Փերիո կրթասիրաց միության Կենտրոնական վարչությունը, Նոր Ջուղայից, տեղեկացնում է, որ իր միության պարախումբը նաեւ հաջողությամբ է հանդես եկել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 3-րդ փառատոնում:
Ջերմորեն ողջունելով ՓԿՄ վարչականներին ու միութենականներին, իրենց տարած ազգօգուտ աշխատանքների համար, ստորեւ հրապարակում ենք հիշյալ միության զեկուցումը այդ առնչությամբ:
Սույն թվի օգոստոսի 17-23-ին Հայաստանում կայացավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 3-րդ փառատոնը: Երրորդ անգամն էր, որ հայրենիքը իր դռները բացում էր ընդունելու սփյուռքի ներկայացուցիչներին եւ իր գիրկն առնում այն նվիրյալներին, ովքեր շարունակողն ու պահպանողն են մեր հարուստ մշակութային ավանդույթների: Այս փառատոնը միմյանցից սովորելու, միմյանցով հզորանալու, միմյանց ավելի սիրելու տոն էր: Տոն, որտեղ իր մասնակցությունը բերեց նաեւ Նոր Ջուղայի Փերիո կրթասիրաց միության «Էրեբունի» պարախումբը:
Ուրբաթ, օգոստոսի 15-ի առավոտյան, Փերիո կրթասիրաց միության «Էրեբունի» պարախումբը, վեց պարուհիներով՝ Վանյա Մեսրոպյան, Միգանուշ Ղարափեթյան, Ռամելլա Ղարախանյան, Նաիրի Ղազարյան, Ալինա Հարությունյան, Նաիրի Դավթյան, պարուսույց՝ տիկին Ալինա Գրիգորյանի, ղեկավար տիկին Ռիմա Զաքեոսյանի եւ Ծնողական խորհրդի ներկայացուցիչների ուղեկցությամբ մեկնեց Հայաստան, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 3-րդ փառատոնին մասնակցելու համար:
Երեքշաբթի, օգոստոսի 19-ին, վաղ առավոտյան, խումբը մեկնեց Ջերմուկ: Ամբողջ օրը Ջերմուկի հիասքանչ օդն ու ջուրը վայելելուց, տեսարժան վայրերը այցելելուց հետո, երեկոյան խումբը հինգ ելույթ ունեցավ՝ Խաչատուր Ավետյանի «Վաղարշապատ» եւ «Կարոտ», Սայաթ Նովայի «Նազով նազանի» եւ «Պատկիրքտ ղալամով քաշած» ու Ռոբերտ Ամիրխանյանի «Երեւան», եւ արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատանքին:
Ելույթներից հետո Նոր Ջուղայի, Ռուսաստանի դաշնության, Թբիլիսիի եւ Ղարաբաղի խմբերը, ջերմ ու մտերիմ մթնոլորտում, մասնակցեցին մարզպետարանի կողմից կազմակերպված հյուրասիրությանը:
Միությանս պարախումբը այցելեց Գառնի հեթանոսական տաճար, Գեղարդ, Խոր Վիրապ, Ջրաշխարհ ու նաեւ հաճելի մի երեկո անցկացրեց Սեւանա լճի ափին՝ երգ ու պարով:
Օգոստոսի 23-ին ղեկավարների հանդիպման ժամանակ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանի կողմից խումբը ստացավ դիպլոմ՝ ակտիվ մասնակցության համար: Նույն օրվա երեկոյան պարախմբի անդամ Նաիրի Ղազարյանի կատարմամբ հնչվող, Ռոբերտ Ամիրխանյանի «Երեւան», երգի ներքո խումբը հանդես եկավ Երեւանի «Հանրապետության» հրապարակում կազմակերպված փակման ծրագրում, որ արժանացավ ներկաների բարձր ծափողջույններին:
Խումբը, փառատոնը ավարտվելուց մի քանի օր հետո, օգոստոսի 28-ին, բարձր տրամադրությամբ եւ ուրախ հուշերով վերադարձավ տուն:
Փերիո կրթասիրաց միության Կենտրոնական վարչությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր ոչ մի ջանք չխնայեցին խմբին Հայաստան ուղարկելու համար:
Փերիո Կրթասիրաց Միության
Կենտրոնական վարչություն
Նոր Ջուղա
Tuesday, October 14, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment