Հինգշաբթի, 11 դեկտեմբերի 2008թ., Նոր Ջուղայում, հովանավորությամբ Սպահանի ՀԹ առաջնորդ Տ. Բաբգեն եպիս. Չարյանի եւ նախաձեռնությամբ Փերիո Կրթասիրաց Միության Կենտրոնական վարչության, տոնվեց նույն միության հիմնադրման 80-ամյակը:
Հիշյալ հանդեսում, որ կազմակերպվել էր ՀՄՄ «Արարատ» միության սրահում, ներկա էին Սպահանի ՀԹ առաջնորդ Տ. Բաբգեն եպիս. Չարյանը, հյուրաբար Ջուղայում գտնվող, Կիպրոսի ՀԹ առաջնորդ Տ. Վարուժան արք. Հերկելյանը, ազգային մարմինների, միությունների եւ դպրոցների ներկայացուցիչներ, ՓԿ միության Թեհրանի եւ Շահինշահրի մասնաճյուղերի վարչականները, միության հին անդամներ ու բարեկամներ՝ Տ. Վաղինակ քհն. Շահիջանյանը, Տ. Խաչատուր քհն. Զարգարյանը, պարոնայք Լեւոն Մինասյանը, Հայկ Հայրապետյանը, Ազատ Մաթյանը եւ միութեան անդամ-ուհիներ:
Ձեռնարկի բացումը կատարվեց ՓԿՄ Կենտրոնական վարչության նախագահ Վահան Թահմասյանի խոսքերով: Նա ասաց. «Սրանից 80 տարի առաջ, 1928թ. հունվարի 1-ին, Նոր Ջուղայում դպրոց հաճախող մի խումբ գավառցի երիտասարդների միջոցով հիմնվեց «Փերիո Կրթասիրաց Միություն»-ը, կարգախոս ունենալով «Դեպի գյուղ, դեպի խավար ու մոռացված վայրեր, դեպի այնտեղ, ուր կարիք կա լույսի ու գիտության: Այնտեղ, ուր նոր սերունդը պահանջը ունի հայեցի կրթության ու դաստիարակության եւ ազգային հոգով սնվելու» մտայնությունը»: Նա հավելեց. «ՓԿ Միությունը հավատարիմ այդ սկզբունքներին, իր բոլորանվեր ջանքերով, անգամ դժվարին պայմաններում ու նոսրացած շարքերով կարողացել է պահպանել իր գոյությունը եւ Փերիա գավառի անունը բարձր հնչեցրել ամենուրեք»:
«1941թ. միությունս մի խումբ բարերարների եւ գավառաբնակ ու քաղաքաբնակ փերեցիների օգնությամբ, Նամագերտ գյուղում, հիմնեց Փերիայի առաջին հիվանդանոցը, որը տասնամյակներ ծառայեց շրջանի ժողովրդին: Սակայն հայության թվի նվազումով, 1971 թվին, կազմալուծվեց հիվանդանոցի վարչությունը եւ միացավ ՓԿ Միության: Իսկ հիվանդանոցը իր ժամանակավոր հանձնախմբի ընդհանուր ժողովի որոշմամբ հանաձնվեց ազգային իշխանություններին, որն արդեն տարիներ է ինչ օգտագործվում է, որպես ամառանոց՝ դպրոցական աշակերտների համար»,- ասաց Վ. Թահմասյանը եւ հավելեց «2000թ. միությունս շնորհիվ բարերար նվիրատուների հաջողել է հիմնել Կրթության ֆոնդ, որի հասույթը տրամադրվում է Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց դպրոցներին եւ աշակերտության, օժանդակելու համար»:
Նա ասաց. «2005թ. շնորհիվ միության ժամանակի վարչության հետեւողական ջանքերի եւ ՍՀԹ Թեմական խորհուրդի համաձայնությամբ, ազգապատկան տներից տրամադրվեց միությանս, որը մինչեւ այսօր Հայ ուսումնասիրաց «Չհարմահալ» միության հետ միասնաբար օգտագործում ենք՝ որպես կենտրոնատեղի»:
ՓԿՄ նախագահը իր խոսքն ավարտեց հարգանքի տուրք մատուցելով նախնիներին. «Միությանս հիմնադրման 80-ամյակին խոնարհվում ենք մեզանից առհավետ բաժանված անդամ-ուհիների վառ հիշատակի առջեւ եւ վստահեցնում, որ շարունակելով իրենց գծած ճամբան, նվիրված ծառայելու ենք հայ ժողովրդին, միշտ մտահոգվելով նրա ներկայով ու գալիքով»:
Այնուհետ սլայդներ ցուցադրվեց միության վերջին հինգ տարիների աշխատանքներից: Եվ Ապա ձեռնարկը շարունակվեց գեղարվեստական բաժնով՝ երգով, պարով եւ ասմունքով: Ապա 80-ամյակի կարկանդակը սրահ բերվեց, Փերիայի ավանդական տարազով, սազ ու դհոլի ընկերակցությամբ, պար բռնած կանանց միջոցով, որը կտրվեց միության հնամյա անդամներից պրն. Լեւոն Մինասյանի ձեռամբ:
Օրվա առիթով իր հայրական խոսքն ասաց նաեւ ՍՀ թեմի առաջնորդ Տ. Բաբգեն եպիս. Չարյանը: Սրբազան Հայրը իր եւ ազգային իշխանությունների անունից շնորհավորելով ՓԿ միության 80-ամյակն ասաց. «Ահավասիկ, վայելեցինք երգեր, պարեր, խոսքեր, ավանդական նվագներ եւ առավել խանդավառվեցանք, զորացանք, անգամ եւս հպարտացանք»:
Սրբազանը նշեց, որ. «Անցյալը կարեւոր է, անցյալից պետք է դասեր քաղենք, պետք է սովորենք, պահենք, պահպանենք եւ հպարտանանք: Բայց միայն չէ որ հպարտանանք, պետք է նույն ոգով, նույն խանդով շարունակենք այդ բոլորը»:
«Ճիշտ է Փերիո գավառի մեջ այսօր մենք հայություն չունենք, բայց փերեցու շունչը չէ վերջացած, այլ շարունակում է շնչել, շարունակում է ապրել, շարունակում է ստեղծագործել եւ շարունակում է պահել ու պահպանել մեր արժեքները, ավանդույթները եւ սրբությունները», ասաց Առաջնորդը եւ հավելեց. «ՓԿՄ-ն օգնել է, որ այս բոլորը պահվեն անարատ ձեւով, որպես մշակութային եւ ազգագրական ավանդույթներ, գանձեր: Այսօր Ջուղայի մեջ, Հայաստանի ու նաեւ Սփյուռքի տարածքի մեջ փերեցին ապրում է եւ պիտի շարունակի ապրել, հետեւաբար պատիվ բոլոր հիմնադիրներին, պատիվ բոլոր բարերարներին եւ պատիվ բոլոր փերեցիներին»:
Ձեռնարկի ընթացքում ՓԿՄ Կենտրոնական վարչության անունից շնորհավորանքի խոսք ուղղվեց նորընծա քահանա Տ. Խաչատուր Զարգարյանին եւ նրան հանձնվեց մի գնահատագիր: Քահանա հայրը փոխադարձաբար իր շնորհակալական խոսքն ասաց Վարչությանը:
Ձեռնարկի ավարտին ներկաները հյուրասիրվեցին ընթրիքով: Իսկ վերրջում կրկին անգամ բեմ դուրս եկան գյուղական տարազով կանայք, որոնց միացան նաեւ ներկաները, մթնոլորտն ավելի ջերմացնելով եւ անմոռանալի հուշ արձանագրելով իրենց մտքերում:
Հ.Գ. Կարծում ենք շատերը գիտեն, որ ազգային իշխանություններին հանձնված հիվանդանոցի կալվածն ու միության տրամադրության տակ դրված տունը ընդհանրապես իրար հետ համեմատելի չեն: Իսկ ՓԿ միության, որն այսօր ավելի քան 150 անդամ-ուհիներ ունի, մի այլ միության հետ, մի փոքր տարածքում տեղավորելը ճիշտ չէ, նամանավանդ, որ ամեն տարի ազգային բյուջեից շռայլորեն ծախսվում է կուսակցական միությունների համար:
Թղթակից
Monday, December 29, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment