Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո դիվանը տարածել է հաղորդա•րություն, որում ասվում է.
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը՝ ավելի քան 400 000 վրաստանաբնակ հայության անունից, իր մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտում՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչների կողմից Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցու և նրա հարակից տարածքի դեմ կատարվող նոր ոտնձգությունների առնչությամբ:
«Սուրբ Նորաշեն» հայոց եկեղեցին կառուցվել է 15-րդ դարի կեսերին, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի և ի սկզբանէ գտնվել է Վիրահայոց թեմի կազմում: 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին, այլ կրոնական կառույցների հետ մեկտեղ, փակվել է հոգևոր գործունեության համար և օգտագործվել որպես գրապահոց: Ավաղ, Վրաստանի պետական անկախության վերականգնումից հետո Վրացական իշխանությունը չվերադարձրեց եկեղեցին իր օրինական, պատմական տիրոջը:
Սույն թվականի մայիս ամսին Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր սպասավոր Տարիել քահան Սիկինչելաշվիլին և նրան ենթարկվող բանվորների խումբը, «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցին և նրա հարակից տարածքը պարսպապատելու նպատակով, սկսեցին կառուցել մետաղյա պարիսպ՝ ներառելով Վրաց Ուղղափառ Եկեղեցուն բնորոշ կրոնական էլեմենտներ: Եվս մեկ հայկական եկեղեցու պլանավորված գրավման փորձի կապակցությամբ Վիրահայոց թեմն արտահայտել է իր մտահոգությունն ու վրդովմունքը և այն որակավորել, որպես վրացական կողմի հետ պայմանավորվածության խախտում, որը ձեռք է բերվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափար Եկեղեցու միջև՝ «Սուրբ Նորաշեն» և Թբիլիսիի մյուս չորս՝ «Սուրբ Նշան», «Շամխորեցոց Կարմիր Ավետարան Սուրբ Աստվածածին», «Երևանցոց Սուրբ Մինաս», «Մուղնեցոց Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցի քաղաքակիրթ լուծման շրջանակներում:
Վերը նշված փաստը դժգոհության ալիք բարձրացրեց Վիրահայոց թեմի հավատացյալների շրջանում և սույն թվականի մայիս ամսին դրությունը սպառնում էր վերաճել միջկրոնական ընդհարման երկու եղբայրական քրիստոնյա ժողովուրդների միջև: Վիրահայոց թեմը, ստեղծված իրավիճակի մասին, գրավոր տեղեկացրեց Վրաստանում համապատասխան պետական կառույցներին, ինչպես նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին: Սույն անօրինական և անպատժելի գործողությունը Վիրահայոց թեմի հավատացյալների կողմից դիտվեց, որպես Վրաստանում Կրոնի Ազատության և Կրոնական Հավասար Իրավունքների Սահմանադրական իր իրավունքների ոտնահարում:
Հակառակ, որ Թբիլիսիի քաղաքապետարանը Պատրիարքարանի հետ որոշում կայացրեց քանդել անօրինական պարիսպը, սակայն այդպես էլ չիրականացրեց իր որոշումը պատճառաբանելով, որ դրան խոչընդոտում է հայր Տարիելը: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Տարիել քահանան ավելի հզոր է, քան Վրաստանի պետական և հոգևոր բարձրագույն իշխանությունը:
Վերջին օրերին վրաց քահանա Տարիել Սիկինչելաշվիլին շարունակում է Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցու (չգործող) ապօրինի պարսպապատումը: Սույնի մասին Վիրահայոց թեմը Վրաստանի պետական մարմիններին, քաղաքային իշխանություններին ու Վրաց Պատրիարքարանին պաշտոնապես տեղեկացրել է Տարիել քահանայի կողմից հայկական կրոնական ժառանգության նոր զավթման մասին: Ովքեր, ավաղ, մի քանի օրերի ընթացքում չխոչընդոտեցին Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու դեմ նոր ոտնձգությունների իրականացմանը:
Հարկ է նշել, որ եկեղեցիների վերադարձի խնդիրը Վրաստանում նշված է ՄԱԿ-ի Մադու Իրավունքների Կոմիտեում և ԱՄՆ-ի Պետական Դեպարտամենտի տարեկան զեկույցում: Վրաստանի Կառավարությունը միջազգային հանրության առջև պարտավորվել է՝ ստեղծել ժողովրդավարական պետություն, սակայն քաղաքական կամք չի ցուցաբերում, իր երկրի ազգությամբ հայ քաղաքացիներին անհանգստացնող խնդիրների լուծման կապակցությամբ: Ցավով արձանագրում ենք, որ Վրաստանում փաստորեն առկա է կրոնական և ազգային խտրականություն: Մեր կարծիքով, Վրացական կողմին հետաքրքրում է ոչ այնքան «Սուրբ Նորաշեն» եկեղեցին յուրացնելը, որքան սույն մեթոդներով հոգեբարոյական ճնշման ենթարկելը թբիլիսաբնակ հայությանը: Վերջին շրջանի հակահայկական տրամադրություններն ու հոդվածները վրացական մամուլում դրա վառ ապացույցն են:
Այսպիսով, Վիրահայոց թեմը կոչ է անում Վրաստանի համապատասխան պետական կառույցներին՝ լուծել վերոնշյալ խնդիրը, վերջ տալ «տարիելյան ամենաթողությանը», ինչպես նաև տրամաբանական ժամկետներում որոշել Ավանդական Կրոնական Կազմակերպությունների իրավաբանական կարգավիճակի հարցը:
Վիրահայոց թեմը վրացական կողմին հիշեցնում է՝ պատմական հայկական եկեղեցիները քաղաքակիրթ կերպով վրացահայ համայնքին վերադարձնելու մասին ձեռք բերված համաձայնությունը և հետևողաբար պահանջում՝ հետևել դրա իրականացմանը, հակառակ դեպքում իրադարձությունների զարգացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, որի ողջ պատասխանատվությունը կընկնի Վրաստանի Կառավարության և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի վրա:
Thursday, October 30, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment