Thursday, December 11, 2008

Դեկտեմբերի 12-14-ը Ծաղկաձորում կանցկացվի հայրենադարձության հիմնախնդրին նվիրված միջազգային գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-14-ը Ծաղկաձորում կանցկացվի «1946-1948թթ. հայրենադարձությունը եւ դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» թեմայով միջազգային գիտաժողով: Այն նպատակ ունի հայրենադարձության կարեւորագույն եւ արդիական թեման համահայկական քննարկման առարկա դարձնել, նաեւ համատեղ ջանքերով մշակել Հայրենիք-Սփյուռք համագործակցությանը խթանող ծրագրեր: Գիտաժողովին մոտ 30 զեկույցներով եւ վերլուծություններով հանդես կգան համապատասխան բնագավառի հայաստանյան եւ սփյուռքահայ մասնագետներ ու գիտնականներ: Նախատեսված են հին ու նոր հայրենադարձների ելույթներ, գիտական քննարկումներ: Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա «Արարատ. հայոց անմահության խորհուրդը» ֆիլմի ցուցադրությունը: Գիտաժողովը կազմակերպվել է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, 1946-1948թթ. հայրենադարձության պատմական իրողությունների գիտական քննարկման, սխալների վերհանման, ինչպես նաեւ հայկական սփյուռքում տեղի ունեցող նորօրյա գործընթացներին ծանոթանալու, հայրենադարձության իրատեսական ռազմավարություն մշակելու եւ կազմակերպման մեթոդները հստակեցնելու նպատակով: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Գիտությունների ազգային ակադեմիան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը եւ Երեւանի պետական համալսարանը:

No comments: