2008թ. նոյեմբերի 21-ին կայանալու են ԹՀԹ 14-րդ Պատգամավորական ժողովի ընտրությունները:
Թեմական խորհուրդը կյանքի է կոչել Կենտրոնական ընտրական հանձնախումբ, վերջինս էլ իր հերթին, հայկական թաղամասերում, ենթահանձնախմբեր, որոնք միասնաբար պիտի տնօրինեն, հուսանք արդար եւ առանց կեղծիքների, ընտրությունները:
Շուտով ավարտվելու է 13-րդ Պատգամավորական ժողովի գործունեության ժամանակաշրջանը եւ ահա նոր ընտրությունների կայացման շեմին ենք կանգնած:
Բայց արդյոք արժե՞ մտածել հիշյալ ընտրությունների մասին:
Ի՞նչ տվեցին մեզ նախորդ երկու Ժողովները: Այս եւ նման հարցերին պատասխանելու համար պիտի հիշեցնել, որ 15-ամյա ընդմիջումից հետո, 2000թ. հոկտեմբերի 20-ին կայացավ 12-րդ ՊԺ ընտրությունները, արդյունքում փոխվեց ՊԺ-ի միատարրությունը եւ մոտ 20 տոկոսանոց ներկայություն ապահովեց ընդդիմությունը: Դա հնարավորություն ստեղծեց ճեղքել «երկաթյա վարագույրը» եւ որոշ չափով ծանոթանալ ազգային կառույցի վիճակին: Իսկ 13-րդ ՊԺ ընտրություններում պատկերը էլ ավելի հստակ դարձավ՝ ընդդիմությունը կարողացավ փաստել իր ժողովրդականությունը, մանավանդ Սասուն (Նարմաք) եւ Զեյթուն (Մաջիդիե) թաղամասերում: Նաեւ այս անգամ էլ ավելի աշխույժ, թե՛ առաջարկների եւ թե՛ պահանջների տեսակետից, հանդես եկավ ՊԺ նիստերի ընթացքում: Սակայն դա դեռ բավարար չէ, որովհետեւ 13-րդ Պատգամավորական ժողովում շատ հարցեր մնացին օդում եւ քննարկվածներից էլ ոչ բոլորը լուծում գտան: Նույն ժամանակ զգալի քանակով նիստեր քվորում չունենալու պատճառով չկայացան եւ այդ ամենի կողքին դեռ որոշ մարդիկ էլ իրենց իրավունք վերապահեցին մյուսների ազգային պատկանելությունը հարցականի տակ դնել ու կարգի չհրավիրվեցին կուսակիցների կողմից: Բայց եւ այդ բոլորով հանդերձ պիտի ընդունել, որ այն հետհեղափոխության շրջանի ամենաաշխուժ Պատգամավորական ժողովն էր: Այնտեղ, գոնե վերջին 30 տարվա կտրվածքով, առաջին անգամվա համար տարբեր մտքեր բախվեցին իրար եւ թույլ չտվեցին «հորանջումների», որի հետեւանքով աշխուժացավ նաեւ Համայնք-Պատգամավորական ժողով հարաբերությունները, ինչի կարիքը խիստ զգացվում էր երկար տարիներից ի վեր:
Վերջում մեկ անգամ եւս հիշեցնելով Պատգամավորական ժողովի գործունեության եւ որոշումների կարեւորությունը, բոլորին կոչ ենք անում խուռներամ շարքերով մասնացել ընտրություններին եւ գիտակից ընտրությամբ համայնքի ղեկը վստահել ազնիվ, բանիմաց ու հանձնառու մարդկանց:
ԹՀԹ Կանոնագրության համաձայն Պատգամավորական ժողովը թեմի բարձրագույն օրենսդիր մարմինն է, որ ընտրվում է չորս տարվա ժամանակաշրջանով:
Պատգամավորական ժողովն է ընտրում կամ հրաժարեցնում թեմակալ առաջնորդին: Նա է ընտրում Ազգային ժողովի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ընտրության առթիվ գումարվող հատուկ ընտրական ժողովի պատգամավորներին, ԹՀԹ Թեմական խորհրդին ու Հաշվեքննիչ մարմնին: Նա է քննում եւ հաստատում Թեմական խորհրդի տարեկան ելեւմտից նախահաշիվը, հաստատում նրա կողմից կյանքի կոչվող մարմինների կազմությունն ու նրանց անձնակազմը եւ այլն:
Ահա թե ինչու է կարեւորվում Պատգամավորական ժողովի ընտրություններին մասնակցելը:
Tuesday, October 14, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment