HayInfo. 26-12-2008- 2009 թ.-ը կհայտարարվի «Հայերն առանց ծխախոտի» տարի, հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
«Սփյուռքի նախարարությունը 2009 թ.-ը հայտարարել է «Հայերն առանց ծխախոտի» տարի, և այդ հայտարարությանն արձագանքել են սփյուռքի շատ կազմակերպություններ։ Այդ շարժումը մենք ուզում ենք տարածել ամբողջ սփյուռքում և, իհարկե, Հայաստանի ողջ տարածքում»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Հակոբյանի կարծիքով, ոչ առողջ ապրելակերպը Հայաստանում և ամբողջ աշխարհում հայերի ամենամեծ խնդիրներից մեկն է։
«Ես ծխելու դեմ պայքար եմ մղում 1983 թ.-ից ի վեր և միշտ ասում եմ, որ «պետք է ծխախոտից ազատվել ավելի շուտ, քան այն կազատվի քեզանից»,- ասաց Հակոբյանը։
Նրա կարծիքով, Հայաստանում ծխելու դեմ պայքարն անհրաժեշտ է սկսել «լայնածավալ բացատրական արշավից», որի շրջանակներում մասնագետներն ու բժիշկները պարտավոր կլինեն բացատրել մարդկանց, թե ինչ հետևանքներ են նրանց սպասում ոչ առողջ ապրաելակերպի և ծխելու դեպքում։
«Ծխախոտի ծուխը 4000 տարր է պարունակում, որոնք ազդում են մարդու օրգանիզմի վրա և կարող են ուռուցքային ու սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ դառնալ։ Անհրաժեշտ է սա բացատրել մարդկանց և այս գործունեության շրջանակներում ոտքի հանել սփյուռքի կազմակերպություններին»,- ասաց Սփյուռքի նախարարը։
Հակոբյանի խոսքերով, Արևմուտքն արդեն հրաժարվում է ծխախոտից, և ծխախոտով մարդն արևմուտքում արդեն «վատ տոնի նշան է»։ Սակայն շատ արևելյան երկրներում և, մասնավորապես, Հայաստանում առաջվա նման մեծ է ծխողների թիվը։
Ծխելու դեմ պայքարի գործում Հակոբյանը մեծ դեր է տալիս չծխող քաղաքացիներին, որոնք ստիպված են լինում «պասիվ ծխողներ» դառնալ, և նրանց առողջությանը վնաս է հասցվում։
Առողջապահության նախարարության տվյալներով, ներկայումս Հայաստանի չափահաս բնակչության 30 տոկոսը ծխում է, ընդ որում ծխողների շուրջ 60 տոկոսն իրենց ընտանիքների կերակրողն են։
Sunday, December 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment