետո: Թուրքիայի քաղաքականությանը նվիրված 8 գրքի հեղինակ Էթիեն Մահչուբյանը սեփական սյունակն է վարում «Զաման» եւ «Թարա» թերթերում եւ համարվում է թուրքական մամուլի ամենահամարձակ մեկնաբաններից մեկը:

- Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրք հասարակության մեջ եղեռնի ընդունման հարցի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն նկատվո՞ւմ է:

- Հասարակության մեջ երկու տեսակետ ձեւավորվեց: Առաջին` հասարակության մի հատվածն սկսեց կասկածանքով վերաբերվել 1915 թվականի եղելությունների շուրջը տարվող պետական քարոզչությանը, երկրորդ միտումն այն է, որ հարկավոր է հեռու մնալ այն ամենից, ինչն առնչվում է այդ թվականների իրադարձություններին: Երբ այդ խոսակցությունները տարվում են անձնական մակարդակով, ապա մարդիկ ավելի ազատ են արտահայտվում: Հակառակ պատկերն է, երբ խնդիրն արծարծվում է որեւէ հավաքույթում կամ ժողովում:
- Ինչպե՞ս է ընթանում Հրանտ Դինքի սպանության դատավարությունը:

- Փոփոխություններ տեղի ունեցան ապրիլի սկզբին: Երկու ժանդարմներ ցուցմունք տվեցին, որ իրենց պետերը տեղյակ են եղել սպանությանը: Այս ցուցմունքներից հետո նոր փուլ է բացվել գործում:- Հրանտ Դինքի մահից կարճ ժամանակ անց հանրահայտ 301 հոդվածով մեղադրանք հարուցվեց որդու` Արադ Դինքի դեմ: 301-րդ հոդվածը շարունակո՞ւմ է սպառնալիք մնալ:- Հրանտ Դինքի` «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցը մենք իբրեւ լրատվություն տպագրել էինք «Ակօսում»: Այդ հարցազրույցում Հրանտ Դինքը գործածել էր «ցեղասպանություն» բառը: Այդ բառի գործածումն էլ լրատվության մեջ առիթ դարձավ դատավարության համար: Այդ օրերին Հրանտ Դինքը դեռ ողջ էր եւ «Ակօսի» պատասխանատու տնօրենն էր: Նրա մահից հետո նույն պաշտոնը ստանձնեց որդին` Արադ Դինքը եւ դատավարությունը շարունակվեց նրա անվամբ: Նա եւ լրագրի արտոնատեր Սարգիս Սերոբյանը դատապարտվեցին մեկ տարի բանտարկության: Պատիժը հետաձգված է, սակայն նույն 301-րդ հոդվածի համաձայն, եթե այլ հարցով մեկ անգամ եւս դատապարտվեն, պատիժն այլեւս հնարավոր չի լինի հետաձգել: Ներկայումս Արադ Դինքը հրաժարվել է «Ակօսի» իր պաշտոնից: Գրեթե ամեն օր նա մեզ հետ է, սակայն պաշտոնապես հրաժարվել է պաշտոնից, որպեսզի այլ դատավարության առիթ չստեղծվի:Սակայն սա միակ դատավարությունը չէ: «Ակօսի» երկու լրագրող` Սարգիս Սերոբյանը եւ Արիս Նալճըն, տակավին դատավարության մեջ են 288 հոդվածով: Մենք լրատվություն էինք տպագրել Արադ Դինքի դատավարության մասին, որի հետեւանքով գործ հարուցվեց լրագրողների նկատմամբ: Դատախազությունում հատուկ ծառայողներ կան, որոնց պարտականությունը «Ակօսին» հետեւելն է: Սարգիս Սերոբյանի եւ Արիս Նալճըի գործը վարող դատավորը նույն անձն է, որ նույն հոդվածով մեկ տարի բանտարկության էր դատապարտել Հրանտ Դինքին: Մենք պահանջեցինք, որ դատավորը փոխվի, սակայն անարդյունք: Այժմ փորձում ենք ավելի բարձր ատյաններին դիմել դատավորի փոփոխության հարցով: Նոր դատավարություններից խուսափելու համար մեր նյութը չենք փոխում, սակայն ուշադրություն ենք դարձնում բառերի ընտրությանը: Մեր պարտականությունն այսօր «Ակօսի» տպագրությունը չկանգնեցնելն է:

- Հրանտ Դինքի հետ մտերիմ ընկերներ էիք: Խմբագրի պաշտոնի ստանձնումը Ձեր ընտրությո՞ւնն էր, թե՞ պարտականություն ընկերոջ հիշատակի առջեւ:

- Ես ինքս չեմ որոշել, պարզապես այդ շրջանում ինձ առաջարկեցին, եւ ես ընդունեցի: Հրանտ Դինքի հետ շատ մտերիմ էինք, գրեթե ամեն օր հանդիպում էինք: «Ակօսի» խնդիրները լավ գիտեի, խմբագիր լինելն ինձ համար դժվար չէ, դժվարը հոգեբանական բարդությունը հաղթահարելն է:

- Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան «Ակօսում» Հրանտ Դինքի մահից հետո:

- Ճնշումներն ավելի շատ կամ քիչ չդարձան: Կորուստը, իհարկե, մեծ է, սակայն կանգ չենք առնում եւ կարող եմ ասել, որ այս ընթացքում «Ակօսը» մեկ քայլ առաջ է: «Ակօսը» ստամբուլահայության ձայնն է: Այսօր մենք փորձում ենք ոչ միայն համայնքային լրատվություն տալ, այլեւ անդրադառնում ենք Թուրքիայի խնդիրներին: Մեր ցանկությունն է «Ակօսը» Հայաստանում եւս տպագրել, քանի որ թերթի նպատակներից մեկն էլ հայ-թուրքական հարաբերությունների լավացումն է:

- Հրանտ Դինքի սպանությունը թուրք հասարակության մեջ մեծ հուզմունք առաջացրեց: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր:

- Խմբագրություն այցելությունները մինչ օրս շարունակվում են: Հիմնականում Հրանտ Դինքի ընկերներն են, կան հասարակ քաղաքացիներ եւս, ովքեր գալիս են եւ հայտնում իրենց աջակցությունը:

- Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Սերժ Սարգսյանին շնորհավորողներից առաջինն էր, ինչն էլ առիթ տվեց հայ-թուրքական հարաբերությունների լավացման մասին ենթադրություններին: Այս շրջանում հայ թուրքական հարաբերությունների լավացումը հնարավոր համարո՞ւմ եք:

- Իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության քաղաքականության մեջ հարաբերությունների լավացման միտում նկատվում է: Սակայն լավատեսության առիթ քիչ կա: Այդ կուսակցությունը ներկայումս դժվար օրեր է ապրում եւ այն ուժն այսօր չունի, որ կարողանա էական փոփոխություններ իրականացնել:

No comments: