Tuesday, July 22, 2008

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴՐԿՈՒԼԻՍՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ

ԱՄՆ-ի Արեւելյան թեմի ծայրագույն վարդապետ Անուշյանը բանակցություններ է վարել Անկարայում
Նախապես տեղեկացրել էինք, որ Կ. Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի վատառողջության պատճառով նրա պարտականությունները ժամանակավորապես սկսել են կատարել արքեպիսկոպոսներ Արամ Աթեշյանը եւ Շահան Սվաճյանը: Դրան էր հետեւել «Նոյյան տապանի» հունիսի 13-ի հաղորդագրությունը, թե ամենապատիվ պատրիարքը հրաժարվել է պաշտոնից: Ընդ որում, այս գործակալությունն աղբյուր չէր նշել, իսկ պատրիարքարանի տեղեկագիր «Լրաբերի» հրապարակումը՝ դադարել էր:
Այլ կերպ, պաշտոնից Մութաֆյան պատրիարքի հրաժարվելու մասին «Նոյյան տապանի» հաղորդագրության իսկությունն ստուգել չի հաջողվել: Նույնը պետք է ասել նաեւ «Սաբահի» մասին:
Ահա թե ինչ է գրել թուրքական այս թերթը հունիսի 19-ի համարում. «Նոր պատրիարքի ընտրության հարցում ԱՄՆ-Հայաստանն ու Թուրքիան ոչ պաշտոնական դիվանագիտական շփումներ են ծավալում: Աջակցություն ստանալու ակնկալիքով Անկարա է ժամանել ամերիկահայ հոգեւորական Բաբկեն Անուշյանը: Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ-ի մահացու հիվանդությունը, որի ուղեղում բժիշկները հայտնաբերել են չարորակ ուռուցք, պատճառ դարձավ, որ աշխուժանա նվիրապետական այս աթոռի համար ծավալվող անդրկուլիսյան պայքարը: Նյու Ջերսիի նահանգի հայկական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորական հայր Բաբկեն Անուշյանը ժամանելով Անկարա, այստեղ բարձրակարգ հանդիպումներ ունեցավ եւ աջակցություն խնդրեց, որ ի վիճակի լինի պատրիարք ընտրվել: Պատրիարքի պաշտոնում Մութաֆյանին փոխարինելու առաջադրանքով անցյալ շաբաթ Անկարայում բանակցություններ վարող Անուշյանն իր հետ բերել էր նաեւ հայկական սփյուռքի ուղերձը, որը կիսաբաց է անում Անկարայի հետ երկխոսության դռները:
Բաբկեն վարդապետը (1958-ին ծնվել է Ստամբուլում) ծնունդով Թուրքիայից է, որոշ ժամանակ Իսրայելում բնակվելուց հետո (եղել է Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբան) տեղափոխվել է ԱՄՆ եւ ծառայության անցել Նյու Ջերսիի հայկական եկեղեցում: Նա 35 տարվա ընդմիջումից հետո 2005-ի հոկտեմբերին նույնպես եղել էր Անկարայում, որտեղ հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարարության պատասխանատուների, ինչպես նաեւ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության փոխնախագահ Ռեհա Դենեմեչի հետ եւ դեռեւս այն ժամանակ էր հաղորդել սփյուռքի վերոհիշյալ ուղերձի առաջին ազդանշանները: «Կոշտ դիրքորոշման կամ թշնամանքի մասին խոսք լինել չի կարող: Եթե երկխոսությունը հաստատվի, ապա բոլորն իրար կհասկանան», ասել էր հայր Բաբկեն Անուշյանը»:
Տ. Բաբկեն վարդապետ Անուշյանի Անկարա կատարած այցի մասին դեռեւս 2005-ի հոկտեմբերի 12-ին կայքէջում տեղեկացրել էր թուրքական NTV-ն, նշելով, որ նա խոստացել է երկխոսության համար Թուրքիա բերել իր թեմի հայերին, իսկ թուրքական կառավարությունը խոսք էր տվել նրան, որ այդ հարցում կընդառաջի:
«Սաբահ» թերթի հունիսի 19-ի հրապարակմանը նույն օրն արձագանքել է Պոլսո հայոց պատրիարքարանը, հրավիրելով հոգեւոր խորհրդի նիստ, որը վարել են Շահան եւ Արամ սրբազանները: Նիստի ավարտին հրապարակվել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է. «ԱՄՆ Արեւելյան թեմի հոգեւորականներից ծայրագույն վարդապետ Բաբկեն Անուշյանի ժամանումը Թուրքիա, առանց պատրիարքարանի գիտության, զարմանք է պատճառել հոգեւոր խորհրդի անդամներին: Միաժամանակ հոգեւոր խորհրդի անդամները վերին աստիճանի վնասակար եւ անընդունելի են համարում ծայրագույն վարդապետ Բաբկեն Անուշյանի բարձր մակարդակի հանդիպումները, առավել եւս՝ պատրիարք ընտրվելու համար նրա ծավալած անդրկուլիսյան գործունեությունը, երբ պատրիարքի ընտրության հարց որպես այդպիսին՝ չկա օրակարգում: Հոգեւոր խորհուրդը միաձայն դատապարտում է պատրիարքության նվիրապետական աթոռին առնչվող խնդրո առարկա հակաօրինական այս մոտեցումը:
Ներկա պահին ամենապատիվ Մեսրոպ Բ սրբազանը Թուրքիո հայերի պատրիարքն է: Սրբազան պատրիարքի վատառողջության պայմաններում պատրիարքանի եւ մեր եկեղեցիների ընթացիկ գործերը կառավարվում են Արամ արք. Աթեշյանի ղեկավարությամբ: Միաժամանակ գործում է նաեւ Թուրքիո հայերի պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը, որին համայնքն է ընտրել:
Այդ իսկ պատճառով հոգեւոր խորհրդի անդամներն այս արարքը բնութագրում են որպես Թուրքիո հայերի պատրիարքության հոգեւոր լիազորության սահմանների կոպիտ խախտում: Այս արարքով ոտնահարվում է նաեւ պատրիարքության աթոռի կառավարման երբեմնի ինքնավար համակարգը: Հոգեւոր խորհրդի անդամներն, անհրաժեշտության դեպքում նաեւ թուրքահայ համայնքը, ի վիճակի են հնագույն ավանդույթների պահպանման համար իրականացնել անհրաժեշտ քայլերը եւ իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնում աննախադեպ այս արարքի առթիվ:
Հոգեւոր խորհրդի անդամները, նկատի ունենալով եկեղեցու կանոններին եւ ավանդույթներին հակասող այս անհարգի միջամտությունը, զարմանք են հայտնում Թուրքիո հայոց պատրիարքարանին վերաբերող խնդիրների շուրջն այն հոգեւորականի բանակցությունների առնչությամբ, որը մեկ այլ թեմի իրավասության տակ է»:
Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը թուրքերեն հրապարակել է հոգեւոր խորհրդի հաղորդագրությունը: Ի դեպ, նույն հաղորդագրությանը հունիսի 20-ի համարում «Երբ Մեսրոպ Երկրորդը հիվանդացավ, ԱՄՆ-ից ժամանած պատրիարքի թեկնածուն խառնեց իրավիճակը» վերնագրով արձագանքեց թուրքական «Սթար» թերթը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: