Sunday, July 20, 2008

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող Սթիվեն Քոհենի հոդվածը առաջինն է «Ռուսաստանը հակահարված է տալիս» ընդհանուր խորագրի ներքո «Ինտերնեշնըլ հերալդ թրիբյուն» թերթի հուլիսի 2-ի համարում տպագրված երկու հոդվածներից, որտեղ քննության են առնվում Ամերիկայի արտաքին քաղաքականությունը եւ ՆԱՏՕ-ի դեպի արեւելք ընդարձակման ծրագրերը: Քոհենը Նյու Յորքի համալսարանի ռուսական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոսներից է եւ վերջերս հեղինակել է «Ձախողված խաչակրաց արշավանքը: Ամերիկան եւ հետկոմունիստական Ռուսաստանի ողբերգությունը» վերնագրով գիրքը:

Ամերիկայի նախագահական ընտրությունների երկու գլխավոր թեկնածուներից ոչ մեկը ցարդ լրջորեն չի անդրադարձել այն հարցին (կամ ցույց տվել, որ իրազեկ է), թե որն է արտաքին քաղաքականության ասպարեզում մեր մեծագույն մտահոգությունը, իսկ դա Ռուսաստանի եզակի կարողությունն է փորձության մատնելու կամ ամրապնդելու մեր ազգային անվտանգությունը:
Հակառակ 1991 թվին Խորհրդային Միության քայքայման հետեւանքով իր ունեցած համեմատաբար թուլացած կարգավիճակին, Ռուսաստանը միակ երկիրն է, որը զինամթերքի իր ունեցած պաշարներով ի վիճակի է խորտակելու Միացյալ Նահանգները: Ունի հզոր ռազմարդյունաբերություն, արտահանելու հնարավորություններ եւ, իհարկե, բնական գազի եւ նավթի պաշարներ:
Ռուսաստանը նաեւ տարածքային առումով ամենամեծն է աշխարհում: Նրա մի մասը արեւմուտքում է, մյուսը՝ արեւելքում: Լինելով հակամարտող քաղաքականությունների խաչմերուկում, մարտավարական լայն հնարավորություններ ունի ինչպես Եվրոպայում, Իրանում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում, այնպես էլ Չինաստանում, Կորեայում, Աֆղանստանում եւ նույնիսկ Լատինական Ամերիկայում: Բոլոր առումներով մեր ազգային անվտանգությունն ավելի շատ է կախվածության մեջ Ռուսաստանից, քան Ռուսաստանինը՝ մեզանից:
Հակառակ դրան, Մ. Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերություններն այսօր ավելի վատն են, քան եղել են վերջին քսան տարիներին: Այդ հարաբերությունների մեջ մտնում են նույնքան լուրջ հակասություններ, որքան եղել են սառը պատերազմի տարիներին: Դրանց թվում կարելի է նշել Կոսովոն, Իրանը, Խորհրդային նախկին հանրապետություններից Ուկրաինան եւ Վրաստանը, Վենեսուելան, ՆԱՏՕ-ի ընդարձակումը, հրթիռների պաշտպանության խնդիրը, նավթի գործոնը եւ այլն:
Նույնիսկ ներկայի սառը խաղաղության կարգավիճակն ավելի վտանգավոր կարող է լինել, քան իր նախորդը երեք հիմնական պատճառներով. առաջին, որովհետեւ նրա ճակատային գիծը ոչ թե Բեռլինում է կամ երրորդ աշխարհում, այլ Ռուսաստանի սահմանների վրա, որտեղ ամերիկյան եւ ՆԱՏՕ-ական հետզհետե աճող զինվորական քանակակազմն է հարմար տեղավորված: Երկրորդ, որովհետեւ զանգվածային բնաջնջման զենքերի հսկայական կուտակումներն ու հազարավոր հրթիռները գտնվում են թույլ վերահսկողության տակ: Երրորդ, որովհետեւ չկա արդյունավետ գործող ազգային ընդդիմություն, ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Ռուսաստանում, որ կարողանար հակակշռել քաղաքականությունը: Երկու երկրներում էլ կան միայն ազդեցիկ կառավարամետ համախոհներ եւ հավանության բացականչություններով աղաղակողներ:
Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:
Մ. Նահանգների քաղաքական էլիտայի եւ զանգվածային լրատվական միջոցների բացատրությամբ, դա հետեւանք էր մի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հակաժողովրդավարական ներքին քաղաքականության, մյուս կողմից՝ Ամերիկայում «նեոիմպերիալիզմի» վերազարթնումի: «Այդ գործոնները խորտակեցին ընձեռված պատմական հնարավորությունը»:
Սա, իհարկե, բավարար բացատրություն չէ:
Առնվազն վերջին ութ տարիներին Պուտինի արտաքին քաղաքականությունը գլխավորապես հիմնված է եղել հակադարձելու Ամերիկայի իննսունականներից որդեգրած այն մոտեցումը, որ «ամեն ինչ պատկանում է հաղթողին» կամ «պարտվողը կորցնում է ամեն ինչ»:
Այս նոր «նվաճողական» տրամաբանությամբ Ամերիկան հաղթական էր դուրս եկել 40-ամյա հակամարտությունից եւ հետխորհրդային Ռուսաստանը՝ հետպատերազմյան Գերմանիայի եւ Ճապոնիայի նման դարձել էր ամբողջական ինքնուրույնությունից զուրկ մի երկիր ներսում եւ իր ազգային շահերը պաշտպանելու անկարող մի պետություն դրսում:
Այս մոտեցումը դեռեւս շարունակվում է, եւ դրա հետեւանքներն, անշուշտ, հատուկ էին Մոսկվային: Դա նշանակում էր, որ Վաշինգտոնը իրավունք ուներ վերահսկելու Ռուսաստանի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական զարգացումները (1990-ական թվականներ) եւ պահանջելու, որ Ռուսաստանը զիջեր, տեղի տար Ամերիկայի միջազգային շահերի առաջ: Դա նշանակում էր նաեւ, որ Վաշինգտոնը կարող է խախտել մարտավարական խոստումները (ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արեւելք եւ անդամակցության հրավերները Ռուսաստանին մոտիկ երկրներին) նույնիսկ այն բանից հետո, երբ Պուտինը կարեւոր օժանդակություն ցուցաբերեց Մ. Նահանգների ձեռնարկած պատերազմին Աֆղանստանում՝ 9/11-ի դեպքերից հետո: Դա նույնիսկ նշանակում էր ներխուժել Ռուսաստանի ավանդական անվտանգության եւ էներգիայի պաշարների սահմաններից ներս (Բալթյան երկրներ, Ուկրաինա, Վրաստան, Կենտրոնական Ասիայի եւ Կասպիական երկրներ):
Նման վերաբերմունքը անպայման առաջ էր բերելու Ռուսաստանի հակադարձ հարվածը: Դա տեղի ունեցավ Պուտինի ժամանակ: Բայց կարող էր նաեւ տեղի ունենալ մի այլ ուժեղ առաջնորդի օրում:
Ամերիկայի այս քաղաքականությունը, որ Մոսկվայում դիտում են որպես շրջափակելու, մեկուսացնելու եւ թուլացնելու միջոց, նպաստեց, որ վերակենդանանա ազգայնականությունը ռուսաստանցիների շրջանում, խորտակի մի որոշ ժամանակ ուժեղացած ամերիկամետ քարոզչությունը եւ դեմ դուրս գա բոլոր տեսակի զիջումներին՝ համարելով դրանք «կապիտուլյացիա»: Հնարավոր է, որ Կրեմլը չափն անցնում է, բայց պարզ է, որ մենք դարձյալ գտնվում ենք սառը պատերազմի շեմին:
Եվ քանի որ այս ուղղությամբ (այս աստիճանին հասնելու) քայլերն առաջին հերթին Վաշինգտոնում էին ձեռնարկվել, հետդարձի քայլերը նույնպես Վաշինգտոնը պետք է կատարի: Այդ քայլերից երեքը խիստ անհրաժեշտ են անհապաղ:
Առաջին՝ Մ. Նահանգները պետք է Ռուսաստանին վերաբերվի որպես ինքնուրույն, ինքնիշխան հզոր պետության, որ հետամուտ է իր ազգային շահերին:
Երկրորդ՝ Մ. Նահանգները պետք է դադարեցնի ՆԱՏՕ-ի արեւելյան ընդարձակումը, նախքան այն հասնի Ուկրաինա եւ սառը պատերազմից էլ ավելի վատ հետեւանք ունենա:
Երրորդ՝ Մ. Նահանգները պետք է վերականգնի բանակցությունները միջուկային զենքի ամբարումների վերաբերյալ, որպեսզի կանխվի սպառազինության մրցավազքը:
Այս հարցերը պետք է քննարկվեն Ամերիկայում՝ նախագահական ընտրարշավի այս օրերին: Դժբախտաբար ո՛չ Ջոն Մակքեյնը, ո՛չ էլ Բարաք Օբաման չեն անդրադարձել դրանց ցարդ: Փոխարենը նրանք երկուսն էլ խոստացել են «ավելի խիստ» լինել Կրեմլի հարցում, քան Ջորջ Բուշը:
Արդար լինելու համար նշենք, որ ոչ ոք նման հարցերով չի դիմել նախագահական թեկնածուներին: Կարծում ենք՝ ժամանակն է, որ նրանց ուղղվեն այդ հարցերը եւ նրանք պատասխանեն դրանց:
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

No comments: