Sunday, December 7, 2008

Ադրբեջանը հրապարակել է կարգավորման գործընթացի իր տեսությունը

Առավոտ. 2008-12-06 - Ադրբեջանական պատվիրակությունը Հելսինկիում ԵԱՀԿ Նախարարական հանդիպմանը դեկտեմբերի 4-ին տարածել է «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջան եւ նրա շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կիրառելի սկզբունքները» անվանումով մի փաստաթուղթ. հայտնում է «Մեդիամաքս»-ի հատուկ թղթակիցը Ֆինլանդիայի մայրաքաղաքից: Փաստաթղթում, մասնավորապես, հաստատվում է Ադրբեջանի հավատարմությունը հակամարտության կարգավորմանը քաղաքական միջոցներով եւ կառուցողական ոգով: «Սակայն Ադրբեջանը երբեք փոխզիջման առարկա չի դարձնի իր տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչի «կատարված փաստի» վրա հիմնված որոշումը, որը փորձում է պարտադրել հայկական կողմը»,- ասվում է փաստաթղթում: Փաստաթղթում ասվում է, որ «հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգման, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, Ադրբեջանի կազմում ժողովրդավարության եւ բարգավաճման բարիքներից լիարժեքորեն եւ հավասարաչափ օգտվող հայկական եւ ադրբեջանական համայնքների խաղաղ համակեցության հիման վրա»: «Կարգավորման գործընթացի վերջնական նպատակն է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մոդելի եւ իրավական շրջանակների մշակումն ու որոշումը: Ցանկացած կարգավիճակի որոշման գործընթաց պետք է անցնի խաղաղ պայմաններում՝ տարածաշրջանի ողջ բնակչության, այսինքն՝ հայկական եւ ադրբեջանական համայնքների ուղղակի, լիարժեք ու հավասարաչափ մասնակցությամբ եւ Ադրբեջանի կառավարության հետ նրանց կառուցողական փոխգործակցությամբ՝ բացառապես իրավական եւ ժողովրդավարական գործընթացի շրջանակներում»,- ասվում է փաստաթղթում: «Սկզբունքներում» նշվում է նաեւ, որ «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի շրջանի ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների փուլին անցնելու համար պետք է մի շարք կարեւոր քայլեր ձեռնարկվեն»: Դրանց թվում ադրբեջանական պատվիրակությունը նշում է. «Ռազմական օկուպացիայի գործոնը պետք է դուրս հանվի հակամարտության կարգավորման համատեքստից: Հայաստանը պետք է իր զորքերն ամբողջությամբ դուրս բերի Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքներից: Տարածքների վերադարձի ձգձգումը կարող է բարդացնել առանց այդ էլ դժվարին գործընթացը»; «Ներքին տեղափոխված անձինք պետք է անվտանգ եւ արժանապատվորեն վերադառնան իրենց նախկին բնակավայրերը Լեռնային Ղարաբաղի շրջանում եւ հարակից տարածքներում»; «Պետք է հատուկ ծրագրեր նախաձեռնվեն Լեռնային Ղարաբաղի շրջանի երկու համայնքների միջեւ հաշտեցման ուղղությամբ՝ համագործակցության խթանման նպատակով»; «Տարածաշրջանում բոլոր հաղորդակցման ուղիները պետք է բաց լինեն փոխադարձ օգտագործման համար»; «Ադրբեջանի տարածքներն ազատելուց հետո պետք է սկսվեն տարածաշրջանի վերականգնումն ու տնտեսական զարգացումը»: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այս փաստաթուղթն անվանել է «սադրիչ եւ խեղաթյուրող բանակցային գործընթացի ողջ իմաստը»: Երեկ ԵԱՀԿ Նախարարական հանդիպմանը ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «նույնիսկ չի ցանկանում մեկնաբանել այդ փաստաթուղթը»:

No comments: