Saturday, September 6, 2008

Ստացված նամակ

Նախամարդկային թե՞ գերզարգացած կանոններ Յոթը տարի առաջ Ամուսնացել եմ եւ արդեն երեք ու կես տարի է, որ վազում եմ ապահարզան ստանալու համար եւ չեմ հաջողում ու դեռ չգիտեմ, թե որքան է տեւելու գործս: ԹՀԹ Դատական խորհուրդը, երեք տարվա քաշքշուկ-ձգձգումից հետո, հունիսի 18-ին, երեկոյան ժամը 6-ին, ինձ եւ կնոջս հրավիրեց նիստի: Նիստը սկսվեց ժամը 7-ին, մեկ ժամ ուշացումով, իհարկե այն էլ ոչ լրիվ կազմով: Սկզբում ես խնդրեցի, որ հնարավորինս շուտ պարզեն իմ վիճակը, նամանավանդ, որ շատ ուշ-ուշ են թողնում երեխայիս տեսնեմ, իսկ այդ հարցի լուծման համար ես չեմ ուզում դիմել այլ միջոցների ու ճանապարհների, որովհետեւ չեմ ցանկանում երկու ու կես ամյա զավակիս հոգեկան վատ վիճակի մեջ տեսնել: Ինձ պատասխանում են,- որ այդ հարցով պիտի դիմեք պետական դատարան: Հարց եմ տալիս, որ եթե մեր միջեւ առաջացած հարցերը լուծելու ուժը չունեն, ինչու են խնդիրը բարդացնում: Պատասխանում են, որ կանոնն այդպես է եւ այդ հարցով պետք է դիմել պետական դատարան: Այնուհետեւ Դատական խորհուրդի նոր անդամներից մեկի կրկնակի հարցերին ենք պատասխանում, ապա մի թուղթ են դնում մեր առջեւ, որ ստորագրենք: Փորձում եմ կարդալ, չեմ կարողանում: Ձեռագիրը, գոնե ինձ համար, անընթեռնելի է: Շտապեցնում են ստորագրել: Իսկ ես հարց եմ տալիս,- միթե՞ կարելի է չկարդացած թուղթը ստորագրել: Մռութ են անում ու էնպես նայում ինձ կարծես մեղք եմ գործել եւ պատասխանում են.- Խորհրդի ժամը չափից ավել եք զբաղեցնում եւ ազդարարում են՝ ստորագրել թուղթն ու շուտ ազատել սենյակը եւ նիստն հայտարարում են «փակված»… Իսկ ես մնում եմ շվարած: Ի՞նչ է սա՝ նախամարդկային թե՞ գերզարգացած կանոններ ու մոտեցումներ, որոնք ինձ համար, որպես 2008 թվականում ապրող մարդ մնում են անհասկանալի: Այս հարցով նույնիսկ դիմել եմ փաստաբանի ու նաեւ հոգեբանի, որոնք եւս զարմանք արտահայտեցին ցուցադրված վերաբերմունքից ու ոչ արդի կանոնների կիրառումից: ժամանակին, խոսել եմ նաեւ մեր թաղի պատգամավորներից մեկի հետ, որը խոստացավ հարցը արծարծել Պատգամավորական ժողովում՝ իմ եւ իմ նմանների համար մի լուծում գտնելու համար: Իհարկե շուրջ երկու տարի է անցնում այդ թվականից ու չգիտեմ, որ ընդհանրապես, այդ հարցը արծարծվել է Պատգամավորական ժողովում թե ոչ: Երկու նամակ եմ հղել նաեւ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանին եւ բացատրել իմ վիճակի մասին: Մեկ անգամ էլ Տ. Վարազդատ ավագ քհն. Տերտերյանի միջնորդությամբ հանդիպել եմ Սրբազան Հորը եւ մոտիկից բացատրել իմ դժվարությունը եւ դժգոհել Դատական խորհրդի աշխարհական անձնակազմի մոտեցումներից: Այդ պահին, իհարկե, Սրբազան Հայրը խիստ զբաղված էր եւ անընդհատ իր առջեւ դրած թղթերն էր ստուգում եւ ստորագրում, բայց վերջապես գրիչը թղթից հեռացրեց ու ասաց,- «Մենք այս մարդկանց փողոցից չենք գտել: Սրանք ժամ են դրել եւ դու էլ ոչ առաջին դիմողն ես եւ ոչ էլ վերջինը…»: Ես չգիտեմ քանի ընտանիքի կյանք պիտի այլայլվի, քանի-քանի տարիներ պիտի վատնվեն կանոնների թերիության եւ անհատական սխալ եւ անխոհեմ մոտեցումների հետեւանքով եւ երբ իրավունք կունենանք քննադատել անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերող այս մարդկանց: Վերջապես ուզում եմ հարց տալ՝ մարդկանց հարցերը լուծելու հավակնություն ունեցող այս մարդիկ երբ դիմորդի նախնական իրավունքը ոտնակոխում են, ինչպես են կարող որոշում տալ նրանց մասին: Վարդան Հախվերդյան
«ԱՐԱՔՍ».- Ընտանիքը սրբություն է եւ նրա մասին խոսելիս, նամանավանդ ապահարզանի պարագային, չի կարելի շտապ դիրքորոշվել: Դատական խորհրդի ամենաառաջին խնդիրն էլ հենց այն է, որ հնարավորինս վերահաշտեցնել խռոված, խնդիր ունեցող, զույգերին: Բայց եթե արդեն դանակը ոսկորին է հասել դրա ձգձգելը միայն կարող է նյարդայնացնել մարդկանց եւ անգամ հուսահատեցնել կյանքից: Այստեղ Հարցի ամենացավոտ կողմը երեւի կորցրած երեք տարի ու կեսն է, ինչը կարծում ենք բավարար կլիներ նույնիսկ ամենաբարդ դատական խնդիրը լուծելու համար, ուստի առաջարկում ենք նման պարագաներում որքան շուտ հարցը փակել: - Ինչ վերաբերում է ուժային միջոցներին, հայտնի է, որ առաջնորդարանը չունի նման մարմին, ուստի եւ բնականաբար, դժվարություն առաջանալու դեպքում հորդորում է դիմել դատարան: - Վերի նամակում կան նաեւ հարցեր, որոնց պարտավոր է պատասխանել Դատական խորհուրդը՝ թե՛ թերի օրենքների եւ թե՛ ոչ մասնագիտական եւ անձնական սխալ վերաբերմունքի հետեւանքով առաջացած վիճակի համար: Վերջին հաշվով անվճար աշխատելը մարդկանց անհարգելու կամ օրենքի սահմաններից դուրս իրավունքներ չի շնորհում որեւէ մեկի: Ի վերջո Ուզում ենք հույս հայտնել, որ ոչ ոք չդիմի ապահարզանի, բայց դա երեւի միրաժ կարող է լինել ու երազ: Ուստի պետք է այլ ելք գտնել, օրենքները արդիականացնելու եւ մասնագետ ու պատասխանատու անհատներից օգտվելու հսմար:

No comments: