Saturday, September 6, 2008

Ինքնարդարացում թե՞ ինքնախաբեություն

ԹՀԹ Թեմական ու Կրթական խորհուրդներում, մինչեւ սրանից քանի օր առաջ, դժգոհում, քննադատում էին «Արաքս» շաբաթաթերթին, թե՝ ինչո՞ւ է գրում՝ փակվել է «Քուշեշ-Դավթյան» դպրոցը: Իսկ երբ որոշեցին փակել այն, իրար ականջի փսփսացին՝ «մեկը չիմանա, որ իմացան, կգան դպրոցը մեր ձեռքից կառնեն», մոռանալով, որ հենց իրենք իրենց վարած կրթական տհաս քաղաքականությամբ հայ երեխային զրկել են ազգային դպրոցից ու ճամբել ոչ-հայկական դպրոց: Եվ ահա Թեմական խորհուրդը, օգոստոսի վերջավորության, հրապարակել է իր «վերջին շաբաթների գործունէութեան» տեղեկագիրը, որի 3-րդ կետում շեշտված է. «Հակառակ Կրթական խորհրդի կողմից տարւած աշխատանքներին՝ ցաւօք՝ «Քուշեշ-Դավթեան» միջնակարգ դպրոցի առաջին դասարանում արձանագրւել են միայն 7 աշակերտներ, որով հնարաւոր չէ շարունակել դպրոցի աշխատանքները»: Ի՞նչ ասել է սա: Ինքնարդարացում թե՞ ինքնախաբեություն: Կրթական խորհուրդը, նամանավանդ, վերջին երկու ամսվա ընթացքում, մեծ ճիգ ու ջանք ի գործ դրեց «Քուշեշ Դավթյան» դպրոցի փակումը կանխելու համար: Փորձեց Սարդարապատ (Հեշմաթիե) թաղամասի «Սահակյան» ոչ-շահադիտական դպրոցը տեղափոխել այնտեղ, որ չստացվեց, հանդիպումներ կազմակերպեց դպրոցական աշակերտ ունեցող ծնողների հետ, դա էլ ապարդյուն անցավ եւ որպես վերջին ընտրություն, ամենօրյա հայտարարություն տալով կուսակցական օրաթերթում, «Քուշեշ Դավթյան» դպրոցում արձանագրվելու հրավեր տվեց հայ աշակերտներին, որն ցավ ի սիրտ, ինչպես արդեն կանխատեսելի էր, չընդառաջվեց: Կրթական խորհրդի կողմից թեհրանահայությանն ուղղված վերոհիշյալ կոչում կարդում ենք. «Թեհրանում հիմնադրւած առաջին հայոց դպրոցը հարատեւելու համար կարիք ունի աջակցութեան եւ հովանաւորութեան Թեհրանի հայոց «Քուշեշ-Դավթեան» ոչ-շահադիտական տղայոց միջնակարգ դպրոցը արձանագրութեան է հրաւիրում աշակերտներին… «Քուշեշ-Դավթեան» դպրոցը ունի աւելի քան 130 տարւայ անցեալ: Այդ դպրոցում է սովորել իրանահայ սերունդների հսկայ մի հոյլ: Միասնական ջանքերով կարելի է յաղթահարել իւրաքնչիւր խոչընդոտ: Խոչընդոտները յաղթահարելի են միայն միասնական կամքի դրսեւորումով: Հայ դպրոցը կանգուն է հայ աշակերտով: Չվտանգենք հայոց դպրոցի գոյութիւնը»: Որքան գեղեցիկ, որքան հուզիչ են վերի լոզունգները: Իսկ ժողովուրդը կարծես «չհասկանալով այդ բոլորը, հրաժարվում է իր իսկ ինքնությունից» եւ իր զավակներին արձանագրում ոչ-հայկական դպրոցներում: Միթե դպրոցի պահպանման համար միայն արձանագրվելու խնդիր կա: Թե պարզապես նման հայտարարությամբ Թեմականը փորձում է, իր մեղքերը քավելով հանդերձ, պաշտպանել իրեն ենթակա Կրթականին եւ դպրոցի փակման պատասխատվությունը բարդել ժողովրդի գլխին: Իհարկե, մենք եւս չենք հերքում, որ եւ՛ Թեմականը եւ՛ Կրթականը որոշակի գործ արել են դպրոցը աշխատունակ պահելու համար, բայց փաստը մնում է փաստ, որ գոնե վերջին 20 տարիների ընթացքում, հայոց դպրոցների որակի պահպանման եւ բարձրացման համար տարված աշխատանքները արդյունավետ չեն եղել եւ դա ոչնչով կապված չէ ժողովրդին, այլ ուղղակի հենց այսպես կոչված ազգային իշխանությունների անհեռատես տնօրինման եւ սխալ քաղաքականության արդյունքն է՝ ունայն քաղաքականություն, որի վրա հենվելով դեռ սրանից երեք ամիս առաջ, ամառվանից աշուն, դպրոցների մակարդակի բարձրացման անհիմն խոստումներ էին տալիս, որպեսզի հայ աշակերտները շահագրգռվեն «Քուշեշ-Դավթյան» դպրոցում արձանագրվելու, սակայն, ինչպես հայտնի է, ոչ ոք կարեւորություն չտվեց օդում կրակված խոսքին: Այդ ամենից հետո, կարծես մի քիչ զգաստացած, բայցեւ դարձյալ միայն կուսակցական մամուլով, մասնագետ մարդկանց խորհրդակցության եւ համագործակցության հրավեր տվեց Կրթական խորհուրդը: Համենայն դեպս, լավ է ուշ, քան երբեք: Հուսանք, որ բանիմաց մարդիկ կընդառաջեն Կրթականի հրավերը եւ Կրթականն էլ, առանց խտրականության, կընդունի նրանց խորհուրդները, որպեսզի գալիք տարիներում ու էլ երբեք չլսենք որեւէ հայկական դպրոցի փակման մասին: Արդ հրավիրում ենք կրկին անգամ սերտել վերջերս Անթիլիասում, կըրթադաստիարակչական հարցերով կազմակերպված խորհրդաժողովում, հնչած Արամ Վեհափառի խոսքերը, ուր ի մասնավորի Վեհը շեշտել է. «Քաջություն պետք է ունենանք տագնապը ճիշտ կերպով տեսնելու, ճշգրիտ ախտորոշում կատարելու եւ տագնապի համար լուծումներ որոնելու»: Ահա ամենաճիշտ մոտեցումը, որով կարելի է ազգային, համայնքային եւ անձնական հարցերը լուծել: Ուրեմն, մեղավորին այլ տեղ մի փնտրեք, երբ ձեր մեջ է: Քաջությունն ունեցեք ընդունելու ձեր սխալները: Աշխատեք միասնական ոգով ու թափանցիկ եւ հեռու մնացեք, մեծամասնություն լինելու ցնորքից ու մենատիրությունից: Եվ մասնագետ մարդկանց օգնությամբ լուծեցեք այս եւ նման հարցերը: Մեր խոսքին վերջակետ դնելուց առաջ հիշեցնենք, որ դպրոցի մակարդակի բարձրացման համար տարվող աշխատանքը թեեւ մեծ զոհաբերություններ եւ ներդրում է պահանջում, բայց երբեք բանջարանոցի ցանքի նման շուտ եւ առատ արդյունք չի տալիս, այլ ընկուզենու պես տարիներ է պահանջում, բայցեւ նույն ժամանակ նրա տված միրգն ու փայտը հզոր է եւ ամուր: Հ. Գ. Այս թոհ ու բոհի մեջ զարմանալի եւ անգամ մտահոգիչ էր հայ մամուլում ոչ-հայկական դպրոցի գովազդ տեսնելը… Հուսանք, հուսանք միայն, որ այդ մոտեցման մեջ չկա միտում եւ «գաղափար»…

No comments: