Thursday, August 28, 2008

ՍՏՎԵՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԽՆԴԻՐԸ

«ԼՐԱԳԻՐ», 19.08.08: Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում խոսք է գնում Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի վիճակի մասին: Հայտարարության մեջ ասվում է. «Ինչպես եւ սպասվում էր եւ բազմիցս զգուշացվել է Համաժողովրդական շարժման փաստաթղթերում, այսպես կոչված «ստվերային տնտեսության» դեմ վարչախմբի պայքարը այլ բան չէր լինելու, քան հարձակում միջին ու մանր գործարարների եւ, անուղղակիորեն, ամբողջ բնակչության վրա: Ավազակապետության պարագլուխները ոչ մի կերպ չեն կարող դիպչել ապօրինի մենաշնորհների վրա հենված իրենց պատվանդան հանդիսացող օլիգարխների, առավել եւս սեփական բիզնեսին: Դրա ապացույցն է վարչախմբի հերթական հակաժողովրդական քայլը, որով փոփոխություններ են կատարվում Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին ՀՀ օրենքում: Օրենքի նախագծի համաձայն 2009թ. հունվարի 1-ից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է դառնում նաեւ առեւտրի կենտրոններում (տոնավաճառներում) վաճառատեղերի միջոցով վաճառք իրականացնելիս: Միեւնույն ժամանակ նախատեսվում են խստացնել պատժամիջոցները: Հայ Ազգային Կոնգրեսն այս կապակցությամբ հայտարարում է. ա) Հայաստանը կանգնած է լայնածավալ համապարփակ հարկային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության առաջ, որոնց հիմքում սակայն պետք է ընկած լինի առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը ու տրամաբանական հերթագայությունը: Այդ բարեփոխումները պետք է սկսել նախ եւ առաջ երկրի տնտեսությունն ու զարգացումը խեղդող տնտեսական մենաշնորհներից ազատվելով, ապա միայն անցնել միջին ու մանր բիզնեսի կարգավորմանը: բ) Տնտեսական քաղաքականության ձախողման հետեւանքով հարկային եկամուտների կրճատման պամաններում վարչախումբը որդեգրել է փոքր բիզնեսի դեմ հարկային աննախադեպ տեռորի իրականացման ուղին: գ) Հարկային բարեփոխումներն առաջին հերթին պետք է ուղղվեն իշխանությունը զավթած վարչախմբի մաս կազմող կամ նրանց հետ սերտաճած օլիգարխների բիզնեսը հարկային դաշտ տեղափոխելուն, մի բան, որ ներկա վարչախումբը ոչ մի կերպ չի կարող անել, քանզի նաեւ այս ճանապարհով է գոյանում հանցավոր վարչախմբի պահպանման համար անհրաժեշտ ստվերային բյուջեն: Դրանով նա կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Եւ իրոք, այս ոլորտում ճիշտ հակառակ միտումն է նկատվում. կառավարության «բարեշրջումների» արդյունքում 2008 թ. երկրորդ եռամսյակում 20 խոշոր հարկատուների կողմից վճարված ուղղակի հարկերը 1-ին եռամսյակի համեմատ նվազել են 541 միլիոն դրամով: դ) Մանր բիզնեսի այն ոլորտում, որտեղ նախատեսվում են ՀԴՄ-ի ներդրում, այսօր աշխատում է ավելի քան 30.000 փոքր ձեռնարկատեր, որոնց ընտանիքների կենսապահովման միակ աղբյուրը այդ գործունեությունն է: Քանի դեռ հարկային բնագավառում չեն արվել առավել առաջնահերթ բարեփոխումներ, նրանք կարող են աշխատել միայն հաստատագրված հարկի սկզբունքով: Առանձին այս օղակում ՀԴՄ-ների ներդրումը մի կողմից կխափանի նրանց գործունեությունը, մյուս կողմից կառաջացնի գների աճ: Հայ Ազգային Կոնգրեսը կառավարության այս նախաձեռնությունը համարում է ոչ թե բարեփոխում, այլ բարեփոխման հերթական մի իմիտացիա, ինչը ճակատագրական նշանակություն կունենա հազարավոր ընտանիքների համար եւ հղի է սոցիալական ծանր հետեւանքներով: Կոնգրեսը պահանջում է անհապաղ ետ վերցնել նշված օրենքի նախագիծը: Հակառակ դեպքում կառավարությունը հերթական անգամ կապացուցի, որ ինքը Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հետ ոչ մի կապ չունեցող հանցավոր օլիգարխիայի շահերի սպասարկուն է»:

No comments: