Saturday, December 6, 2008

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ԱԼԵՔՍԻ Բ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ` ՈՒՂՂՎԱԾ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ Ե

Խոր վշտով տեղեկացանք Մեր սիրեցյալ եղբոր, Ալեքսի Բ Պատրիարքի անժամանակ և անսպասելի մահվան մասին: Աստված կանչեց նրան Իր մոտ, բնակեցնելու Իր հոտի քաջ և բարի հովիվների կողքին: Մեր սրտերը, սակայն, վշտացած են նրա հետ բաժանումից: Հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր ժողովրդի, Գերագույն Հոգևոր Խորհրդի և Եկեղեցական դասի` Մեր վշտակցությունն ու սրտակցությունն ենք բերում Ռուս Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Սրբազան Սինոդին, ողջ հոգևոր դասին, Ռուսաստանի Դաշնության պետական այրերին և բարեպաշտ ժողովրդին:Ռուս Եկեղեցին և Քրիստոնյա աշխարհը կորցրեցին մեծագործ Հովվապետի, ով երկար տարիներ խոնարհ հոգով նվիրյալ ծառայություն է մատուցել Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելությանը: Հոգելույս Ալեքսի Բ Պատրիարքը հոգու անհուն կորովով և իմաստությամբ հովվեց Ռուս Եկեղեցին խորհրդային դժվարին տարիներին: Նա ամեն ջանք գործադրեց Եկեղեցու զորացման և զարթոնքի համար, երբ խորհրդային կարգերի փլուզումով հնարավորությունը ստեղծվեց ազատորեն գործելու և քարոզելու: Նրա հովվապետությամբ կրկին իր փայլով դրսևորվեց ռուս ժողովրդի հավատավոր հոգու ուժը` արտահայտվելով նորակառույց եկեղեցիներով, քրիստոնեական ճանաչողության զորացումով և Ռուս Եկեղեցու դարավոր ավանդների վերածաղկումով: Ալեքսի Բ Պատրիարքը իր կարևոր և գնահատելի ներդրումն ունի նոր Ռուսաստանի կերտման, նրա պետականության ամրապնդման և խաղաղ ու ազատ կյանքի կառուցման գործում: Լուսահոգի Պատրիարքը ապրեց ուրախությունն ու մխիթարությունը Ռուս Եկեղեցու վերամիավորման, որն իր բարի արգասիքները պիտի պարգևի Ռուս Եկեղեցու առավել զորացմանը: Ալեքսի Բ Պատրիարքի ջանքերով Ռուս Եկեղեցին նաև իր մեծ ավանդն է բերել միջեկեղեցական և միջկրոնական կյանքում, աշխարհում խաղաղության ու ապահովության հաստատմանը: Մենք միշտ երախտագիտությամբ պիտի անդրադառնանք նրա գործադրած միջնորդական ջանքերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամաևտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հոգու մխիթարությամբ ենք անդրադառնում, որ միշտ ջերմ են եղել մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները, որոնք իրենց արտահայտությունն են գտել նաև մեր պաշտոնական փոխայցելություններում և մտերմիկ հանդիպումներում: Մենք միշտ քաղցրությամբ պիտի կրենք մեր հոգում այդ հանդիպումների հուշը, նրա անհուն սերը, հայրական խնամքն ու հոգատարությունը Ռուսաստանի Դաշնության օրհնյալ հողում ապրող մեր ժողովրդի զավակների հանդեպ:Աղոթում ենք առ Աստված, որ Իր երկնային երանական բարձունքներում լույսերի մեջ ընդունի արդար հոգին երանաշնորհ Ալեքսի Պատրիարքի և Սուրբ Հոգու մխիթարության շնորհները պարգևի Ռուս Ուղղափառ Սուրբ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին և հավատավոր հոտին: ՙՅիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի ... Եւ հանգուսցէ զնա Տէր ի լոյս երեսաց աստուածութեան Իւրոյ. Ամէն՚:Դեկտեմբերի 5, 2008թ.Մայր Աթոռ Ս. Էջմիածին

No comments: