Thursday, October 30, 2008

«ՋՈՒՂԱՅԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԱՎԵՐՈՒՄԸ» ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՈՐՈՇՈՒՄ՝ ԻԿՕՄՕՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻՑ

Աշխարհի մշակույթների վերաբերյալ փորձաքննություն իրականացնող միակ կազմակերպության՝ ԻԿՕՄՕՍ-ի բարձրագույն մարմինը գլխավոր ասամբլեան է եւ գումարվում է 3 տարին մեկ: 2008-ի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Կանադայի Քվեբեկ քաղաքում 75 ազգային կոմիտեների շուրջ 1000 պատվիրակների մասնակցությամբ ընթացան գլխավոր ասամբլեայի հերթական համաժողովն ու զուգահեռ՝ միջազգային գիտաժողով «Որտեղ է թաքնված վայրերի ոգին. մտորումներ նյութականի եւ ոչ նյութականի վերաբերյալ» խորագրով: Այդ մասին տեղեկացրեցին երեկ Հայաստանի ճարտարապետության ազգային ինստիտուտ-թանգարանում հրավիրված կոնֆերանսի ժամանակ Հայաստանի ԻԿՕՄՕՍ-ի նախագահ, մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, գլխ. քարտուղար Հասմիկ Ազիզյանը եւ արտասահմանյան անդամ Մարկո Բրամբիլլան: Ադրբեջանն ու Վրաստանը չեն մասնակցել, չնայած որ որոշումներ ուղարկել էին, որոնք հենց սկզբից չեն ընդունվել: Գիտաժողովին ներկայացված 40 ենթաթեմաները վերաբերվել են համաշխարհային ժառանգության վայրերին, ավանդական ճարտարապետությանը, հուշարձանների հոգեւոր նշանակության պահպանությանն սպառնացող վտանգներին, թվարկվածի ավերմանը եւ այլն: Գլխավոր ասամբլեան ընդունել է «Վայրերի ոգու պահպանության մասին» Քվեբեկի հռչակագիրը, որը նոր փաստաթուղթ է եւ ուղղված է պետական ու տեղական իշխանություններին եւ սահմանում է նոր հայեցակարգ՝ ուղղված ժառանգության ամբողջական պահպանությանը: ԻԿՕՄՕՍ-ի 16-րդ գլխավոր ասամբլեայի նախագահ է ընտրվել Գուստավո Առաոզը Կուբայից: Որոշվել է, որ հաջորդ ասամբլեան կգումարվի 2011-ին Իսպահանում (Իրան): Ասենք, որ ասամբլեային անդամ երկրները 150 օր առաջ ներկայացնում են բանաձեւերը եւ դրանք նախապես անցնում են քննարկման փուլ, որից հետո նոր որոշվում է, թե այդ բանաձեւերից որն է ներկայացվելու Գլխավոր ասամբլեայի համաժողովին: Ադրբեջանն ու Վրաստանը չեն մասնակցել, չնայած որ որոշումներ ուղարկել էին, որոնք հենց սկզբից չեն ընդունվել: Իսկ Հայաստանն առաջարկել էր «Ջուղայի պատմական գերեզմանոցի ավերումը» բանաձեւը, եւ այն միանշանակ ընդունվել է Գլխավոր ասամբլեայում՝ * Որպես մշակութային եւ բնության ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի կողմ-պետության՝ ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը հրավիրել Ջուղայի պատմական գերեզմանոցի ավերման վրա եւ նրանց տեղեկացնել ժառանգության պահպանության միջազգային փորձագետների մտահոգությունը: * Դիմել ադրբեջանական իշխանություններին՝ դյուրացնելու ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄՕՍ-ի միջազգային փորձագետների պատվիրակության մուտքը հնավայր՝ այն ուսումնասիրելու եւ միջազգային հանրությանը արդյունքների մասին տեղեկացնելու նպատակով: Այդ վանդալիզմը դատապարտող կարեւոր որոշումը առաջին գրավոր փաստաթուղթն է, որը կյանքի է կոչել ԻԿՕՄՕՍ-ը միաձայն: Որոշմանը կողմ են եղել նաեւ Թուրքիայի 6 պատվիրակները: Հայաստանի պատվիրակությունը գլխավոր ասամբլեայի անդամ երկրներին բաժանել են հատուկ բուկլետներ, տեսաֆիլմեր ու լրացուցիչ նյութեր, որոնք ամբողջովին ներկայացնում են Ջուղայի պատմական խաչքարերը, դրանց ավերումն ու ոչնչացումը: Գագիկ Գյուրջյանը այդ որոշումը շատ կարեւոր փաստաթուղթ համարեց եւ հույս հայտնեց, որ միջազգային կազմակերպություններն ու պետությունները հաշվի կնստեն այդ ընդունված որոշման հետ ու այլեւս նման վանդալիզմի դեպքեր չեն կրկնվի: Նա նաեւ նշեց, որ մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները, բոլոր միջազգային կառույցները ու մշտապես բարձրացնենք Ջուղայի գերեզմանոցի ավերման հարցն ու համագործակցենք Թուրքիայի ԻԿՕՄՕՍ-ի հետ: ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ Խմբ. կողմից Հարցնող լինի, թե այդ ի՞նչն է այդչափ ոգեւորել ՀՀ փոխնախարարին: Ի վերջո Ջուղայի հայկական պատմական գերեզմանատան անկրկնելի արժեքների անվերադարձ կորստից հետո որեւէ փաստաթղթի ընդունում այդ առումով այլեւս անգամ աննշան փոփոխության հնարավորություն չի ընձեռի: Իսկ ինչ մնում է կրկնություն թույլ չտալու գործընթացում այդ փաստաթղթի կարեւորությանը, ապա դա էլ առնվազն կարճամտություն է, հատկապես եթե նկատի առնենք ԵԽԽՎ տարբեր մակարդակների ղեկավարների անվերջ խոստումները՝ Ջուղայի հայոց գերեզմանատանն իրավիճակի ուսումնասիրման համար կազմվելիք առաքելության տարածաշրջան այցի մասին (ինչը, թե ժամանակին լիներ՝ հուշարձանի լիակատար ոչնչացումը թերեւս մնար մասնակի), որն այդպես էլ իրականություն չդարձավ: Միշտ չէ, որ ուշ լինելը նաեւ նուշ է: Իսկ թե, այնուամենայնիվ, այլ կրկնություն բացառելը հաջողվի, ապա Ջուղայի պատմական հուշարձանի անկրկնելիությունն արդեն իսկ դարձավ անիրականացնելի անկրկնելիություն:

No comments: