Thursday, July 17, 2008

ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍԻ ԱԿԱՆԱՏԵՍ

Պատմական փաստերի ուսումնասիրության հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելուն դեմ չլինելու մասին հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ակնհայտ անհարմարության մեջ դրեց ամբողջ իշխանական համակարգը: Նրա խոսքից հետո, իշխանական համակարգի զանազան ներկայացուցիչներն անընդհատ փորձում են վերաձեւել Սերժ Սարգսյանի արտահայտության իմաստը: Մեկն ասում է, որ խոսքը ոչ թե պատմական փաստերի ուսումնասիրության, այլ միջկառավարական հանձնաժողովի մասին է, մյուսն ասում է, որ խոսքը Ցեղասպանության ուսումնասիրության մասին չէ, այլ պատմական փաստերի` երեւի համարելով, որ ցեղասպանությունը պատմական փաստ չէ, երրորդն ասում է, որ չնայած հանձնաժողովի ստեղծմանը կողմ արտահայտվելուն, նախագահ Սարգսյանը դեմ է Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգից հանելուն: Զարմանալին այն է, որ իշխանական համակարգի գրեթե բոլոր սեգմենտների ներկայացուցիչները մեկնաբանում, պարզաբանում, բացում կամ փակում են նախագահի խոսքը, իսկ ինքը` Սերժ Սարգսյանը, լռում է:
Մինչդեռ, նկատի ունենալով հարցի կարեւորությունը, ոչ թե զուտ միայն ցեղասպանության փաստի ճանաչման կամ մերժման, այլ հայ-թուրքական հարաբերությունների ընդհանրապես, քանի որ դրանք ոչ միայն Հայաստանի կյանքը կարող են փոխել, այլ նաեւ տարածաշրջանի, Սերժ Սարգսյանը երեւի թե պետք է անձամբ փորձեր ցրել իր իսկ խոսքի հակասական եւ տարատեսակ ընկալումների մթնոլորտը եւ հասարակությանը հանգամանալից բացատրեր, թե ինչ է նկատի ունեցել` կողմ արտահայտվելով պատմական փաստերի ուսումնասիրության համար համատեղ հանձնաժողով ստեղծելու թրքական առաջարկին: Եթե Սերժ Սարգսյանը դա չի անում, ապա կարելի է եզրակացնել, որ նա կամ ինքն էլ լավ չի պատկերացնում, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել եւ հայտարարությունն անելով պահի տակ, հիմա իշխանական համակարգի տարատեսակ մեկնաբանությունների մեջ փորձում է փոշիացնել իր անհաջող միտքը, ինչպես այն որակեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, ասելով, թե գուցե նախագահը անհաջող միտք է արտահայտել, այլ տեղի համար նախատեսված, կամ էլ Սերժ Սարգսյանի նպատակը եղել է հենց հակասական տպավորությունների մթնոլորտ ձեւավորելը, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, որ Հայաստանում միայն ինքն է պատրաստ սթափ եւ համաշխարհային արդիական իրողություններին ադեկվատ գնահատականի ենթարկել հայ-թուրքական հարաբերությունը:
Թե հատկապես որ տարբերակի հետ գործ ունենք, դժվար է ասել, քանի որ պետք չէ նաեւ բացառել այլ տարբերակներ, որոնք եղել են Սերժ Սարգսյանի նախ աննախադեպ խոսքի, իսկ հետո նաեւ զարմանալի լռության պատճառը: Բայց ակնհայտ է, որ կա հենց հեղինակի` Սերժ Սարգսյանի բացատրության կարիքը: Օրինակ, հարց է առաջանում, եթե ցեղասպանությունը մնում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, եւ եթե պատմական հանձնաժողովի ստեղծմանը կողմ արտահայտվելով Սերժ Սարգսյանը կասկածի տակ չի առնում ցեղասպանության փաստը, էլ ինչ պատմական փաստեր է ուսումնասիրելու հանձնաժողովը: Արդյոք համատեղ հանձնաժողովի պատմաբանները փորձելու են պարզել հանգամանքները, այսինքն ոչ թե այն, թե ինչ է եղել, այլ այն, թե ինչպես է եղել ցեղասպանությունը: Իսկ եթե հանկարծ թուրք պատմաբաններին հաջողվի գտնել մի երկու փաստ, որտեղ նրանք ցույց կտան, թե ինչպես մի երկու հայ կոտրել են Ստամբուլի կենտրոնական փողոցների ապակիներ, թալանել են մի երկու կրպակ, եւ դրա համար էլ հարկ է եղել հրազեն կիրառել, ինչն էլ վերաճել է բախման ու ցեղասպանության: Ինչ է անելու այդ դեպքում հայկական կողմը: Չէ որ կարող էր 20-րդ դարասկզբին, կամ 19-րդ դարավերջին Օսմանյան Թուրքիայում լինել մեկ հայ խուլիգան, կամ գող, որն անկասկած տեղ չի գտել պատմության մեջ, որի մասին սակայն տեղեկություններ կարող են մնացած լինել թուրքական արխիվներում:
Ամեն դեպքում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի խոսքի պարզաբանումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, ավելի անհասկանալի են դարձնում այդ խոսքը, հետեւաբար նաեւ ավելի անհրաժեշտ են համարում, որ նախագահն, ի վերջո, թեկուզ միայն պատասխանատու հեռուստաընկերություններին հարցազրույց տալու քոչարյանական ավանդույթի կիրառումով, այդուամենայնիվ ինքը պարզաբանի իր խոսքը եւ հստակ շարադրի իր պատկերացումը այդ հանձնաժողովի ուսումնասիրության առարկայի վերաբերյալ: Խնդիրը Սերժ Սարգսյանի արտահայտած մտքի ճիշտ կամ սխալ, իմաստուն կամ դավաճանական լինելը չէ: Գուցե Սերժ Սարգսյանի տեսակետն իսկապես ամենաօպտիմալ եւ ճիշտ մոտեցումն է, որ հայկական կողմը կարող է թույլ տալ հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցում: Բայց դրա համար պետք է փաստարկել այդ մոտեցումը, հստակ ներկայացնել հանրությանը, որպեսզի հասարակությունը հասկանա այդ մոտեցման բուն բովանդակությունը եւ կարողանա տալ իր գնահատականը, ոչ թե վերածվի ընդամենը «փչացած հեռախոս» խաղը հիշեցնող գործընթացի հանդիսատեսի, երբ իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից անհասկանալի բացատրություններ են տալիս նախագահի խոսքի կապակցությամբ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: