Monday, August 18, 2008

ՎՐԱՑ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋԵՐԻ ՄԻՋԵՎ

Եվ այսպես, հնչեց Հայաստանի դիրքորոշումը վրաց-օսական հակամարտության գոտում ռուս-վրացական պատերազմի կապակցությամբ: Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանը կրկին անգամ լրացրեց Ռուսաստանի շահը սպասարկող ուժերի շարքը: Դա ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ օգոստոսի 13-ին, ինչպես Կրեմլի մամուլի ծառայությունն է տարածել, Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ: Այդ հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես պաշտոնական հաղորդագրությունն է տեղեկացնում, կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը, Սերժ Սարգսյանը ցավակցել է Մեդվեդեւին Ռուսաստանի քաղաքացիների մահվան համար, եւ պայմանավորվել են ամեն ջանք գործադրել, որպեսզի նման իրադարձություն այլեւս չկրկնվի: Նախ հարց է առաջանում, թե ինչ ջանք պիտի գործադրի Հայաստանը, եթե պատերազմի ընթացքում Հայաստանի նախագահը իր համար հանգիստ է անցկացնում Պեկինում: Երեւի թե Հայաստանը իր ուժերի ներածին չափով կանխելու է Չինաստանի ներխուժումը հակամարտության գոտի, քանի որ չինացիները մեկ էլ տեսար ունեցան առիթից օգտվելու եւ Հարավային Կովկասի կարեւոր տարածաշրջանում գործոն դառնալու մտադրություն: Իսկ ընդհանրապես, կարելի է զարմանալ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը ժամանակ գտել ու զանգահարել Մեդվեդեւին, եւ ժամանակն այնքան քիչ է եղել, որ օրինակ հնարավորություն չի եղել Սահակաշվիլիին զանգահարելու եւ մի կես բերան էլ նրան ցավակցելու, գոնե ձեւի համար: Ի վերջո, նաեւ վրացիների շրջանում է եղել խաղաղ զոհ, եւ նկատի ունենալով, որ Վրաստանը մեր ռազմավարական հարեւանն է, որ նրա տարածքով են անցնում մեր հիմնական կոմունիկացիաները, որոնք կարող են ճգնաժամային իրավիճակ ստեղծել Հայաստանի տնտեսության համար, կարելի էր փորձել ինչ որ կերպ պահել հավասարակշռությունն այս փխրուն իրավիճակում: Գուցե Սերժ Սարգսյանը մտածում է, որ արդեն Սահակաշվիլու երգը երգված է եւ կարելի է սպասել ու զանգահարել Վրաստանի նոր նախագահին: Սակայն ինչքան էլ որ այդ երգը լինի երգված, Սահակաշվիլին անկասկած շուտով չէ, որ կլքի Վրաստանի նախագահի աթոռը: Ըստ ամենայնի, Միացյալ Նահանգները նրան կպահեն առնվազն մինչեւ նախագահի հերթական ընտրություն: Մինչդեռ մինչ այդ Միշան կհասցնի բավական տհաճություն պատճառել Հայաստանին, եթե ընդունի այն մարտահրավերը, որ Հայաստանը կամա թե ակամ նետում է Վրաստանին, Ռուսաստանի նախագահին ուղղված ցավակցությամբ փաստացի ակնարկելով, որ Վրաստանին համարում է ագրեսոր: Արժեր արդյոք այդ դիվանագիտական պարզունակությունը թույլ տալու համար լռել այդքան: Գուցե հենց հակամարտության առաջին օրն էլ կարելի էր աջակցություն հայտնել Ռուսաստանին, ավելի շուտ քան Ռաուլ կամ Ֆիդել Կաստրոները: Սակայն հնարավոր է, որ Ռուսաստանն ինքն էր հերթի դրել, թե ով երբ պետք է իրեն աջակցի, ու Հայաստանը հերթի մեջ դասվել էր վերջում: Սակայն դա մեծ պատիվ է, քանի որ երգիչներն օրինակ վերջինը ելույթ ունենալու համար իրար են սպանում: Իգոր Տալկովին Ազիզայի թիկնապահները հենց դրա համար ծագած վեճի պատճառով սպանեցին: Բանն այն է, որ վերջին ելույթը հիշարժան է հանդիսատեսի համար: Սակայն այդ հիշարժանությունը մեծացնում է նաեւ պատասխանատվությունը: Հետեւաբար, Հայաստանը կատարում է շատ պատասխանատու քայլ, փաստացի դրսեւորելով ոչ ուղղակի, իբրեւ թե դիվանագիտորեն քողարկված միակողմանիություն: Դա իհարկե զարմանալի չէ: Զարմանալի կլիներ, եթե Հայաստանը հերթական անգամ չդրսեւորեր Ռուսաստանի հանդեպ իր հնազանդությունը: Եվ զարմանքը լիակատար կարող է լինել, եթե Հայաստանի նախագահն առաջիկա ժամերին կամ օրերին զանգահարի նաեւ Վրաստանի նախագահին: Բայց զարմանքը չպիտի խանգարի հայ հասարակությանը գնահատել այդ համարձակությունը, եթե այդ բանը տեղի ունենա: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: