Պաշտոնին անցնելու օրվանից Սերժ Սարգսյանը կոտրում է դոգմատիկ շրջանակները: Դրա օրինակները բավական շատ են: Սկզբում Սերժ Սարգսյանը ջարդեց Ցեղասպանության խնդրի եւ Թուրքիայի վերաբերյալ հայկական աշխարհի քարացած վերաբերմունքը, Գյուլին հրավիրելով Երեւան: Հաջորդ հարվածով նա արդեն վերջնականապես վերացրեց Հայաստանի եւ Թուրքիայի բարեկամացման ճանապարհին բոլոր խոչընդոտները: «Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայի հանդեպ: Ես զարմանում եմ հարցի նման դրվածքից, չէ որ ոչ միա հայ քաղաքական գործիչ մինչ այժմ նման միտք չի արտահայտել», թուրքական Միլլիյեթ թերթին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:
Հետո Սերժ Սարգսյանը թեթեւորեն ցնցեց ղարաբաղյան խնդիրը, չհերքելով Գյուլի խոսքերն այն մասին, թե Հայաստանը պատրաստ է վերադարձնել «օկուպացված տարածքները»: Ինչպես ասում են, լռությունը ոչ միայն ոսկի է, այլեւ համաձայնության նշան, եւ այդ լռությունը կոտրեց եւս մեկ դոգմա` Հայաստանը երբեք չի համաձայնի հանձնել տարածքները, եթե համաձայնվի էլ` միայն Ղարաբաղի թույլտվությամբ: Ղարաբաղը չի համաձայնել, բայց Սերժ Սարգսյանը ավելի հեռու գնաց, Իլհամ Ալիեւին առաջարկելով ներդրումներ կատարել Ղարաբաղում: Ճիշտ է, նա չի ասել, թե ինչ նկատի ուներ «Ղարաբաղ» ասելով:
Սակայն ամենախոշոր «սերժոգեն» արհավիրքներից մեկը դարձավ հայ-ռուսական փաստացի քանդված բարեկամությունը: Որքան էլ Ռուսաստանում փորձեն այդ հարաբերությունները ներկայացնել վարդագույն երանգներով, չոր փաստերը վկայում են, որ Սերժ Սարգսյանը չենթարկվեց Կրեմլի ճնշմանը եւ չճանաչեց Հարավային Օսիան ու Աբխազիան Ղարաբաղով հանդերձ: Եւ թեեւ փորձագետները մինչ այժմ վիճում են, թե Հայաստանն ինչ ընտրություն է կատարել Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ, Սարգսյանն իր ընտրությունը կատարեց ռուս-վրացական բախման առաջին իսկ օրերին, չդատապարտելով Վրաստանին եւ չաջակցելով Ռուսաստանին: Այնպես որ, այն դոգման, թե Հայաստանը ֆորպոստ է կամ արբանյակ, նույնպես ջարդվեց:
Ինչ է մնում: Թերեւս, հայ-ամերիկյան հարաբերությունների վաղուց ընդունված ֆորմատը, ըստ որի Դիք Չեյնին գնում է Վրաստան ու Ադրբեջան, եւ նույնիսկ չի մտածում Երեւան գալու մասին: Այ եթե երեկ Նյու Յորքում Սերժ Սարգսյանին ընդուներ ոչ թե Քոնդոլիզա Ռայսը, այլ Բուշը, կարելի էր այս խնդիրն էլ համարել լուծված: Սակայն դա հեռանկարում է, երբ կկառուցվի Նաբուկո գազամուղը:
Սակայն գլոբալ փոփոխությունների շարանը պետք է պսակվի ավելի նշանակալի իրադարձությամբ, իսկական արհավիրքով` բառի լավ իմաստով: Ասենք, իր հարցազրույցներից մեկում Սերժ Սարգսյանը կարող է հայտարարել հայկական գետերի հունը շուռ տալու մտադրության մասին եւ ասենք Արաքսի ջրերն ուղղել Սեւանա լիճ:
Կարող է հարց առաջանալ` ինչու, ձեռնտու է արդյոք մեզ: Սակայն այս հարցին պատասխաններ չկան, ինչպես նաեւ Թուրքիայի, Ռուսաստանի ու Ղարաբաղի հարցերում գլոբալ փոփոխությունների դեպքում:
Saturday, October 18, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment