Thursday, July 17, 2008

ԵԹԵ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին, սպասելի էր դեռեւս հունիսի 20-ի հանրահավաքից հետո: Սպասելի էր նաեւ, թե ինչ է պատասխանելու Քոչարյանը Տեր-Պետրոսյանին: Այդ իմաստով, երեւի թե կարիք էլ չկար, որ այդ պատասխանը հնչեր, քանի որ բոլորը գիտեն, թե ինչ կարող էր ասել Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ ընդհանրապես, իր որեւէ քաղաքական հակառակորդի: Իսկ ահա թե ինչ կասեր Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին, գիտեին երեւի թե քչերը, շատ քչերը: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված պատասխան հարցազրույցից հանրությունը թերեւս որոշակի պատկերացում կազմեց, թե ինչ կարող է ասել Ռոբերտ Քոչարյանը նաեւ Սերժ Սարգսյանին: Ավելին, հարցազրույցի մեջ Ռոբերտ Քոչարյանի թերեւս ամենից էական մտքերը հենց Սերժ Սարգսյանին էլ ուղղված են: Փաստացի կա նրան ուղղված առնվազն երկու բացահայտ, եւ մեկ թաքնված, անուղղակի մեղադրանք:
Առաջինն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է` ոչ ուղղակի բառերով, բայց հստակ ենթատեքստով, որ Սերժ Սարգսյանը դեռ ազատության մեջ է պահում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երկրորդ մեղադրանքն այն մասին է, որ Սերժ Սարգսյանը Երեւան ֆուտբոլ դիտելու է հրավիրում Աբդուլլահ Գյուլին: Եթե ամբողջացնելու լինենք, ապա կարող ենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը փաստացի դժգոհություն է հայտնում ներքին եւ արտաքին քաղաքականության երկու առանցքային հարցերում Սերժ Սարգսյանի ցուցաբերած մոտեցումների կապակցությամբ: Իսկ այդ դժգոհության «պսակը» կարելի է համարել այն արտահայտությունը, որ կատարում է Ռոբերտ Քոչարյանը իշխանության եւ պատասխանատվության մասին, ասելով, որ իշխանության համար պատասխանատվությունը ստվերային չի լինում եւ կրում է նա, ում Սահմանադրությունը լիազորում է:
Ինչ խոսք, դժվար է պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանն այնքան հեռու գնար, որ խոստովաներ, թե չնայած Սահմանադրությամբ ինքն այլեւս շարքային քաղաքացի է, բայց դեռ շարունակում է ղեկավարել իշխանական համակարգը: Ավելին, Ռոբերտ Քոչարյանը կարծես թե ակնարկում է, որ համակարգ վերադառնալու մտադրություն էլ չունի, երբ խոսում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը սխալ հաշվարկ է անում, երբ ապագա քաղաքական մարտերի հակառակորդ է դիտում իրեն: Մյուս կողմից, սակայն, պետք չէ բացառել, որ Ռոբերտ Քոչարյանի արդեն երկրորդ հարցազրույցը, որ նա տալիս է նախագահի պաշտոնը թողնելուց հետո, ունի ավելի շատ մոլորեցնող, շեղող նպատակ թե Տեր-Պետրոսյանի, թե Սերժ Սարգսյանի համար:
Առաջինին Ռոբերտ Քոչարյանը թերեւս փորձում է հուշել, որ քննադատության սլաքը անընդհատ պահելով իր վրա, նա ուժեղացնում է ընդամենը Սերժ Սարգսյանին, իսկ Սարգսյանին էլ թերեւս փորձում է հանգստացնել, որ ինքն ամենեւին նպատակ չունի կրկին գլխավորել իշխանությունը, հետեւաբար պետք չէ ընկնել Լեւոն Տեր-Պետրոսյանի «ջրերը»: Չի բացառվում նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը միջազգային հանրությանն է շեղում, արտաքին ու ներքին հարցերի իր կտրուկ գնահատականներով եւ փաստացի արմատական մոտեցումներով արժեվորելով Սերժ Սարգսյանի հանդուրժողությունը: Այսինքն, հայտարարելով Տեր-Պետրոսյանին բանտելու եւ Գյուլին անտեսելու իր մոտեցման մասին, Ռոբերտ Քոչարյանը միջազգային հանրությանը փաստացի ասում է. «տեսեք, ինչ գտած նախագահ է Սերժ Սարգսյանը»:
Թե հատկապես որ ուղղությամբ շեղելն էր Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ ցանկությունը, այժմ ասելը չափազանց դժվար է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը կանխատեսելի է իր գնահատականների, արտահայտությունների, բառապաշարի, բայց ոչ մտադրությունների եւ գործողությունների իմաստով: Ամեն դեպքում հստակ է մի բան, որ Ռոբերտ Քոչարյանը, չնայած ակնարկում է, որ չունի ապագա քաղաքական գործընթացներին մասնակցելու մտադրություն, այդուամենայնիվ հասկանում է, որ եթե ինքը չմասնակցի գործընթացներին, ապա գործընթացները անկասկած կմասնակցվեն իրեն, հետեւաբար նա այլընտրանք չունի: Պարզապես գործընթացների վրա ազդելու «իրավական» լծակ Ռոբերտ Քոչարյանին մնացել են միայն հարցազրույցները, թեեւ նա երբեք էլ աչքի չի ընկել լծակների հանդեպ բծախնդրությամբ:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԼՐԱԳԻՐ», 10.07.08

No comments: