ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի համար Ռուսաստանի անսպասելի քայլերը Վրաստանում շարունակվում են եւ դրանք կավարտվեն նրանով, որ Ռուսաստանը Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ երկկողմ պայմանագրեր կկնքի, այդ թվում եւ ռազմական ոլորտում: Այս մասին օգոստոսի 27-ի ասուլիսում հայտարարեց Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ այսօր Ռուսաստանը իրականացնում է մինի-ԽՍՀՄ-ի վերականգնման գաղափարը: Մասնավորապես, բացառված չէ, որ այդ ձեւաչափի մեջ կարող են մտնել Բելառուսը, միջազգային հանրության կողմից չճանաչված Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Քաղաքագետի կարծիքով, այդ գաղափարի իրականացման ճանապարհին միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանը ընդհուպ զբաղվի նաեւ Ղրիմի եւ Մերձդնեստրի հարցերով: «Այդ կերպ, Ռուսաստանը կոնկրետ քայլեր է անում աշխարհում ուժի նոր բեւեռ ձեւավորելու համար, եւ այդ քայլերը ուղղված են Արեւմուտքի ազդեցության դեմ»,- հայտարարեց Ս.Գրիգորյանը:
Նա նշեց, որ այն պահից, երբ ռուսական օդուժը սկսեց ռմբակոծել Փոթին, հակամարտությունը տեղափոխվեց միջազգային հարաբերությունների հարթություն, քանի որ արեւմտյան մի շարք ծրագրեր կապված են հենց Փոթիի հետ: Ըստ քաղաքագետի, Բաքու-Սուփսա նավթատարի աշխատանքի դադարեցումը, Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարության սառեցումը եւ այլն ուղղված են Վրաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանում Արեւմուտքի ազդեցության դեմ: Նա կարծիք հայտնեց, որ «սառը պատերազմը» Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կշարունակվի եւ կուժեղանա:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ս.Գրիգորյանը ընդգծեց լուրջ վերլուծության անհրաժեշտությունը, թե ինչ կատարվեց հարեւան երկրում: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հայաստանին ձեռնտու է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի ներկայությունը տարածաշրջանում, եւ պատմական զուգահեռներ անցկացրեց: «Մեզ ձեռնտու չէ, երբ տարածաշրջանը վերահսկում է միայն մեկ տերություն. մենք հիշում ենք 1921 թվականի դասերը: Հայաստանին ձեռնտու է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, այսինքն եւ' Արեւմուտքի, եւ' Ռուսաստանի ներկայությունն այստեղ»,- հայտարարեց Ս.Գրիգորյանը:
Thursday, August 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment