Monday, October 27, 2008

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ-Ն ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՄԻՆՉԵՎ ԴԱ ՉԻ ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Բոլորովին վերջերս ԱՄՆ-ը ձգտում էր ղարաբաղյան հակամարտության լուծման նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, մինչդեռ Ռուսաստանը եւս անտարբեր չէ այդ թեմայի նկատմամբ»: Այսպիսի հայտարարություն արեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուիտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Զախարովը հոկտեմբերի 22-ին «Նովոստի-Արմենիա» տեղեկատվական կենտրոնում կազմակերպված Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ: Նրա դիտարկմամբ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության քննարկումն էր եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման նախապատրաստումը: ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը նշեց, որ Հայաստանում այն կարծիքին են, թե ԼՂՀ-ի հակամարտությունն իր բնույթով տարբերվում է մյուս նպանատիպ կոնֆլիկտներից, եւ որ հարցը միգուցե կլուծվի Արեւմուտքի միջնորդությամբ` հայկական սփյուռքի ազդեցությամբ: Կ.Զատուլինը նաեւ շեշտեց, որ Ռուսաստանի համար լուրջ վնաս կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ ճանապարհով համաձայնության չգան: Այդ դեպքում, ըստ Կ.Զատուլինի, կկրկնվի այն, ինչ կատարվեց օգոստոսին Վրաստանում: Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին հիշեցրեց, որ Հայաստանի ապրանքաշրջանառության 3/4-ը իրականցվում է Վրաստանի տարածքով, եւ Երեւանը բացի Վրաստանից եւ Իրանից, այլ ելք չունի դեպի արտաքին աշխարհ: Դրան ի պատասխան Կ.Զատուլինը նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի «վերանա Հայաստանի կախվածությունը Վրաստանից»: «Այլապես ստացվում է, որ անգամ այն դեպքում, երբ Հայաստանի շահերից բխում է ճանաչել Հվ.Օսեթիան եւ Աբխազիան, Հայաստանը դա չի անում միայն վրացական կախվածության պատճառով»,- ասաց Կ.Զատուլինը: Նա նաեւ հայտարարեց, որ Ռուսաստանը չի կարող ճանաչել ԼՂՀ-ն այնքան ժամանակ, մինչեւ դա չի անի Հայաստանը: ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը հավելեց, որ ռազմական վտանգի առաջացման դեպքում Հայաստանը կճանաչի ԼՀՂ-ն:

No comments: