Saturday, October 18, 2008

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ 455 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐ

Այս տարի ՀՀ պետական բուհեր են ընդունվել 455 սփյուռքահայ դիմորդներ, որոնց մեծ մասը նախընտրել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԿԳ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի առաջատար մասնագետ Ամալյա Քոչարյանը, սփյուռքահայ ուսանողները դիմել են հայաստանյան պետական գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները: Ընդունելությունը կատարվել է գիտելիքի ստուգմամբ` գրավոր եւ բանավոր եղանակով: Լավ արդյունքներ ցուցաբերողներն անցել են առաջին կուրս, իսկ ավելի քիչ գիտելիք ունեցողներին հնարավորություն է տրվել հաճախել այդ բուհերի նախապատրաստական կուրսեր: Հայագիտական, արվեստի եւ մշակույթի ֆակուլտետներում այս տարի սփյուռքահայ ուսանողների համար հատկացվել էր 70 անվճար տեղ: Դրանք բաշխվել են ԵՊՀ-ին, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, Գեղարվեստի պետական ակադեմիային եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտին:Այս տարի հայաստանյան բուհերում բարձրագույն կրթություն ստանալու համար եղել են դիմորդներ աշխարհի 17 երկրներից: Սփյուռքահայ դիմորդների մեծամասնությունը Ջավախքից է, հայտեր են ներկայացվել նաեւ Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իրաքից, Իրանից, Հունաստանից, Մեքսիկայից, Կանադայից եւ այլն:

No comments: