Sunday, July 20, 2008

ԿԱՅԱՑՎԱԾ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐՈՎ 61 ԱՆՁԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԵՆ 57-ը, ԱՐԴԱՐԱՑՎԵԼ` 5-Ը

«Panorama.am», 15.07.08: Հայաստանի գլխավոր դատախազը ամեն երկուշաբթի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին է ուղարկում այդ գործի հետ կապված քննչական գործողությունների շարժը: Այս մասին այսօր հանձնաժողովի նիստում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը եւ ներկաների համար կարդաց նախօրեին գլխավոր դատախազից ստացված հերթական տեղեկանքը:
Ըստ այդմ, «հուլիսի 14-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 139 անձի, որոնցից 117-ի նկատմամբ սկզբնական փուլում խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ 22-ի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին: Կալանավորված 117 մեղադրյալներից 28-ի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է այլ խափանման միջոցով:
Կալանքի տակ գտնվող 71 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերի մասեր են անջատվել եւ ուղարկվել են դատարան: Կալանքի տակ գտնվող 1 անձի վերաբերյալ քրեական գործի մասը կարճվել, քրեական հետապնդումը դադարեցվել եւ խափանման միջոց կալանավորումը վերացվել է:Կալանքի տակ չգտնվող 50 մեղադրյալներից 24-ի վերաբերյալ քրեական գործի մասերն անջատվել եւ ուղարկվել են դատարաններ, իսկ 20-ի նկատմամբ քրեական գործերի մասերը կարճվել են եւ քրեական հետապնդումը դադարեցվել է: Քրեական գործով 4 մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզումե:
Ըստ գլխավոր դատախազի տեղեկանքի, «ընդհանուր առմամբ դատարան ուղարկված 82 գործերից (95 անձի վերաբերյալ), 54-ով (61 անձի վերաբերյալ) դատաքննությունն ավարտվել է: Կայացված 54 դատավճիռներով, 5 անձ արդարացվել է, 25-ը դատապարտվել են 1-5 տարի ժամանակով ազատազրկման, 4 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 27-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան, ազատազրկման դատապարտված 25 անձանցից 1-ի նկատմամբ նշանակվել է նախատեսված պատժից մեղմ պատիժ»:
Այսպիսիով, գլխավոր դատախազը փաստում է, որ հուլիսի 14-ի դրությամբ, հիշյալ քրեական գործով կալանքի տակ է գտնվում 17 մեղադրյալ, 6-ի նկատմամբ կիրառված է չհեռանալու մասին ստորագրություն, 4 մեղադրյալ գտնվում են հետախուզման մեջ:

No comments: