Tuesday, October 14, 2008

«ԱՐԱՐԱՏ» ՄԱՐԶԱՎԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԿԱՄ ՈՐԻ՞Ն ՀԱՎԱՏԱԼ

2008թ. հուլիսի 22-ին, Պատգամավորական ժողով հղված ԹՀԹ Թեմական խորհրդի միամյա բարոյական եւ նյութական գործունեության զեկույցի, «Կալվածներ» բաժնի, 10-րդ կետում շեշտված է. «Թեմական Խորհուրդը Հ.Մ. Արարատ Կազմակերպութեան վարչութեան ինչպէս նաեւ իրանահայութեան պատգամաւոր պրն. Գէորգ Վարդանեանի հետ համադրւած աշխատանքով, հետեւել է Արարատ մարզաւանի տարածքի հարցով Ասթանէ Ղոդսէ Ռազաւիի յարուցած հարցի եւ նիւթական պահանջի նպատակայարմար դասաւորութեան եւ լուծման հարցին: Հարցը վերջապէս լուծում է գտել 2008-ի փետրւարին կնքած պայմանագրով, որով Արարատ մարզաւանի տարածքից օգտւելու համար 20 տարւայ վարձ է նշանակւել 2,901,911,040 ռիալ, որը վճարւել է Թեմական Խորհրդի կողմից, որպէս վարկ Հ.Մ.Ա.Կ.-ին, 10 տարւայ ընթացքին վարկը մարելու պայմանով: Վարձի գումարը կը վերանայւի 20 տարի յետոյ, իսկ կալւածի վրայ կառուցած շենքերը պատկանում են Թեմական Խորհրդին, որոնց համար կարելի է առանձին կալվածագիր ստանալ: Թեմական Խորհուրդը հետեւում է նաեւ մարզաւանի հարաւային մասում գտնւող 19 հազար քառակուսի մետրի համար առանձին կալվածագիր ստանալու հարցին»: Ավելի ուշ՝ 2008 թ. սեպտեմբերի 12-ին, Իրանի 40-րդ Համահայկական մրցությունների բացման արարողության ժամանակ, Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր ճրտ. Գեորգ Վարդանյանն ու Իսլամական Խորհրդարանի դիվանի անդամ դոկտ. Հասան Ղաֆուրիֆարդը, ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի եւ ՀՀ լիազոր եւ արտակարգ դեսպան պրն. Կարեն Նազարյանի ներկայությամբ, բարձրաձայն հայտարարեցին, որ «Արարատ» մարզավանի տարածքի սեփականաշնորհման խնդիրը հարյուր տոկոսով լուծվել է հայության օգտին եւ այդ առիթով ջերմորեն շնորհավորեցին հայ համայնքին: Այդ պահին մարզավանի երկինքը լցվեց, բազմահազար ներկաների ուռռաներով ու ծափերով… Բոլորով միասին, մեկ անգամ եւս, ուրախացանք «Արարատ»-ի հարցի «լուծման» համար, բայց, դժբախտաբար, սա եւս երկար չտեւեց… Մեզ հասած տեղեկությունների համաձայն Թեմական խորհուրդը, որ հարցի հիմնական հետեւողն է, որեւէ նորություն չունի այս առնչությամբ, ինչն, ինքնաբերաբար, մտահոգության տեղիք է տալիս եւ ի վերջո հարց առաջացնում, թե ի՞նչ են հետեւում Խորհրդարանի ներկայացուցիչները նման «նորություններ» մատուցելով հայ քաղաքացուն…

No comments: