Tuesday, July 22, 2008

ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Լեռնային Ղարաբաղի խնդիրը նրա այսօրվա ունեցած կարգավիճակը նվազեցնող լուծում չի կարող ունենալ: Այս մասին նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի հայկական համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն փոխանցվել է Խորհրդային Ադրբեջանին կուսակցական մարմնի ապօրինի որոշմամբ:
Որոշման անթաքույց հիմնավորումն այն էր, որ դա կօգնի տարածել հոկտեմբերյան հեղափոխության եւ համայնավարության գաղափարները դեպի մահմեդական Արեւելք»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել բանակցային գործընթացը հիմնական սկզբունքներն ամրագրող փաստաթղթի նախագծի շրջանակներում շարունակելու վերաբերյալ:
Միեւնույն ժամանակ Ս. Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օրենքի շրջանակներում, իսկ հետո եւ` պարտադրված գոյամարտում վաստակել է անկախ պետականության իր իրավունքը, եւ խնդիրը չի կարող ունենալ այդ կարգավիճակը նվազեցնող որեւէ լուծում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը եռօրյա պաշտոնական այցով հունիսի 23-ին մեկնել էր Մոսկվա: Բացի Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումներից, Ս. Սարգսյանը հանդիպել էր նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

No comments: