Իրանահայ գրական կյանքը 2008 թվականին մեծ աշխուժություն ապրեց: Տարվա ընթացքում բավական նոր գրքեր հրապարակ իջան, նոր ու հին գրողներից, Աստղիկ Բաբայան, Լեւոն Մինասյան, Ազատ Մաթյան, Խաչիկ Խաչեր, Կոլյա Տեր-Հովհաննեսյան, Անդրանիկ Խեչումյան, Վահե Արմեն, Անդրանիկ Համբարչյան ու էլի ուրիշներ:
Արծաթէ գօտու հետքերով
Աստղիկ Բաբայանը, 2008թ., «Ակրոստիքոսներ»-ից հետո իր ընթերցողին հրամցրեց՝ «Արծաթէ գօտու հետքերով»-ը, որի բովանդակությունը ինչպես Բաբայանի նախորդ գրքերը հուշագրություններ է: Այն բաղկացած է 19 պատմվածքից, որ ամեն մեկն իր հերթին հետաքրքիր է եւ ուշագրավ: Գիրքը հրատարակվել է տիկին Մագի Նազարյանի մեկենասությամբ: Այն խմբագրել է Լիբանանի «Սփիւռք» ամսաթերթի պատասխանատու Գեորգ Յազըճյանը:
«Նախաբանի փոխարէն»-ում թերթիս խմբագիր Մ. Քեշիշյանը գրում է. «Յուշագրութիւնը գրականութեան այն ժանրերից է, որ հեշտ թւացող, սակայն լուրջ եւ պատասխանատու գործ է, քանզի նրա մէջ միշտ էլ երեւացող կամ թագնւած իրականութիւն կայ, որի ճշմարիտ ներկայացնելու պատասխանատւութիւնը անընդհատ հետեւում է գրողին՝ նրան զգաստութեան հրաւիրում»:
Քեշիշյանը այս գիրքը համարում է կյանքի փորձառություն որ ձրիաբար տրամադրվում է ընթերցողին, դրա համար էլ իր երախտիքի խոսքն է ասում՝ «Շնորհակալութիւն ձեզ՝ սիրելիներ Աստղիկ Բաբայեան եւ Մագի Նազարեան, որ այս հաճոյքը պարգեւեցիք մեզ»:
Իսկ «Երկու խօսք» խորագրի ներքո խմբագիր Գեորգ Յազըճյանը գրում է. «Արծաթէ գօտու հետքերով» պատմւածքների հատորը մարդկային ամենավեհ զգացումների ու գաղափարների ներդաշնակ ծաղկեփունջ է»: Յազըճյանը խոստովանելով, որ մեծ բավականությամբ է կատարել խմբագրման գործը, գրում է. «Այս հատորը պատմւածքների սոսկական ժողովածու չէ միայն: Դա հատորի արտաքին ձեւն է պարզապէս: Իր խորքով, այս գիրքը մարդկային ու ազգային վեհագոյն գաղափարների քարոզչամատեան-դասագիրք է, գիրք, որի զգայուն ընթերցողը չի կարող անտարբեր մնալ, չի կարող չկատարելագործել ինքն իրեն եւ չի կարող չհաւատալ արդարութեան վերջնական յաղթանակին»:
«Ինեսսա»
Թեեւ «Ինեսսա»-ն Կոլյա Տեր-Հովհաննիսյանի առաջին ծավալուն ստեղծագործությունն է, բայց հենց առաջին թեթեւ նայվածքով իսկ աչքի է ընկնում նրա գրչի հզորությունը: Նրա գրիչը յուրահատուկ է՝ գուցե Ասիայում ապրող եվրոպացու գրիչ:
«Ինեսսա»-ն պարզ պատմություն չէ, այլ մարդկային ապրումներ: Այստեղ տարբեր երկրներում ապրած, տարբեր մշակույթներ տեսած, տարբեր սերունդների ու սեռերի պատկանող, մարդկանց միջեւ առաջացած դեպքերը հանրամատչելի ու հզոր կերպով հրամցվում է ընթերցողին եւ ինչպես գրքի խմբագիր Էդուարդ Հախվերդյանն է գրում. «Գեղարվեստական բարձր մակարդակով ու հոգեբանական ճշմարտացի վերլուծությամբ հեղինակը ներկայացնում է՝ արտերկրում ապրող տարեց հերոսի սերն ու տառապանքները Հայաստանաբնակ բժշկուհու նկատմամբ: Գրքում նրբորեն եւ մեծ վարպետությամբ նկարագրված է Սփյուռքի, Հայաստանի ու Եվրոպայի կենցաղն ու հոգեբանությունը»:
Նորանոր հաջողություններ մաղթելով սիրելի Կոլյային, անհամբեր սպասում ենք նրա հաջորդ գրքերին:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment