Հայաստանի բնակչության 1/3-ն ապրում է դրսից ստացվող գումարներով, դրանք հիմնականում ստացվում են Ռուսաստանում շինարարության ոլորտում աշխատող մեր հայրենակիցների կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տվյալ ներկայացրեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանն ու հավելեց, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանում շինարարության ոլորտում ապրող հայերի թիվը հասնում է 300-500 հազարի, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամեն մի նման մարդ պահում է առնվազն 2-3 հոգուց կազմված ընտանիք, ապա ստացվում է, որ միայն Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների պակասելն իրենց կաշվի վրա զգում են մոտ մեկ միլիոն ՀՀ քաղաքացիներ:
«Ռուսաստանում շինարարության ոլորտը խորը ճգնաժամի մեջ է եւ այն մարդիկ, ովքեր միջինը 300-500 դոլար գումար են ուղարկում իրենց հարազատներին, այլեւս այդքան չեն կարողանալու ուղարկելե,- նշեց տնտեսագետն ու հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը այդ անկման հետեւանքով 1 միլիոն մարդու սպասվող կորուստները մեղմելու համար:
Այնուհետեւ անդրադառնալով վարվող հարկային վարչարարությանը, նա կարծիք հայտնեց, որ ցավոք Հայաստանում իշխանությունը մտածում է միայն գումար հավաքելու մասին, որի արդյունքում մեծանում է հարկային ճնշումը եւ անգամ գերավճարներ են հավաքվում տնտեսվարողներից: Այս առնչությամբ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, թեեւ խոստովանեց, որ Հայաստանում կիրառվում է գերավճարներ հավաքագրելու պրակտիկան, սակայն հավելեց, որ Միջազգային արժութային հիմնադրամի նախաձեռնությամբ եկող տարվա բյուջեում 26 միլիարդ դրամ գերավճարների ետվերադարձման մեխանիզմ է ներդրվել: Նա չնշեց, թե արդյո՞ք գերավճարների վերադարձման կոնկրետ դեպքեր եղել են, թե ոչ, սակայն տեղեկացրեց, որ գերավճարների ընդհանուր գումարը 76 միլիարդ դրամ է:
«Բիզեսմենի համար ի՞նչ տարբերություն այդ գումարները օրենքով է վճարում, թե գերավճարների ձեւով»,- ասվածին հակադարձեց Ա. Թեւանյանը:
Saturday, December 13, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment